11,5 միլիոն գաղտնակյաց


 

Ազգային անվտանգության նախարարության վերջին գնահատմամբ` անցյալ տարի ԱՄՆ-ում ծպտյալ ներգաղթածների թիվը կազմել է 11,5 միլիոն մարդ: Մասնագետների կարծիքով` տնտեսական դժվարությունները կարծես կասեցրել են այդպիսիների կայուն աճի միտումը:

Ժողովրդագիրները փաստել են, որ դրան նպաստել է Ամերիկայում գործազրկության ավելացումը և Մեքսիկայի տնտեսության բարելավումը: Եվ իհարկե` սահմանների պահպանության ուժեղացումը:

Երկրում առկա ապօրինի եկվորների միայն 14 %-ն է այստեղ հայտնվել 2005 թվականից հետո: Ասել է թե` գաղտնակյացների ճնշող մեծամասնությունն ԱՄՆ-ում ապրում են տարիներ ի վեր և արմատներ են գցել: Իսկ ներգաղթածների իրավունքների պաշտպանները գտնում են, որ նրանց քաղաքացիություն ստանալու հնարավորություն պետք է տրվի:

Այսպես կոչված ծպտյալների մեծ մասն այսօր էլ մեքսիկացիներ են` 6,8 միլիոն մարդ կամ 59 %-ը: