«Բարի ու ամաչկոտ» ահաբեկիչը


 

Նախընտրական կրքերով թեժացող Ֆրանսիայում նոր սկանդալ է հասունանում` «թուլուզյան ահաբեկչի» առնչությամբ: Խնդիրն այն է, որ ոստիկանությունն իրավասու չէր միջամտել:

23-ամյա Մոհամեդ Մերան, պարզվում է, այնքան էլ անհայտ չի եղել հատուկ ծառայություններին: Նրա անունը գրանցված է այն «սև ցուցակում», որոնց մուտքն Ամերիկա արգելված է: Իսկ Ֆրանսիայում նրա նկատմամբ հատուկ հսկողություն է իրականացվում 2010 թվականից, երբ Մերան վերադարձել էր Աֆղանստանից: Մինչ այդ էլ նա հայտնի էր որպես չարամիտ խուլիգան, ով 15 անգամ պատասխանատվության է ենթարկվել գողությունների և առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար: Բայց երիտասարդի մասին ծանոթները ջերմորեն են արտահայտվել` ասելով, թե նրան ճանաչում էին որպես բարի, կիրթ պատանի, ով հրապուրված էր ֆուտբոլով, մոտոցիկլետով և փոքրիկների համար կոնֆետներ էր գնում:

Ոչ մեկը երբևէ չէր մտել նրա բնակարան, որտեղ գրոհից հետո պատկառելի քանակի զինամթերք ու ինքնաձիգ ատրճանակ են հայտնաբերել: Ահաբեկչի վարձակալած ավտոմեքենայում ձեռքի գնդացիր, ռևոլվեր և մխոցավոր զենք են գտել:

Ֆրանսիայի արտգործնախարարն ստիպված է եղել արդարանալ` նշելով, որ ծայրահեղ դժվար է լիովին կանխել «միայնակ գայլերի» գործողությունները:

Բայց սա դեռ բոլորը չէ: Պարզվում է, որ Մերան բոլորովին էլ «միայնակ գայլ» չէր: Անցյալ շաբաթավերջին ««Ալ-Քադիա»-ն իսլամական Մահրիբի երկրներում» կազմակերպութ յան հետ կապված «Խալիֆաթի զինվորներ» խմբավորումը ստանձնել է Թուլուզում կատարված սպանությունների պատասխանատվությունը: Ծայրահեղականների կայքում տեղադրված հաղորդագրության մեջ Մերան անվանվում է «ֆրանսիացի Յուսուֆ»: Հավանաբար նույն կայքում շուտով կտեղադրվի նաև ահաբեկչի գնդակոծումները. նա տեսախցիկով նկարել է իր բոլոր գործողությունները:

- Բանակցությունների ժամանակ նա ասաց, որ տեսախցիկ է տեղադրել: Բայց մենք չգիտենք, թե երբ և որտեղ,- FrΖnce 24 հեռուստաալիքով հայտարարել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը:- Խցիկն ամրացրել էր իր վրա և նկարում էր սպանությունները: Մենք կարողացանք տեսնել այդ տեսագրությունները: Մենք տեսանք, թե մարտի 11-ին նա երկու գնդակով ինչպես է սպանում մոտոցիկլ վաճառողին` ասելով. «Դու սպանում ես իմ եղբայրներին, ես էլ կսպանեմ քեզ»:

Դատախազության տվյալներով` Մերայի հաջորդ զոհերը պետք է դառնային ևս 1 զինծառայող և 2 ոստիկան:

Հիշեցնենք, որ իր չարագործություններն ահաբեկիչը բացատրել է վրեժով: Ասել է, թե վրեժ է լուծում փարաջաներն արգելելու, Աֆղանստանի պատերազմի և «Պաղեստինում մեր փոքրիկ եղբայրիկների ու քույրիկների զոհվելու» համար: