ՆԻԿՈԼՆ ԸՆԴԴԵՄ «ԼՖԻԿԻ»


 

Այո`, թիվ 7 ընտրատարածքում ինտրիգներն ակնհայտ էին ի սկզբանե: Այստեղ նախ առաջադրվել էին Նիկոլ Փաշինյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես հայտարարել էր, ինքնաբացարկ հայտնեց` ընդդիմադիր ուժերի միջև սեպ չխրելու նկատառումով: Բայց դրանով ինտրիգային իրավիճակը չի հարթվի, քանի որ այստեղ է առաջադրվել նաև Սամվել Ալեքսանյանը, ամենապասիվ պատգամավորներից մեկը, ով այսքան տարիների ընթացքում որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել ու սահմանել է բացակայությունների յուրօրինակ ռեկորդ: Նիկոլ Փաշինյանի համար գործունեության և քարոզչության հրաշալի պայմաններ են ստեղծվում, որովհետև նա, ինչպես արդեն կռահվում է, իր քարոզարշավը կազմակերպելու է «հակալֆիկյան» ելույթներով` նրա միջոցով քննադատելով իշխանություններին: Հասկանալի է, որ Նիկոլի խմբագրած թերթն էլ տիվ ու գիշեր հոդվածներ է տպագրելու Ալեքսանյան Սամվելի գործունեության մասին, հիշատակելու է հին ու նոր «իրադարձությունները», մեջտեղ է բերելու նաև Մաշտոցի պողոտայի շուկայի պատմությունը:

Պետք է ենթադրել, որ այնքան էլ երջանիկ օրեր չեն սպասվում Սամվել Ալեքսանյանին: Հանգիստ չեն լինելու նաև ընտրողները, ովքեր խուսափելու են ընտրարշավին մասնակցել, դուրս գալ փողոց, քանի որ չի բացառվում նաև ծեծուջարդը: Չեն բացառվում նաև սադրանքները: Մի խոսքով, այսօր արդեն այս ընտրատարածքը ներկայանում է մռայլ ապագայով: Ոմանք պնդում են, թե իշխանությունները շատ գոհ են Նիկոլ Փաշինյանի` այս ընտրատարածքում առաջադրմամբ, քանի որ Նիկոլի միջոցով կկարողանան լավ դաս տալ «ամենայն հայոց գործարար» Ալեքսանյանին, ով չափազանց «հաբրգել» է: Սակայն մարդկանց մի մեծ խումբ էլ պնդում է, թե Նիկոլն այստեղ ջախջախիչ պարտություն է կրելու, քանի որ Ալեքսանյանին անպայմանորեն կաջակցեն նրա խանութների «էլիտար» գնորդները: Նիկոլն, իհարկե, չի ջախջախվի, որովհետև նա առաջադրված է նաև համամասնական ցուցակով, բայց որ նա իր հռետորության համար հարուստ նյութ կունենա` կասկած չկա: Մնում է հուսալ, որ Ալեքսանյան Սամվելը կհասկանա իրավիճակի լրջությունն ու ամեն ինչ կանի, որպեսզի այս ընտրատարածքում ընտրությունները խաղաղ անցնեն: