Խաղամոլը դանակահարել է բուքմեյքերին


 

Ըստ միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների սոցիոլոգիական հարցումների` վտանգավոր համարվող և ռիսկի խմբին դասվող մի շարք մասնագիտութ յուններ կան, որոնց շարքում, երկարատև որոնումներից հետո, այդպես էլ չհանդիպեցինք բուքմեյքերի մասնագիտության հիշատակմանը: Մինչդեռ հարցումների հեղինակները եթե ծանոթանային վերջերս Երևանում տեղի ունեցած միջադեպին, գուցե և վերանայեին վերը հիշատակված մասնագիտությունների ցանկը, քանի որ բուքմեյքերի գործում և` վտանգ կա, և` ռիսկ: Համոզվեք ինքներդ:

Մարտի 16-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի թափանցող վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ռուբինյանց փողոցում գտնվող «Տոտո» միջազգային բուքմեյքերական ընկերության բուքմեյքեր, 24-ամյա Սամվել Փ.-ն:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 01.20-ի սահմաններում, Սամվել Փ.-ն գրասենյակում մնացած միակ հաճախորդին տեղեկացնելով, որ աշխատանքային օրն ավարտված է` խնդրել է հեռանալ: Հաճախորդը, ինչպես պարզվել էր, մոլի խաղամոլ էր, այն էլ` անդրդվելի: Նա ոչ միայն չէր հեռացել, այլև կոպտել և վիրավորել էր աշխատակցին, պահանջելով մնալ այնքան, որքան ինքը կցանկանա...

Վիճաբանություն էր առաջացել, միմյանց քաշքշել էին, և խաղամոլը հանելով մոտը եղած դանակը, ոչ ավելի, ոչ պակաս` սառնասրտորեն հարվածել էր բուքմեյքերի կրծքավանդակին:

Սամվել Փ.-ն տեղափոխվել էր հիվանդանոց, և բժիշկների արագ գործողությունների շնորհիվ նրա կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում: Իսկ ոստիկանության ծառայողներն ամբողջ գիշեր որոնել էին հանդուգն խաղամոլին: Որոնողական աշխատանքներն արդյունք էին տվել նույն օրը, կեսօրին մոտ: Ժամը 12.30-ի սահմաններում ոստիկանները Երևանի Գոգոլի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 39-ամյա Գագիկ Պողոսյանին, որը խոստովանել է հանցանքը: