ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


 

ՕԵԿ համամասնական ցուցակը ԿԸՀ ներկայացնելուց առաջ զգալի փոփոխությունների է ենթարկվել` կուսակցությունը պառակտումից փրկելու նպատակով: Դժվար չէ նկատել, որ նախնական տարբերակի վերին հորիզոնականներից իջել, և 6-րդ տեղում է հանգրվանել ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, իսկ Խաչիկ Հարությունյանը 9-րդ հորիզոնականից հասել է 5-րդ: Այսուհանդերձ, այս քաղուժի մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանին 36-րդից փոքր-ինչ հուսալի հորիզոնական չի հաջողվել տեղափոխել: Ուստի, ինչպես լրատվամիջոցներն են հաղորդել, նրան ոչինչ չի մնացել, քան նեղացածությունն արտահայտել ՕԵԿ շարքերը և մամլո խոսնակի պաշտոնը լքելով:

Նախընտրական դժվարությունները, սակայն, այսքանով չեն ավարտվում: Այս քաղուժին չի հաջողվել ՕԵԿ-ի 15-ամյակի միջոցառումներին նվիրված հանդիսությանն այնքան մարդ հավաքել, որ Մարզահամերգայինի դահլիճը լցվի: Ըստ տեղեկությունների` Ա. Բաղդասարյանն ստիպված է եղել ապավինել մի քանի ԲՈՒՀ-երի ուսանողներին` նրանց մի քանի ժամով համալիր տեղափոխելով:

Ի դեպ, հենց այդ միջոցառման ժամանակ հայտարարվել է, որ այս քաղուժը 160 հազար անդամ ունի: Հետաքրքիր է, որ եթե ասվածը գոնե տասը տոկոսով մոտ լիներ ճշմարտությանը, ապա «Օրինաց երկիրը» ոչ միայն համալիրի դահլիճը հեշտությամբ կլցներ, ոչ միայն հինգ տոկոսանոց ընտրական արգելքը հաղթահարելու գերխնդրի առաջ չէր լինի, այլ միայն կուսակցականների աջակցության հաշվին մայիսի 6-ի քվեների 15 տոկոսն արդեն գրպանում կունենար: