Ի՞ՆՉ ԿՏԱ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ


 

Մայիսի 6-ից հետո իր գործունեությունը սկսող նոր խորհրդարանը, փաստորեն, արդեն իսկ կանգնելու է լուրջ խնդիրների առջև` մտածելով Եվրամիության հնարավոր սուբյեկտիվիզմին դիմագրավելու, ինչպես նաև ԵԽԽՎ-ում շատ ավելի մարտունակ պատգամավորական ներկայություն հաստատելու համար:

Եվրախորհրդարանում նոր նախաձեռնություն է իրականացվում: Այժմ այս կառույցը կամենում է Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացներին մասնակից դարձնել Եվրամիությանը` նրան վերապահելով Ֆրանսիայի դերը: Ֆրանսիային Եվրամիությամբ փոխարինելու հարցը վաղուց էր դարձել քննարկման նյութ, վաղուց էին կուլիսային խոսակցություններ ծավալվում այս մասին, սակայն մինչև վերջերս ամեն ինչ թվում էր մշուշոտ, տեղավորվում սովորական ցանկությունների սահմաններում: Բայց ահա քննարկումները ստացան պաշտոնական բնույթ, իսկ սա նշանակում է, որ արդեն վճռական տրամադրվածություն կա` հասնել ցանկության իրականացմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան իրապես շատ մեծ դերակատարություն է ունեցել, այս երկրի հակվածությունը հայության խնդիրների իրավացի և օրինական լուծմանը շատերին է հայտնի:

Ավելին, Ֆրանսիան միշտ հանդես է եկել իր կառուցողական դիրքորոշումներով` հակակշիռ ստեղծելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի երբեմն անթաքույց դարձող կանխակալ մոտեցումներին, որոնցից ամեն մեկը պայմանավորված է տարածաշրջանային հարցերի նկատմամբ նրանց ունեցած կողմնորոշումներով:

Մեղադրել նրանցից որևէ մեկին` միամտություն կլինի, որովհետև թե` Ռուսաստանը, թե` Միացյալ Նահանգները կամենում են հարավկովկասյան տարածաշրջանում մեծացնել իրենց ներկայությունը: Այսօր նման հավակնություններով հանդես է գալիս Եվրամիությունը` «պատրվակ» ունենալով Ղարաբաղյան հիմնահարցը: Ոմանք, այդ թվում նաև մի շարք հայ պատգամավորներ, Եվրախորհրդարանի որոշումը պայմանավորում են ադրբեջանական լոբբինգով, «նավթային դոլարներով»: Սակայն պետք է նկատել, որ այստեղ անպայմանորեն կարևորվում է հայկական պատվիրակության պասիվությունը, որն այդպես էլ չկարողացավ այս տարիների ընթացքում ամեն ինչ անել, որպեսզի հարցն օրակարգ չմտներ: Այսօր արդեն անցանկալի ապագան դարձել է ներկա: Ուրեմն, հետագայում Ֆրանսիայի փոխարեն Մինսկի խմբում բանակցությունները վարող ուժերի մեջ է լինելու Եվրամիությունը, ինչը նշանակում է, որ ստեղծվելու են վտանգավոր նախադեպեր մեզ համար: Եվրամիությունը շատ ավելի հակվելու է դեպի Ադրբեջանը` այսպես գուցե ի չիք դարձնելով նախկինում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ:

Ի սկզբանե հայտնի է, որ Եվրամիությունն ընդունելի է համարում կարգավորման միայն մեկ սկզբունքը` տարածքային ամբողջականությունը` մոռացության մատնելով ազգերի ինքնորոշումը: Ադրբեջանցիները տարիներ շարունակ, ղարաբաղյան խնդիրը փորձելով տանել ՄԱԿ և Եվրամիություն, հենց այս սկզբունքն են տարփողել` հավաքելով որոշակի համակիրների, որոնց մեջ Եվրամիությունը վերջնապահերից չէ: Հենց Եվրամիությունից են մի քանի անգամ հնչել հայտարարություններ, թե տարածքների ամբողջականության սկզբունքը բխում է Ադրբեջանի ինքնիշխանության հանդեպ միջազգային հարգանքից: Ահա սա` է հիմա մեզ համար դառնում մտահոգության առարկա, հենց սա` պիտի դառնա մեր դիվանագիտական կառույցների քննարկման հիմնական նյութը:

Եվ ոչ միայն քննարկման: