ԱՐՇԱՎԱՆՔ` ԱՆԲԱՐՈ ԵՎ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ


 

Հուշարձանների խնդիրներով զբաղվող Սամվել Կարապետյանը, ով, անտարակույս, որոշակի և շնորհակալ աշխատանք է կատարում, օրերս համացանցում տարածել է զրույցների մի շարք, ուր ամենաանընդունելի ձևերով ու եղանակներով ամբաստանում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին: Նա հորինել է զավեշտալի, ըստ էության, Գարեգին Բ-ին անազնվության ու դրամաշորթության, պատմական կեղծարարության մեջ մեղադրող փաստեր, որոնք այս դեպքում ստվեր են նետում ոչ միայն կաթողիկոսի անձի, այլ` ողջ հայ Եկեղեցու, հայ ճարտարապետության և պատմական հուշարձանների պահպանման և քարոզչության գործընթացների վրա: Նախ նշենք, որ Արամ Առաջին կաթողիկոսին նա ներկայացնում է որպես անազնիվ, ուրիշների արժանապատվությունը ոչնչացնող, մեծամիտ ու գոռոզ մեկի, ով, իբր Անթիլիասի մայրավանքի պարիսպը դարձրել է վեց մետր` այսպես այն զատելով շրջապատից և կտրելով հանրությունից: Նաև խոսում է այն մասին, թե Վեհափառ Հայրապետն իր աշխատասենյակում մի մեծադիր յուղաներկ աշխատանք է կախել, որտեղ պատկերված է նրա ոտքերի մոտ չոքած Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը...

Նշենք, որ Մայրավանքի պարիսպ չի կառուցվել, այլ ընդամենը վերանորոգվել է: Ես քանիցս եղել եմ Վեհարանում, երբեք հուշարձանագետի «պատկերած» նկարը չեմ տեսել... Անկարելի է չնկատել, որ բարձր կարգի այս մտավորականի, մեծագույն հայ գործչի ջանքերով է նաև գոյատևում ու հայ մնում Սփյուռքը:

Ինչու՞ է հուշարձանագետը ամբաստանում և զրպարտում մի խոշորագույն հոգևոր գործչի, ով հյուրընկալել է իրեն, աջակցել գրքի տպագրությանը: Գուցե հետո էլի՞ է դիմել Կարապետյանը Վեհափառին, կամեցել օգտվել նրա շռայլ հյուրընկալությունից և աջակցությունից, սակայն մերժվե՞լ է... Չգիտեմ այս ամենի մասին, սակայն ծանոթ լինելով Վեհափառին ու նրա գործունեությանը, շրջապատի կողմից նրա նկարագրին տրվող գնահատականներին, կարող եմ վստահաբար ասել, որ Սամվել Կարապետյանը պարզապես ստում է: Իսկ ահա Գարեգին Բ Վեհափառի կողմից պատմական կեղծարարության փաստն էլ հերքում են Սամվել Կարապետյանի գործընկերներն ու մտերիմները: Նրա գործընկեր Արտակ Ղուլյանն ասաց.

Սամվել Կարապետյանն իմ վաղեմի մտերիմ գործընկերն է, բայց այն, ինչ նա ասում է կապված Սբ Սարգսի մասունքների հայտնաբերման հետ, ստիպում է ինձ չլռել որպես այդ ամենի մասնակից և ականատես: Այսպես... Սամվելը ինքնավստահ տոնով, որպես անվերապահ իրողություն, պատմում է, թե իբր Ուշիի Ս. Սարգիս եկեղեցու վերականգնման ժամանակ «տակնուվրա արված ու քանդված խորանի և բեմի» մասում Արմեն Հախնազարյանը պատահաբար գտել է Սուրբ Սարգսի մասունքները, միաժամանակ նշելով, որ եկեղեցին միանավ բազիլիկ է և ավանդատուն չունի... 

Սկսեմ վերջից և ասեմ միանգամից. եկեղեցին մեկ բարձրադիր ավանդատուն ունի խորանի հյուսիսային կողմում և հենց այդտեղ էլ գտնվել են մասունքները, սակայն ոչ թե 2006թ. և Արմեն Հախնազարյանի կողմից, այլ 1998-99թթ.` հնագետներ Ֆրինա Բաբայանի և Արամ Քալանթարյանի կողմից: Ուշիի Ս.Սարգիս վանքի պեղումները կատարվել են 1998-2001թթ.: Հնագիտական արշավախմբի ղեկավարը հնագետ Ֆրինա Բաբայանն էր, մասնակիցը` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, այժմ հանգուցյալ Արամ Քալանթարյանը, ճարտարապետը` Գրիգոր Ղաֆադարյանը (առաջին երկու տարում), ապա` ձեր խոնարհ ծառան: Պեղումների հովանավորը ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, նույնպես այժմ հանգուցյալ Շահե արքեպիսկոպոս Աճեմյանն էր: Կրկնեմ. Սբ Սարգսի մասունք-ոսկորները հայտնաբերվել են 1998-99թթ., կիսագետնափոր ավանդատան փոքր տարածքում` մինչև 2000թ. արշավախմբին իմ միանալը: Այդ մասին ինձ հետագայում, համատեղ ամենօրյա աշխատանքի ժամանակ, բազմիցս պատմել է Ֆրինա Բաբայանը և այս մասին կարող են վկայել Ուշի գյուղի բազմաթիվ բնակիչներ, ովքեր մասնակցել են պեղումներին: ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԽՈՐԱՆԸ ԱՄԵՆԱՅՆ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԽՆԱՄՔՈՎ ՊԵՂՎԵԼ ՈՒ ՄԱՔՐՎԵԼ Է, ուստի առնվազն անհիմն է խոսել «տակնուվրա արված ու քանդված խորանի և բեմի» մասին, առավել ևս անհնար էր այնտեղ պատահաբար ինչ-որ բան գտնել: Ինչպես տեսաք, հանգուցյալ Արմեն Հախնազարյանը ոչ մի առնչություն չի ունեցել ոչ պեղումների, ոչ էլ մասունքների հետ` արշավախմբի աշխատանքի ողջ ընթացքում: Ավելին, նա պեղումների ընթացքում երբևէ Ուշիի հնավայրում չի եղել (ամեն օր եղել եմ այնտեղ` վաղ առավոտից մինչև մութն ընկնելը) և շատ ուշ սկսել է հետաքրքրվել Ուշիով, Սբ. Սարգիս եկեղեցու վերականգնման կապակցությամբ: Այս առիթով նա զանգահարել է ինձ (հավանաբար հենց 2006 թ.) և խնդրել իրեն տրամադրել հուշարձանի` Գր. Ղաֆադարյանի չափագրություններն ու դրա հիման վրա իմ կատարած վերականգնման էսքիզային նախագիծը, ինչը և արել եմ` նախապես ստանալով ճարտ. Գր. Ղաֆադարյանի համաձայնությունը և գնահատելով գործի կարևորությունը: Եթե պարզ դեպքերի իրական վիճակը ներկայացվում է այսպես գլխիվայր` վաստակաշատ Արմեն Հախնազարյանին հետմահու վերագրելով այն, ինչը նա երբեք չի արել, ուրեմն Սամվել Կարապետյանի հուշերի և դիտարկումների անկողմնակալության մասին դատեք ինքներդ ...:

Համաձայն եմ Սամվել Կարապետյանի մտերիմ ընկերոջ արտահայտած կարծիքին, որովհետև չբավարարվելով նրա ներկայացրած փաստերով, դիմեցի նաև Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մեծ թվով աշխատակիցների, գիտնականների, ովքեր պնդեցին, որ Սամվել Կարապետյանը միտումնաբար խեղաթյուրել է փաստերը: Նրանք ոչինչ չկարողացան ասել Վեհափառի և Սամվել Կարապետյանի միջև կայացած զրույցի մասին, սակայն համոզմունք հայտնեցին, որ Հայաստանյայց եկեղեցու առաջնորդը երբեք իրեն թույլ չէր տա նման էժանագին հնարքների` պատմությունը կեղծելու ճանապարհով հասնել ինչ-որ բիզնես խնդիրների լուծման...

Այսքանից հետո հարց է առաջանում. Սամվել Կարապետյանը հանուն ինչի՞ կամ ու՞մ պատվերով է ասպատակում հայ եկեղեցու առաջնորդների դեմ և ի՞նչ խնդիրներ է լուծում:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ