Այսօր Թատրոնի միջազգային օրն է


 

ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ.

 ասում է Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ

-Այսօր մարտի 27-ն է, երեկոյան մենք Հ. Պարոնյանի անվան թատրոնում մեծ տոնախմբություն ունենք, «Արտավազդ» մրցանակաբաշխության ամփոփումն է, կլինեն պարգևներ մեր թատրոնի վաստակաշատ գործիչներին: Դրանք մեր պարգևներն են: Ներկա կլինեն պետության ղեկավարներից… Ես ուզում եմ, որ տոնի զգացումը միշտ լինի, ամեն օր մեր թատրոնի հանդեպ հոգածություն լինի: Օգտվելով առիթից, շնորհավորում եմ բոլորիս մեր տոնի առթիվ:

-Ամեն տարի մարտի 27-ի նախօրերին թատրոններն ու թատերական գործիչները մի նոր շնչառություն ստացած, խոսում են թատրոնի դերի ու նշանակության, նրա առաջադիր խնդիրների մասին: Մեր ՀԹԳՄ-ն էլ պատրաստվում է ավանդական դարձած «Արտավազդ» մրցանակաբաշխության ամփոփումին… Կարո՞ղ ենք ասել, որ 2013-ի մարտի 27-ի նախօրյակը տարբերվում է նախորդ տարիներից:

-Ամեն տարվա մարտի 27-ը տարբերվում է նախորդից: Ոչինչ չի կրկնվում, ոչինչ տեղում կանգ չի առնում: Հազիվ թե հայտնագործություն արած լինեմ` ասելով, թե ամեն ինչ շարժման մեջ է: Չլիներ շարժում, մենք վաղուց դուրս մղված կլինեինք ուղեծրից: Թեկուզ մեր ճանապարհին մշտապես հառնող խնդիրները ամեն տարի փոխում են իրենց ենթաշերտերը, ուղղությունները: 2013-ին հին ու հոգնած խնդիրներին գումարում ենք նորերը, ձեռքբերումներին ու հաջողություններին ևս միավորում ենք նորերը: Անցած տարիների ընթացքում շատ հարցեր կարողացանք լուծել, հիմա նոր հարցեր են առաջացել: Մի խոսքով, մենք ողջ տարվա ընթացքում խոսում ենք հոգսերից, տագնապներից, անհանգստություններից, իսկ ահա մարտի 27-ին փորձում ենք ավելի շատ ապրել տոնի զգացողության մեջ, որովհետև դա մեր տոնն է, միակ օրն է, որ մեզ ծափահարում են ոչ թե կոնկրետ դերակատարման, բեմադրության համար, այլ` մեր ողջ գործունեության, թատրոնի գոյության համար:

-Շատ երկար ժամանակ խոսում էինք թատրոնի հանդեպ ձևավորված համընդհանուր անտարբերության, պետական ընդգրկուն հոգածության բացակայութ յան մասին: Արդյո՞ք փոփոխություններ եղել են, արդյո՞ք վերաձևվել է հանրային տրամադրությունը:

-1990-ից ի վեր մենք շատ բարդ ու դժվարին ճանապարհով անցանք: Երկրի կյանքում տեղի ունեցած և արձանագրված ամեն մի խոտորում անմիջականորեն ազդեց թատրոնի վրա: Երևի պատճառներից մեկն այն էր, որ թատրոնը, քան արվեստի մյուս տեսակները, սերտորեն կապված է կյանքին, իրականությանը, այն անմիջականորեն անդրադարձնում է կյանքը, մեր շուրջ տեղի ունեցողը: Եղան ժամանակներ, երբ թվում էր, թե այլևս թատրոն չենք ունենալու, թե աստիճանաբար գնալու ենք թատրոնի կորստին: Բայց, փառք Աստծո, կարողացավ թատրոնն ինքն իրեն պահպանել, ինքն իրեն սատարել: Արվեստի ուժի արգասիքն է սա: Փոփոխություններ, անշուշտ, եղել են հանրային ու պետական վերաբերմունքի մեջ: Այսօր առավել ճկուն են դարձել այն ծրագրերն ու մոտեցումները, որոնք որդեգրել են պետական և համայնքային կառավարման մարմինները: Կան հստակեցված հայեցակարգեր, կա թատրոնի հանդեպ հոգածություն: Իհարկե, դեռ ոչ այն, ինչը մենք ենք ուզում, ինչն անհրաժեշտ է թատրոնի գործունեության համակողմանի ապահովման համար: Սակայն հազիվ թե այսօրվա իրավիճակը հնարավոր լինի համեմատել այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ անկումներին, որոնք ունեցանք 1990-ականներին: Հանրային տրամադրության մեջ էլ շրջադարձ նկատվել է: Մենք կորուստներ շատ ունեցանք արժեքային համակարգերի մեջ, շատերի մոտ փոխվեց պատկերացումը թատրոնի ու թատերական ստեղծագործության մասին: Ոմանք թատրոնն ընկալեցին իբրև էժանագին հումորի վայր, ոմանք թատրոն բերեցին որակներ, որոնք ոչ միայն մերժելի, այլև խորապես դատապարտելի են: Բայց այսօր արդեն վերադառնում ենք թատրոնի դերի ու նշանակության, նրա բարձր առաքելության դիրքերին:

-Ուզում եմ համաձայնել, որովհետև իսկապես հիմա նորից վերականգնվում են չափանիշներն ու պահանջները, շատերն են ելնում այն գեշ որակների դեմ, որոնք տարիներ շարունակ տիրապետող եղան: Իհարկե, դեռ վաղ է ասել, թե հաղթահարեցինք ամեն ինչ, թե նորից մեր թատրոնների դահլիճները լեցուն են դառնում այն ժամանակ, երբ ներկայացվում են արվեստի բարձր ստեղծագործություններ, սակայն, անտարակույս, դրական տեղաշարժերն ակնհայտ են: Արդյո՞ք հեղափոխություն տեղի ունեցավ հանդիսատեսի գիտակցության մեջ:

-Թատրոնը, ի տարբերություն արվեստի այլ տեսակների, չի կարող ինքնաբավ լինել կամ էլ ինքնուրույնաբար լուծել բոլոր խնդիրները: Հանդիսատես-թատրոն կապն է ծնում որակների ու տեսակների, վերաբերմունքի փոփոխությունը: Անհատի գիտակցության մեջ տեղի ունեցող հեղափոխությունը տևական գործընթաց է, ուստի, չէի ասի, թե կտրուկ շրջադարձեր են տեղի ունեցել: Պարզապես թատրոնը սկսել է հասկանալ ու ընդունել այն պարզ ճշմարտությունը, որ ինքն իրավունք չունի ընթանալու ստորին պահանջմունքներով, ինքն իրավունք չունի դոփելու իր տեղում: Հիմա մեր թատրոնում բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Ավագների հաստատած ավանդույթների կողքին հայտնվում են երիտասարդների նախաձեռնությունները: Թող որ որակապես ավելի անկայուն, սակայն` յուրովի հեղափոխական իրենց առաջադրած մոտեցումներով: Թատրոնը ջանքեր գործադրեց դեպի իրեն բերելու այն հանդիսատեսին, ում համար թատրոնը մտքերի ու գաղափարների բախումների տեղ է նաև: Այս հարցում օգնեցին երիտասարդները, հատկապես այսօր ձևավորվող երիտասարդական ռեժիսուրան, որն ինձ անկեղծորեն դուր է գալիս: Շատ հարցեր կան, շատ տեղերում մասնագիտական լուրջ խնդիրներ են առաջանում, սակայն արդեն կայացել է փաստը, արդեն ունենք երիտասարդ բեմադրիչների սերունդ, որն այլևս չի կարող համակերպվել գորշության ու ավանդականության հետ: Նշեմ, որ թատրոնի հանդեպ վերաբերմունքի փոփոխության, հանդիսատեսային ընկալումների վերարժևորման գործում որոշակի դեր կատարեցին այն փառատոները, որոնք մենք կազմակերպում ենք: Տարիներ շարունակ խզվել էր կապը միջազգային թատերական ընթացքի հետ, ինչն էլ ստեղծել էր մեկուսացվածություն, իսկ այսօր ահա մենք ինտեգրվել ենք միջազգային թատերական կյանքին, Հայաստան ենք բերում տարբեր երկրներում ստեղծված լավագույն բեմադրություններ և դերասանական աշխատանքներ: Սրանք էլ իրենց ազդեցություններն են ունենում: Հիմա Հայաստանն էլ է դարձել փառատոնային կենտրոններից մեկը ողջ աշխարհում: Սա նշանակում է, որ մենք իրավունք չունենք այլևս բավարարվելու մեզ համար սովորական դարձած որակներով: Եթե մեր թատրոնն իր հանդեպ հետաքրքրություն չձևավորի, եթե մենք մտքեր ու արտահայտչական նոր սկզբունքներ չհուշենք, ապա ոչ ոք չի մասնակցի մեր փառատոներին:

-Գիտեմ, որ որպես ՀԹԳՄ նախագահ, երկար ժամանակ մտահոգված եք մայրաքաղաքից դուրս գտնվող թատրոնների խնդիրներով: Մենք այսօր լուրջ խնդիրներ ունենք այս թատրոններում, որոնցից մի մասը վերածվել է ամենասովորական ինքնագործունեության:

-Այո, մայրաքաղաքից դուրս գտնվող թատրոնների վիճակը մեզ համար անհանգստացնող է: Գյումրու և Վանաձորի թատրոնների մասին չէ խոսքը, որտեղ այսօր կան հզոր առաջնորդներ` Նիկոլայ Ծատուրյան և Վահե Շահվերդյան, այդ թատրոններում շատ խնդիրներ լուծված են, այդ թատրոնները նորից պարտադրում են խոսել իրենց ձեռքբերումների մասին: Սակայն Արտաշատի, Գավառի, Կապանի, Գորիսի թատրոնները չեն կարող դեռևս չհուզել ու մտահոգություններ չձևավորել: Գավառի թատրոնի շենքն այսօր վերանորոգվում է: Լավ է, ուրախանում ենք այս փաստով, սակայն թատերախումբը մատնված է անորոշության, գրեթե ներկայացումներ տեղի չեն ունենում: Ծանր կացության առջև է կանգնած Կապանի թատրոնը, որի շենքի հարցը լուծեցինք, ԵԹԿՊԻ Գորիսի մասնաճյուղից այստեղ եկան մի քանի երիտասարդ դերասան, սակայն այստեղ լուծված չէ ռեժիսուրայի հարցը, թատրոնին պրոֆեսիոնալ բեմադրիչներ են հարկավոր: Մեր միությունը ստանձնեց Գորիսի պետական թատրոնի հովանավորությունը, այստեղ գործուղվեց երիտասարդ բեմադրիչ Գոռ Մարգարյանը, կան երիտասարդ դերասաններ, սակայն պետք է մշակվի գործունեության համակողմանի ծրագիր: Արտաշատի թատրոնը միշտ էլ կայուն դերասանակազմ է ունեցել, սակայն վերջին տարիներին այստեղ ստեղծվող բեմադրությունների գեղարվեստական որակները մեզ անհանգստացնում են, անհանգստացնում է այն հանգամանքը, որ երեկոյան ներկայացումների թիվը կրճատվել է, թատրոնը գլխավորապես աշխատում է պատանի հանդիսատեսի համար: Այս խնդիրն այսօր կա գրեթե բոլոր մարզային թատրոններում: Անհրաժեշտ է, որպեսզի վերջնականապես լուծվեն մարզային թատրոնների կարգավիճակի խնդիրները, հստակեցումներ լինեն, այստեղ չիշխեն վարչարարական մեթոդները: Իհարկե, այս բոլոր դժվարություններն ու խնդիրները հաղթահարելու համար ցանկություն է պետք, կամք է պետք: Միությունն աշխատում է լինել բոլոր թատրոնների կողքին, աջակցել բոլորին: Սակայն մենք հասարակական կազմակերպություն ենք` շատ սուղ հնարավորություններով, մինչդեռ հատկապես անհրաժեշտ է մարզային իշխանությունների աջակցությունը, լուրջ վերաբերմունքը թատրոնի հանդեպ:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ