Հանրությո´ւնը պետք է գիտակցի


 

Ինչպես երևում է, Երևանի ավագանու ընտրություններն անցնելու են անզիջում պայքարում. Հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցությունից հրաժարված քաղաքական ուժերն այս ընտրություններին մասնակցելու են առանձին-առանձին, ինչը, թերևս, առավել կսրի պայքարը: Այդ թեմայով է զրույցը ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ հետ:

Հանրապետության նախագահի ընտրությանը մասնակցությունից հրաժարվելուց հետո ԲՀԿ-ն որոշեց մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին…

- Նախագահականն անձի, անհատի ընտրություններ են, իսկ Երևանի ավագանու ընտրությունները` կուսակցական: Իսկ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ը բազմիցս արձագանքել է` տարբեր մակարդակներով խոսելով իր դիրքորոշման մասին:

Քաղաքագիտական շրջանակներում կարծիք կա, որ նախագահական ընտրություններին կուսակցությունների չմասնակցելը վկայում է մեզանում կուսակցա կանության դարաշրջանի ավարտի մասին: Իսկ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելը կուսակցությունների համար ռեաբիլիտացիայի հնարավորութ յուն է:

- ԲՀԿ-ը, եթե հիշում եք, երբևէ նախագահի ընտրությունների չի մասնակցել: Բայց դա մեզ չխանգարեց խորհրդարանի վերջին ընտրություններին կես միլիոնի հասնող քվե վաստակել: Կուսակցությունն իր վարկանիշը վաստակել է ոչ թե կարճաժամկետ քաղաքական ակցիաների շնորհիվ, այլ քայլ առ քայլ ժողովրդի շահին հասցեագրված գործողություն ների արդյունքում: Կարծում եմ` որևէ բան չի փոխվի, որովհետև չի փոխվի նաև մեր քաղաքական կուրսը, և հաջորդ բոլոր ընտրությունները ցույց կտան դրա արդյունքը:

Խորհրդարանի վերջին ընտրություներին ստացած մեծ թվով քվենե՞րը վստահություն ներշնչեցին, որպեսզի կուսակցությունը հայտարարի, որ կմասնակցի կուսակցությունների ամբողջական թիմով, եթե ողջ ընդդիմությունը համախմբվի իր շուրջը:

- Քանիցս այդ թեմային անդրադառնալիս, ես նշել եմ ԲՀԿ-ի մեկնարկային պոտենցիալը, մարդկային ռեսուրսը, ընտրազանգվածի բավական լուրջ հատվածի զորակցությունն ու աջակցությունը... Արդյո՞ք չափանիշեր չեն, ըստ որոնց մենք պետք է առաջարկեինք այլ քաղաքական ուժերին համախմբվել մեր շուրջ: Եթե կա ավելի օբյեկտիվ տարբերակ, մենք պատրաստ ենք քննարկել:

Բայց այդ նույն փաստարկն այսօր կարող է ներկայացնել նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:

- Դրա համար էլ մենք զրույցը սկսեցինք ձեր, հավանաբար, ճիշտ հարցադրմամբ` նախագահական և այս ընտրությունների տարբերության վերաբերյալ:

Խորհրդարանի վերջին ընտրություններին ԲՀԿ-ը մյուս կուսակցությունների հետ համատեղ ստեղծեց ընտրությունների ընթացքը վերահսկող շտաբ: Առաջիկա ընտրություններում նման համագործակցության հնարավորություն տեսնո՞ւմ եք:

- Այո´: Անցած քառօրյայի հայտարարությունների ժամին ԲՀԿ պատգամավորներից մեկը մյուս շահագրգիռ կուսակցություններին առաջարկեց, որպեսզի արձագանքեն, և ստեղծվի միասնական ոչ միայն ինչ-որ մի գրասենյակ, որտեղից կվերահսկվեն այդ գործընթացները, այլ կոնկրետ մարդկային ռեսուրսից բաղկացած կառույց` ընտրությունների օրինականութ յունը հսկելու: Խոսքը մարդկային ռեսուրսի և կազմակերպչական աշխատանքի մասին է: Հիմա քննարկումներ են ընթանում: Հայաստանցիների զգալի մասը շատ լավ գիտակցում է, որ զանգվածային միասնական կամք արտահայտելով կարելի է ստիպել հաշվի նստել իրենց կարծիքի հետ: Եվրոպան քաղաքակիրթ դարձավ հենց քաղաքացիական հասարակության ակտիվացման պարագայում և կառավարման համակարգի հանդեպ վերահսկիչ, պարտադրող ֆունկցիա կատարելու արդյունքում: Հանրությունը պետք է դա գիտակցի և իրապես արդար ընտրության խնդիր դնող կուսակցությունների հետ միասին փորձի գործնականում դրան հասնել:

Ընտրակաշառքը շարունակում է մնալ մեր ընտրությունների «աքիլեսյան գարշապարը»: Դուք կանխելի համարո՞ւմ եք այդ գործընթացը:

- Արդիական հարց է: Բայց դրա պատասխանը կարծում եմ` բոլորին հայտնի է: Վաղուց անցել են ժամանակները, երբ մարդկանց կարելի էր խաբել, թե ընտրելու պրոցեսը վերահսկվում է: Մարդիկ գիտեն` ոչ ոք ոչ մի կերպ չի իմանա, թե քվեախցիկում քաղաքացին կոնկրետ ում անվան դիմաց է նշում կատարել: Մարդիկ հասկանում են, որ նույնիսկ գումար վերցնելու դեպքում իրենք ունակ են իրենց ընտրությունն ըստ իրենց ցանկության կատարել: Յուրաքանչյուր ընտրություն ցույց է տալիս, որ իրենց կամքին հակառակ ընտրություն կատարող մարդկաց թիվը գնալով փոքրանում է: Ոչ մի կերպ հնարավոր չէ բացահայտել, թե կոնկրետ անձն ո՞ւմ օգտին է քվեարկել: Շատ շնորհակալ կլինեմ, եթե ձեր թերթի էջերում այս կոչ-հորդորը տպագրեք, որպեսզի ով չգիտի` տեղեկանա:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ