ՈՎ ՈՒՄ ԿՓՈԽԱՐԻՆԻ ասում-խոսում են


 

Մինչ տեղի կունենա ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունը, չեն դադարում խոսակցությունները տարբեր պաշտոններում նոր նշանակումների կամ էլ փոխատեղում ների մասին: Արդեն գրվել է, որ գործող նախարարներից երեքը հրաժեշտ կտան կառավարությանը, իսկ ահա օրերս էլ հայտնի դարձավ, որ պատրաստվում է իր պաշտոնը լքել նաև արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Նա նորից կվերադառնա Ֆրանսիա և կզբաղեցնի դեսպանի պաշտոնը: Իսկ ահա արտգործնախարարի պաշտոնը կստանձնի Վիգեն Սարգսյանը` նախագահի աշխատակազմի ներկա ղեկավարը: Վիգեն Սարգսյանի անձը շատերի համար է ընդունելի համարվում, շատերն են նրան համարում հեռանկարային գործիչ: 1975 թվականին Երևանում ծնված Վիգեն Սարգսյանն արդեն հասցրել է որոշակի և լուրջ ճանապարհ անցնել, ստանալ չափազանց արժեքավոր կրթություն:

Լուրեր են շրջանառվում նաև, որ իր պաշտոնից կհեռանա Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նախկին գյուղնախարար Յուրի Ջավադյանի որդին ընդամենը հինգ տարի ղեկավարեց ԿԲ-ն, սակայն քիչ չէին դժգոհությունները նրա աշխատանքից: Ավելին, նա ամբողջապես նվիրվեց առևտրային բանկերին` այսպիսով չափազանց ձևական դարձնելով Կենտրոնական բանկի գործառույթները: Արթուր Ջավադյանին էլ կփոխարինի ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Նշենք, որ այս պաշտոնյայի գործունեությունից Ղարաբաղում այնքան էլ գոհ չեն, շատ ղարաբաղցիներ նշում են, թե նրա գլխավոր ուշադրությունը սևեռված է սեփական բիզնեսին... Արա Հարությունյանին էլ, ըստ մեր աղբյուրների, կփոխարինի ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը` ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր և Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ: