ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՄՇԱԿՈՒՅԹ


 

Րաֆֆի Հովհաննիսյան - Սերժ Սարգսյան երկխոսությունը, փաստորեն, ընթացքի մեջ է: Այն էլ` երկուստեք բարեկիրթ տոնով և անթաքույց փոխըմբռնման նոտայով: Մեր քաղաքական մշակույթում սա իսկապես նորություն է. մանավանդ երկրի ղեկավարի պատրաստակամությունը: Փոխըմբռնողականությունը նաև փոխզիջումներ է ենթադրում. առավել ևս քաղաքական բանակցություններում:

- Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության և պետական իշխանության ձևավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից և ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար: Ինձ ուրախացնում է, որ Դուք ունեք նաև ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման պատրաստակամություն, և այդ հարցում մեր կարծիքները կարծես բավականաչափ մոտ են: Ես վստահ եմ, որ եթե մենք սկսենք միասին նպատակադրված աշխատել, հիմնվելով պատկերացումների ընդհանրությունների վրա, հաստատապես արդյունքի կհասնենք, - իր ընդդիմախոսին գրել էր Հանրապետության նախագահը: Այս գրությունը նույնիսկ մեկնաբանվեց, որ Ս. Սարգսյանը կառավարական պաշտոններ է տրամադրելու նորաթուխ արմատականներին` յուրօրինակ կոալիցիա ստեղծելով:

Չուշացավ նաև Ր. Հովհաննիսյանի պատասխան արձագանքը.

- Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը` հանդիպելու Ձեզ և սեղանին դրված համազգային հանգուցալուծումը քննարկելու ցանկացած ժամի ու ցանկացած ձևաչափով` Ազատության հրապարակում: Շնորհակալ եմ իմ առողջությամբ մտահոգվելու համար. անհանգստանալու հարկ չկա, ես միանգամայն առողջ եմ, կազդուրման կարիք չունեմ, և կարող ենք առանց հետաձգելու իրականացնել մեր աշխատանքային հանդիպումը հանուն սահմանադրական Նոր Հայաստանի:

Մնում է հուսալ, փոխըմբռնումն իսկապես համագործակցության կվերաճի: Շտապում ենք փաստել, որ սա իրական հաղթանակ է` թե´ ընդդիմության, թե´ իշխանության: Թեև առայժմ ընդամենը բարոյական հաղթանակ: Կողմերը երկուստեք փաստեցին, որ քաղաքակիրթ պայքարը չի կարող անհետևանք մնալ: Հուսով ենք, որ պայքարի այս կերպը շարունակական կլինի և ոչ միայն ընտրությունների արդյունքները վիճարկելու առիթով: Ճշմարիտ ընդդիմությունը գործող իշխանությունների հակակշիռը պետք է լինի և զանգվածներին պիտի առաջնորդի` նախևառաջ ժողովրդի դժգոհությունը լսելի դարձնելու, ժողովրդի ցավն ու հոգսը բարձրաձայնելու և դրանց լուծումը պահանջելու:

Ահա այսպիսի առողջ ընդդիմություն ենք ակնկալում: