Մեծ սիրո և մեծերի սիրո պատմություններ
Թախծոտ ծաղրածուն և նրա կանայք


Ասում են` դեռ երիտասարդ տարիներին մի գնչուհի կանխասել է Չարլի Չապլինին, որ նա հարուստ ու նշանավոր է լինելու, ամուսնանալու է 3 անգամ, 3 զավակի հայր է դառնալու և մեռնելու է 82 տարեկանում: Գնչուհին սխալվել էր երեխաների ու ամուսնությունների քանակի հարցում:

Չարլի Սպենսեր Չապլինը իրոք 20-րդ դարի ամենանշանավոր արտիստներից մեկը դարձավ և կյանքից հեռացավ 82 տարեկանում: Բայց նա ամուսնացավ 4 անգամ և ուներ 8 զավակ:

ԷԴՆԱ ՓԵՐՎԻԵՆՍԻՆ Չապլինը սիրահարվեց հեռավոր 1915 թ., երբ իր «Անվերջ գիշեր» ֆիլմում կնոջ դերակատարուհի էր փնտրում: Գործընկերներից մեկը ներկայացրեց Էդնային, ով գերեց առաջին հայացքից ու դարձավ չապլինյան 33 ֆիլմերի մշտական հերոսուհին: Ի դեպ, Չարլին շարունակեց իր ֆիլմերում նրան նկարահանել նաև իրենց սիրավեպի ավարտից հետո: Իսկ նրանց սերը տևել է 3 տարի: Այս զույգը բաժանվեց` միմյանց նկատմամբ անվստահության պատճառով, բայց նրանք շարունակեցին լավ բարեկամներ մնալ:

Հոլիվուդում Չապլինը կանանց սիրտը գերող դոնժուանի համբավ էր վաստակել: Նրա հմայքն անտարբեր չէր թողնում երիտասարդ որևէ արտիստուհու:

1917-ին նա ծանոթացավ տակավին պատանեհասակ ՄԻԼԴՐԵԴ ՀԱՐՐԻՍԻ հետ: Նրանք հաճելի ժամանակ էին անցկացնում, բայց արտիստը չէր պատրաստվում ամուսնանալ... մինչև որ աղջիկը հայտարարեց, որ հղի է: Այս ամուսնությունը, սակայն, դարձավ նրանց հարաբերությունների վերջակետը. նրանց առաջնեկը ապրեց ընդամենը 3 օր:

Ամուսիններն անվերջ գժտվում էին. Չարլիին զայրացնում էր, որ կինն ամեն ինչ իր ուզածով է անում` երբեք չխորհրդակցելով իր հետ: Ամուսնալուծությունն անխուսափելի էր: Զույգը պայմանավորվել էր, որ կբաժանվեն խաղաղ, անաղմուկ, սակայն Միլդրեդը խախտեց պայմանը: Հուրախություն մամուլի` դատարանի դահլիճում նա ամուսնուն մեղադրեց բիրտ պահվածքի համար: Կնոջը պատկանող 25 հազարի փոխարեն Չարլին 100 հազար դոլար առաջարկեց` մեկ պայմանով, որ նա ընդմիշտ մոռանա իր գոյությունը: Եվ Հարրիսը համաձայնեց:

ԼԻՏԱ ԳՐԵՅ. Գերմանացի դերասանուհի Պոլա Նեգրիի հետ կարճատև ու բուռն սիրավեպից հետո Չապլինը որոշեց ամբողջովին նվիրվել արվեստին: Բայց «Ոսկու տենդ» ֆիլմի նկարահանումների հենց սկզբում նրա կյանքում հայտնվեց Լիտա Գրեյը: Այս կինն իսկապես տենդի էր նման. նրա հետ հարաբերություններն ամենածանրն ու տանջալին էին` արտիստի բոլոր սերերից:

Երբ 18-ամյա Լիտան հայտնեց, որ հղի է, արտիստը 20 հազար դոլար առաջարկեց, որպեսզի նա հրաժարվի իրենից ու կարողանա կյանքը դասավորել: Գրեյը հրաժարվեց: Չնայած երիտասարդ տարիքին, այս կինը շատ իրատես էր և հասկանում էր, որ Չապլինն իր համար հարստանալու լավագույն միջոց է: Ու սպառնաց դատարան դիմել` եթե նա անհապաղ չամուսնանա իր հետ:

Չարլին տեղի տվեց, սակայն նրանց ընտանեկան կյանքը դժոխքի վերածվեց: Իրավիճակը չփոխվեց նույնիսկ երկու որդիների ծնվելուց հետո: Լիտան ինքը ապահարզան պահանջեց` ամուսնու ողջ ունեցվածքի հետ միասին` փողեր, ակցիաներ, ստուդիան և նույնիսկ «Ոսկու տենդ» ֆիլմը, որը նոր-նոր էկրան էր բարձրացել: Չապլինը վճարեց 800 հազար դոլար, որից 200 հազարը` երեխաներին:

Նախկին կնոջ սարքած դժոխքից արտիստը դեռ ուշքի չէր եկել, երբ «Նոր ժամանակներ» ֆիլմի նկարահանման ընթացքում նրա սիրտն ու կյանք մտավ Պոլեթ Գոդդարը: Դա 1932 թվականն էր: Ամուսնացան բաց ծովում, զբոսանավի մեջ, և Պոլեթը մեծ խանդավառությամբ սկսեց խաղալ «աստղի կնոջ» կերպարը: Տեղափոխվելով Բևեռլի-Հիլզում գտնվող ամուսնու տուն, նա տանտիրուհու իրավունքով սկսեց հյուրեր ընդունել: Բայց Չարլիին այս ամուսնությունը ծանր բեռ էր թվում: Ու երբ էկրան ելավ «Մեծ բռնապետը» կինոնկարը, Չար-լին և Պոլեթը բաժանվեցին:

Ճակատագիրը Չապլինի համար ևս մեկ սեր էր նախատեսել. այս անգամ արդեն` անկեղծ, երջանիկ սեր. հանրահայտ դրամատուրգ Յուջին Օ&undefined;Նիլի դուստր ՈՒՆԱ Օ&undefined;ՆԻԼԸ:

Թվում էր` նրանց միջև ոչ մի ընդհանրություն չկա կինոյից բացի, որտեղ իր առաջին քայլերն էր անում Ունան: Չարլին ինքն էլ կասկածում էր. մտածում էր, թե հանդիպել է իր փողերի ու փառքի հերթական որսորդուհուն: Եվ ավելի ուշ հասկացավ, որ Ունային փողերը չեն հետաքրքրում. նա իսկապես սիրահարվել էր իրենից 36 տարով մեծ կինոաստղին:

Նրանք ամուսնացան` դիմադրելով հոր դժգոհությանը (իր աներոջից Չապլինը մեծ էր մեկ տարով), անտեսելով նախկին սիրուհիների բանսարկություններն ու լրագրողների չարախոսությունները: Շուտով Ունան հրաժարվեց դերասանուհու առաջխաղացումից և ամբողջությամբ նվիրվեց ընտանիքին: Ամուսինները տեղափոխվեցին Շվեյցարիա և լիովին անձնատուր եղան ընտանեկան երջանկությանը: Ունան 8 երեխա ծնեց: Ընդ որում, ամենակրտսերը ծնվեց` երբ հայր Չապլինը 72 տարեկան էր...