Կարևորը գործընթացն է


Խորհրդարանում ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ և ԲՀԿ պատգամավորական խմբակցությունների համագործակցության, դրա արդյունքների ու քաղաքական դաշտի հնարավոր զարգացումների շուրջ է զրույցը ՀՀ քաղաքագետների միության անդամ, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Լևոն ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ:

 

- ԱԺ չորս խմբակցությունների համագործակցության, ընդհանուր օրակարգի ձևավորման շուրջ բանակցություններում համախմբող քաղաքական ուժի դերակատարություն ստանձնեց ԲՀ կուսակցությունը: Այս մասին մամուլում տարբեր կարծիքներ հնչեցին: Ըստ Ձեզ, ի՞նչ զարգա-ցումներ կարող է ունենալ այս համագործակցությունը:

- «Բարգավաճ Հայաստանի»` վերջերս կայացած համագումարի արդյունքն է կոնսոլիդացիան` համախմբումը: Կարծում եմ` լավ նախաձեռնություն է, եթե այս քաղաքական 4 կառույցները կարողանան ձերբազատվել շատ բաներից և գլխավոր նպատակ համարեն երկրի վերափոխումը: Միայն պետք է ուշադիր լինեն, որ իրենց մեջ ներդրված «տրոյական ձի» չլինի: Երկրում քաղաքական երկրորդ բևեռի ձևավորման կարիք կա:

- Իրո՞ք կարծում եք, որ հիշյալ 4 քաղաքական ուժերի միջոցով հնարավոր է ձևավորել Ձեր նշած երկրորդ բևեռը:

- Կարծում եմ` այո. ԲՀԿ-ն բոլոր ռեսուրսներն ունի դրա համար: Քանի որ Հանրապետականն իր ստեղծման օրից իրեն հայտարարել է պահպանողական, Միացյալ Նահանգների մոդելով կարող է վերցնել պահպանողական կուսակցության գործառույթը: Իսկ եթե «Բարգավաճ Հայաստանն» էլ ստանձնի դեմոկրատական կուսակցության ֆունկցիան, նրա գաղափարախոսությունը, կարծում եմ` նրան կմիանա ՀԱԿ-ը` որպես գաղափարակիր: «Ժառանգությունը» կմնա որպես անհատական խմբակ, իսկ Դաշնակցութ յունը` որպես սոցիալիստական կուսակցություն չի կարողանում իր բևեռը ձևավորել և ընկել է օլիգարխիկ շրջանակների հետ:

- Հետաքրքիր է, որ քաղաքական որոշ գործիչներ ու վերլուծաբաններ համարում են, թե ԲՀԿ-ն իրականում կատարում է այն, ինչ թելադրում է Հանրապետության նախագահը:

- Կարևոր է, թե ով է ասողը: Բայց Հայաստանում այդ տեսքով քաղաքական գործընթաց չկա: Ինքը` ԲՀԿ-ն, պետք է էվոլյուցիա ապրի և ապրում է: Եթե մի քիչ իշխանությունից հեռանա, մի քիչ էլ քաղաքականանա` գաղափարականանա, նշածս` դեմոկրատական կուսակցության ֆունկցիան կկատարի, և երկիրը կունենա բազմակուսակ ցական ֆունկցիոնալ կառույց` Հանրապետական և դեմոկրատական (ԲՀԿ). մնացածները կողքները կպտտվեն:

- ԲՀԿ-ն երկար ժամանակ վարչապետի փոփոխություն է պահանջում: Հիմա 4 կուսակցություններն էլ ԱԺ-ում կառավարությանն անվստահություն հայտնելու հարցն առաջադրելով, իհարկե գիտեն, որ քաղաքական մեծամասնությունը ցանկացած պահի քվեարկության մեխանիզմն աշխատեցնելով կարող է փակել հարցը: Ուրեմն ո՞րն է բուն նպատակը:

- Կարծում եմ` վարչապետի հարցը ԲՀԿ-ի կողմից օգտագործվում է որպես իշխանության վրա ճնշում գործադրելու լծակ: Այդ ճանապարհով նրանք, կարծում եմ, միշտ որոշ խնդիրներ են լուծում: Այնպես որ` քաղաքական այդ քառյակը ԲՀԿ-ի հետ միասին նույն խնդիրն է փորձում լուծել` կառավարությանն անվստահության հարցն առաջադրելով:

- Խոսելով ընդդիմադիր 4 կուսակցությունների` խորհրդարանում համագործակցության մասին, չմոռանանք քաղաքացիական «Դեմ եմ» շարժման նախաձեռնությանը նրանց միանալը: Անցած շաբաթ օրը կուսակցությունների ներկայացուցիչները մասնակցեցին քաղաքացիական նախաձեռնության հանրահավա քին: Ի՞նչ զարգացումներ եք հնարավոր համարում:

- Կարծում եմ` տակտիկական առումով ճիշտ է քաղաքացիական «Դեմ եմ» շարժման առաջադրած հարցի լուծմանն օժանդակելը: Ընդդիմադիր կուսակցությունները երկար տարիների ընթացքում Հայաստանը ճահիճի մեջ են խրել: Կարծում եմ` ակտիվիստներն այդքան խելամտություն կունենան և չեն թողնի, որ կուսակցություններն իրենց կառավարեն. թող օժանդակեն, բայց չկառավարեն: Ակտիվիստները պետք է նկատի ունենան, որ ընդդիմադիր կուսակցությունները հասարակության շրջանում ցանկալի հեղինակություն չունեն: Իսկ որ հարցը կարող է քաղաքականանալ` թող քաղաքականանա: Եթե հարցը չի քաղաքականանում, հազվագյուտ դեպքում է լուծում ստանում: Կենսաթոշակային պարտադիր կուտակային հիմնադրամի հարցը սոցիալական խնդիր է, բայց քանի որ իշխանության հետ է հարաբերվում, տրանսֆորմացայի է ենթարկվում և վերածվում է քաղաքական հարցի: Դրանում ոչ մի դատապարտելի բան չկա. թող նրանք անընդհատ չերդվեն, թե իրենք քաղաքական շարժում չեն: Թող իշխանությունը հարցերը լուծի, իրենք քաղաքական շարժում չեն լինի:

- Հանրահավաքում խոսափողը ելույթի համար պատգամավորներից որևէ մեկին տրամադրելիս, ընդգծվում էր, որ խոսք ունի ասելու Հայաստանի Հանրապետության քաղաքացի այսինչը` առանց նշելու նրա պատգամավոր լինելը:

- Ճիշտ են անում. աշխատում են կուսակցություններն իրենց վզին չփաթաթեն, որովհետև վերջինների հանդեպ մեծ վստահություն չկա: Եթե ավանդական, սկզբունքով հայտնի ուժեղ, չօլիգարխականացված քաղաքական կառույցներ լինեին, ուրիշ բան, հրաշալի կլիներ: Բայց մեր իրականության պայմաններում ակտիվիստները ճիշտ էին վարվում` ընդգծելով` Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Այդպիսով իրենց ձերբազատել են կուսակցությունների հնարավոր բացասական ազդեցությունից:

- Իսկ ի՞նչ եք կարծում, այս շարժումն ինչ զարգացումներ, արդյունք կարող է ունենալ: Հնարավո՞ր է, որ իշխանությունը ինչ-ինչ զիջումների գնա:

- Բացառապես շարժումից է կախված, նրա գործադրած ճնշումից:

- Եղածից առավել ի՞նչ ճնշման մասին կարող է խոսք լինել:

- Իրենք կմտածեն, չեմ ուզում հուշել: Եթե ժողովրդին ոտքի հանեցին, հաստա´տ ուզածներին կհասնեն: Կարող է և հանեն, որովհետև խելացի երիտասարդներ են, և բոլորն են համակրում նրանց:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ