Վենետոցինե՞րն ինչ պակաս անկախասեր են


Հանրահայտ պապիկն ախր ասել էր, որ կայծից բոց կբռնկվի: Հիմա արդեն կարևոր չէ, թե այդ կայծն ով և որտեղ առաջինը բոցավառեց, բայց առանձին պետություն դառնալու տենդը, փաստորեն, տարածված է աշխարհով մեկ:

Հիմա էլ Իտալիային է պատուհասում «անջատողականության» դեմ պայքարի բոցը: Չքնաղ Վենետիկ կենտրոնով հայտնի Վենետո շրջանը 2,2 միլիոն բնակիչ ունի, և քվեարկության իրավունք ունեցող 60 %-ի պահանջով որոշել է անջատվել:

Միջազգային իրավունքը չխախտելով, անցյալ շաբաթ նրանք հանրաքվե են անցկացրել` պատասխանելով մեկ հարցի. դե՞մ են, թե՞ կողմ, որպեսզի ստեղծեն սեփական պետությունը (տեղեկացրել է «Ռոսիա 24»-ը):

Քվեարկությունը կազմակերպել է «Վենետոյի անկախություն» կուսակցությունը: Եվ դրա ղեկավարներն անթաքույց հայտարարում են, որ հանրաքվեի պատճառը Հռոմի անկարողությունն է` վերջ դնելու կոռուպցիային և դադարեցնելու երկրի աղքատ հարավից ֆինանսների արտահոսքը:

Ինչպես հայտարարել է Վենետոյի նահանգապետ Լուկա Զայյան, իրենց մարզը հարկերի տեսքով մայրաքաղաքին տալիս է շուրջ 71 միլիարդ եվրո, մինչդեռ Իտալիայի մարզերի կեսից ավելին պաշտոնապես հասցվել են սնանկության:

Քվեարկություններ նախկինում ևս եղել են, սակայն դրանք իրավաբանական ուժ չեն ունեցել: «Անկախ Վենետո» կուսակցությունը հայտարարել է, որ մտադիր է հետևողական լինել և ճանաչել տալ այս հանրաքվեով հաստատված իրենց օրինական պահանջը: