ԱՅՍՕՐ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
ԵՎ ԹԱՏՐՈՆՆ, ԻՐՈՔ, ՏՈՆԱՀԱՆԴԵՐՁ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ


«Թատրոնը երկրի շինարարության ամենաարդյունավետ և օգտակար միջոցներից է, նրա վեհությունն ու անկումը ստույգ նշագրող ծանրաչափ: Ողբերգությունից մինչև վոդևիլ իր բոլոր ժանրերում ճիշտ ուղղորդված դյուրազգաց թատրոնը կարող է մի քանի տարում փոխել ժողովրդի աշխարհընկալումը...

Թատրոնն արցունքի ու ծիծաղի դպրոց է, ազատ հարթակ, որտեղից մարդիկ կարող են մերկացնել հնացած կամ կեղծ բարոյախոսությունը և կենդանի օրինակներով բացատրել մարդկային սրտի ու մարդկային զգացմունքի հավերժական օրենքները»:

Ֆեդերիկո Գարսիա Լորկա

«Թատրոնը պետք է հարցեր դնի, պատասխաններ հրահրի»:

Խաչատուր Աբովյան

Ազգային թատերարվեստը, խանդավառ տարերային ինքնագործունեությունից մինչ 19-րդ դարա-կեսից սկիզբ առած մասնագիտացումը և դրանից հետո ընկած բոլոր ժամանակներում բազմաթիվ թատերախմբերի ազնիվ, ստեղծագործ նվիրումով է իր ինքնատիպությունը հաստատել ու լայն ճանաչում գտել: Դժվարին փորձություններից չվախենալով` կարողացել է խուսանավել թամաշասեր զանգվածների, սահմանափակ մտավոր հակումներ ունեցող մեծահարուստների հոգևոր ցածր պահանջների կամակատարը դառնալուց: Չնայած այդպիսով լիուլի կապահովեր իր կուշտուկուռ ապրուստը: Գեղագիտական նոր մտածողությունը տաղանդավոր փորձարարությամբ է հավաստել առաջմղիչ ունակությունը: Ոչ թե համացանցային գողոնի, «Մեցցո»-ների, կամ միջազգային թատերահարթակի արտասովոր ու արտառոց ներկայացումների ինկուբաց մամբ կամ միչուրինյան պատվաստներով: ճշմարիտ արվեստագետները բարձր գեղարվեստին չեն դավաճանել: Շատերն իրենց բնատուր ձիրքով հիացրել են մեծահամբավ օտարներին` ազգային սնապարծության չցամաքող ակունքներ ավանդելով սերունդներին:

 

Ամբոխացման ամենաստույգ չափորոշիչը հանրության թատերական հետաքրքրություններն են եղել և` մնում: Հոգեմտավոր համազգային ներուժի` մտավորականութ յան սերուցքի կտրուկ տկարացումը, հատկապես սոցիալ-քաղաքական ճգնաժամերի տևական փուլերում, ինքնաբերաբար հանգեցրել է ծանծաղամիտ ապազգային զվարճասիրության գերակայությանը: Հասարակության տարբեր խավերի գեղարվեստական զարգացման ընդհանուր մակարդակի կտրուկ անկումներով բռնկվել են ոգու սովի համաճարակներ: Այժմ առավել, քան երբևէ ապահովագրված չենք խառնածին ժամանցայինի դիմազրկող բացիլներից:

Որքան էլ տարօրինակ թվա, համատարած զոմբիացումից հանրությունը բժշկելու լավագույն միջոցը, թերևս եղել և մնում է թատրոնը: Մարդկության պատմական կենսափորձով իմաստնացած, գեղարվեստական հստակ ծրագրով կանոնավոր գործող, ապրած օրերի հևքն անվրեպ մարմնավորող խաղացանկային թատրոնը:

Հոգեմտավոր կործանարար այս թմբիրից ելքի ճամփան, սակայն, հազիվ թե շուտով կարողանա ուղենշել արդի հայ թատրոնը: Ներկայիս համընդհանուր համակերպ վածության գաղջ մթնոլորտում` հազիվ թե...

Անտրեպրիզային ու սերիալային թափոնարվեստի «շնորհած» հանրաճանաչման դափնիները, ավաղ, շատերի փառասիրությունն են շոյում: Թատրոններում տարիներով ստվերում մնացածներն, ում հաջողվել է հիմնավոր տեղ զբաղեցնել անձրևասնկի համ ու հոտով արտադրվող հեռուստասերիալներում և անվարժ մտքով ու երևակայությամբ փոխառված հաղորդաշարերում, առանձնակի երկյուղածությամբ են փայլեցնում դրանց ամեն մի նոր «դերակատարում-տերևը»: Նրանց ակնհայտորեն դուր է գալիս վաղանցիկ փառքի բլրաչափ Օլիմպոսին համաժողովրդական կուռքի հավակնությամբ ու կեցվածքով բազմելը, թատերարվեստը բուֆետային դատարկաբանության համարժեքացնելը: Այդպիսով քիչ թե շատ կայունացնելով սեփական բարեկեցությունը, իրենց ազատագրում են ոչ միայն բարձր արվեստի նսեմացման ու հանրության ճաշակը փչացնելու, այլև ՀՀ պետական լեզու մայրենիի բարբարոս աղճատման պատասխանատվությունից: Անհասկանալի լեզվամտածողության ու բառապաշարի զանգվածային շրջանառությանը, հանրային գեղարվեստական ճաշակի ճահճացմանը կամա-ակամա զինվորագրվածների ստվարացող շարքերում, տեսնես, դեռ պահպանվե՞լ են ճշմարիտ մտավորական, հայրենասեր քաղաքացի կրթող կատարողական ռեսուրսներ` դրամատուրգներ, բեմադրիչներ, դերասաններ, նկարիչներ, երաժիշտներ, դեկորատորներ ու դիմահարդարներ, խոսք, երգ ու պար ուսուցանողներ... Տեսնես հեռո՞ւ է այն ժամանակը, երբ թատրոնն, իրոք, տոնահանդերձ կներկայանա` տարաճաշակ հանրության հոգին գեղեցկացնող ու միտքն իմաստնացնող տարատեսակ նոր ստեղծագործությունների բեղուն ծնունդով:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ