Ազատ խոսքն անմարսելի՞ է դառնում


Այս ամիս Ազգային Ժողովն «անակնկալ» մատուցեց լրագրողական համքարությանը. խորհրդարանում շրջանառության մեջ դրվեց ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այդ օրինագծի, մեզանում լրագրության մասին ձևավորված պատկերացումների, վերաբերմունքի շուրջ է զրույցը Ազատ խոսքի պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:

- Ինչո՞ւ այս օրինագիծն այսպիսի բուռն բացասական արձագանք ունեցավ լրագրողական շրջանակներում:

- Լրագրողական կազմակերպությունների դիրքորոշումը խիստ քննադատական էր. այդպիսի անիմաստ և վնասակար օրինագիծ շուտվանից չէր հայտնվել: Ըստ երևույթին, օրինագծի հեղինակ պատգամավորների մի մասը վիրավորանքներ է ստացել սոցիալական ցանցերում և առանց երկար մտածելու որոշել է սահմանափակումներ մտցնել` չհասկանալով, թե ինչ ծանր հետևանքների դա կարող է հանգեցնել:

- Մենք գործ ունենք չպատճառաբանված և անհիմն ինքնապաշտպանական բնազդի հե՞տ:

- Նաև դա կա: Բայց մենք ավելի շուտ գործ ունենք դիլետանտիզմի հետ: Նրանք պարզապես վատ են պատկերացրել ԶԼՄ-ների գործունեության ազատության ու անկախության անհրաժեշտությունը: Նրանք վատ են պատկերացնում, թե ինչպես կարող է և ինչպես չի կարող կարգավորվել համացանցը. խնդիր, որը միջազգային մակարդակում մինչև հիմա կարգավորում դեռ չի գտել: Եվ այս պարագայում, երբ ամբողջ աշխարհը որևէ լուծում չի գտել, հայաստանյան մի խումբ պատգամավորներ որոշում են ամբողջ աշխարհից առաջ ընկնել և առաջարկել անհիմն, նույնիսկ անհեթեթ բաներ. վիրավորանքի պարագայում տվյալ լրատվամիջոցից պահանջել այդ վիրավորանքը կամ ամբողջ հոդվածը հեռացնել, և եթե 12 ժամվա ընթացքում լրատվամիջոցը չի կատարում պահանջը, դիմել դատարան: Այդ հնարավորությունը, բացի օդից վերցրած 12 ժամից, գործող օրենսդրությունը տալիս է: Բայց այս նախագծի հեղինակներն ակնկալում են սահմանափակումներ, որոնք անհիմն, անօրինական և անհամաչափ են խոսքի ազատության, լրատվամիջոցների գործունեության տեսանկյունից: Պատգամավորները ֆեյսբուքյան անհայտ օգտատերերի կողմից հասցված վիրավորանքների դեմ են ուզում պայքարել: Եթե լրատվամիջոցը ֆեյսբուքից մեջբերում է անհայտ օգտատիրոջ որևէ կարծիք կամ գնահատական, և այնտեղ վիրավորանք լինելու դեպքում, ըստ այդ նախագծի, լրատվամիջոցն ինքը պետք է դրա համար պատասխան տա:

Մենք պնդում ենք, որ դա լուրջ սպառնալիք է լրատվամիջոցներին, որովհետև հանգեցնում է լրատվական դաշտի կաշկանդվածությանը, ի վերջո` խոչընդոտում է լրատվամիջոցների և խոսքի ազատությունը: Անշուշտ, պետք է վիրավորանքից ու զրպարտությունից մարդուն պաշտպանել: Բայց ես միշտ պաշտպանել ու պաշտպանելու եմ լրատվամիջոցներին, որոնք հայտնվում են ցավալի իրավիճակում, երբ օբյեկտիվ քննադատություն են ուղղում որևէ պաշտոնյայի և արդյունքում հայտնվում են դատարանում: Ի դեպ, վատ չէր լինի, որ խնդրո առարկա նախագծի հեղինակ պատգամավորները հանդես գային նախաձեռնությամբ, և լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող` վիրավորանքի դիմաց գումարային փոխհատուցման վերին շեմն իջեցվեր: Այդ տուգանքները համաչափ չեն մեր մանավանդ տպագիր մամուլի ֆինանսական վիճակին և առհասարակ Հայաստանի միջին կենսամակարդակին: Հիշեցնեմ, որ վերին շեմը զրպարտության համար 2 միլիոն, վիրավորանքի դեպքում` 1 մլն դրամ է:

- Բայց ազատությունն էլ չի նշանակում ամենաթողություն, այլ պատասխանատվության բարձրագույն զգացում:

- Անշուշտ: Դա նաև լրագրողական էթիկայի խնդիր է, զուտ պրոֆեսիոնալիզմ է: Շատ կարևոր է, որ հասարակության պահանջ լինի խոսքի ազատությունը, որպեսզի դրա անհրաժեշտությունը զգան իշխանությունները: Հայտնի է ԱՄՆ-ի նախագահ Ջեֆերսոնի արտահայտությունը: Ասում է` եթե ինձ հարցնեին` կուզենայի՞ր կառավարել առանց ազատ մամուլի և քո կառավարությամբ, թե՞ առանց կառավարության և ազատ մամուլով, ես առանց երկար մտածելու կընտրեի երկրորդը:

 

- Մեր զրույցի սկզբում ասացիք, որ այս նախագիծը որոշ պատգամավորների դիլետանտիզմի հետևանք է: Դուք մտավախություն չունե՞ք, որ այդ բառի համար Ձեզ պատասխանատվության կանչեն, նաև ինձ` Ձեր ասածը տարածելու համար:

- Ես կարծիք եմ արտահայտել: Դրանից հետո իրենք ազատ են անել այն, ինչ ուզում են: Մի բանում համոզված եմ, եթե մեր երկրում մարդիկ ազատորեն կարծիք չարտահայտեն, մեր երկիրը կվերադառնա դեպի բռնապետություն:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ