ՆՐԱ ԵՐԳԵՐԸ ՄԱՐՏԻՑ ԱՌԱՋ ՕԳՆՈՒՄ ԷԻՆ ՄԵԶ


Եռաբլուր, ամառ, հուլիսյան միջօրեի տապ: Արևը հուր է թափում շիրմաքարերին, այրող, կիզիչ հուր: Ցուրտ ձմռան ծառահատ կացինները չխնայեցին սրբազան այս վայրին զով ու ստվեր անող ծառերն անգամ: Մոնթեի զինվորն Արցախից` մարտական դիրքերից պիտի գար «Եռաբլուր», ու ես սպասում էի նրան պայմանավորվածից բավական ավելի ժամեր: Մտածում էի, որ երևի էլ չի գա. որքա˜ն պատճառ կարող էր արգելք լինել, բայց մի ձայն անվերջ համառում էր. «Կգա´, հենց հեռանաս` կգա»: Վերջապես, ահա´: Երկու մարտիկ են երևում` մաշված զինվորական հագուստով, քամահար դեմքով: Մեկը, ըստ նկարագրվածի, շատ նման է Սոսին` փոքրամարմին, գեղեցկատես, տխուր, կրակոտ աչքերով: Մի տեսակ լարված է, պրկված, ձեռքին ճերմակ ծաղիկների մեծ փունջ կա: Ծաղիկները դրեց ու, ինչպես որ հարազատ մեկին, փարվեց շիրմաքարին, համրացավ: Ընկերը գլխահակ կանգնել էր կողքին: Հետո կտրուկ վեր ելավ ու մոլոր քայլերով անցավ շիրմից-շիրիմ, հատ-հատ ծաղիկներ դրեց ու փարվեց: Վերցրեց, քնքշանքով թափ տվեց աղջկա շիրմաթմբին գցված զինվորական բաճկոնն ու կրկին փռեց նույն տեղում, այնպե՜ս քնքշանքով, որ չլինի թե այդ հպումով ցավ պատճառի զոհված քույր-ընկերոջը: Սրբեց տղամարդկային ժլատ արցունքը, ուղղեց ուսերն ու հպարտ քայլեց դեպի Մոնթեի գերեզմանը: Դրեց վերջին ծաղիկները, երկար ու լուռ կանգնեց: Լուռ էր, բայց, ասես, լսում էի սիրելի զորապետին ուղղված նրա խոսքերը: Այլևս չհամբերեցի, մոտեցա:

- Ձեր անունը Սո՞ս է, Դուք Սոս Հովսեփյա՞նն եք:

Գլխով հաստատական շարժում արեց:

Մենք երկար զրուցեցինք: Խորապես հուզվել էի նրա պատմածներից: Ծառայել է Սախալինում: 1989թ. մայիսի 16-ին զորացրվել է ու, առանց մտնելու հայրական տուն, Երևանից ուղիղ մեկնել Արցախ: Այդ օրից ի վեր Արցախի անկախության պայքարի զինվորն է, անգիր գիտի ամեն գյուղ, ճամփա ու կածան: Սկզբում Գետաշենում էր, ապա` Ազատում, Կամոյում, Ասկերանում, Գյոլգյոլում, Աղդամում, Շահումյանում, Մարտունիում, այլուր...: Պարտության ցավը ճաշակեց, հաղթանակի բերկրանքը, զինընկեր կորցրեց ձեռքերի վրա ու էլի շատ մարտական ընկերներ: Արցախի շատ ծառեր հիմա հուշարձաններ են զոհված ընկերների գլխավերևում:

Սոս Հովսեփյանի մարտական ընկերներն այսպես են հիշում նրան.

Կարեն ԲԱԲԱՅԱՆ.

ԼՂՀ ՊԲ առանձին մոտոհրաձգային գումարտակի նախկին հրամանատար, Ստեփանակերտի ընտրված առաջին քաղաքապետ.

- Իր պատմության օրհասական և վճռական պահերին հայ ժողովուրդը բազմիցս ցույց է տվել համախմբվելու, մի բռունցք, մի մարմին ու մի զարկ դառնալու իր ունակությունը: Մեր նորօրյա հերոսամարտի պահին էլ ազգի խիզախ զավակները, զենք վերցնելով և զինվորագրվելով կամավորական ջոկատներին, մեկնեցին ճակատ` ապացուցելու ոսոխին, որ հայը կա ու տերն է իր ճակատագրի:

Նրանցից մեկը Սոս Հովսեփյանն էր: 1992թ. մայիսից ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի 2-րդ վաշտի կազմում: Մասնակցում էր մարտական գործողություններին: Այդ ժամանակ թեժ մարտեր էին ընթանում Ասկերանի շրջանի Խանաբադ և Քյաթուկ գյուղերի, ինչպես նաև Ասկերան շրջկենտրոնի ուղղությամբ: Նախիջևանիկ գյուղի ազատագրման ժամանակ նա վիրավորվեց, տեղափոխեցինք զինվորական հոսպիտալ: Սակայն, լինելով Հայրենիքի ազատագրմանն անմնացորդ նվիրված զինվոր` ապաքինվելուց հետո շարունակեց պայքարը: 1993թ. հունիսին վերադարձավ արդեն առանձին մոտոհրաձգային գումարտակի վերակազմավորված մեր զորամասը, որի կազմում մասնակցեց Մարտակերտ, Աղդամ, Ֆիզուլի, Հորադիզ, Ղուբաթլու ուղղություններով մղվող մարտական գործողություններին: 1993թ. օգոստոսի 8-ին Աղդամի շրջանի Խաջարլի գյուղի մոտ նա կոնտուզիա ստացավ, սակայն ապաքինվելուց հետո կրկին շարք վերադարձավ: 1994-ի հունվարի 1-ին Սոսը զոհվեց զենքը ձեռքին` Աղդամի շրջանում ընթացող մարտական գործողությունների ժամանակ:

Իր մարտական ուղու ընթացքում Սոս Հովսեփյանն աչքի է ընկել Հայրենիքի նկատմամբ իր ազնիվ ու մաքուր սիրով, հայ ժողովրդին և նրա ազգային-ազատագրական պայքարին նվիրվածությամբ, խիզախությամբ և անձնազոհությամբ: Սոսի պես հայ քաջարի մարտիկների շնորհիվ է, որ մենք այսօր վայելում ենք խաղաղությունը, Հայաստանի և Արցախի վերամիավորման պատմական անգնահատելի իրողությունը, մասնակցում ենք պետության և զինված ուժերի հզորացման գործընթացին: Սոսի կերպարում զարմանալիորեն միավորված էին բանաստեղծը, ճարտարապետը, զինվորը: Անսպառ եռանդով ոգեկոչում էր մարտական ընկերներին` օգտագործելով յուրաքանչյուր դադար:

Սոս Հովսեփյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում, նրա կերպարը օրինակ կծառայի մեր երիտասարդ զինվորների դաստիարակության գործում:

Մհեր ՀԱՅՐԻՅԱՆ.

- 1993թ. հուլիսի 23-ին ազատագրվեց Աղդամ քաղաքը, և մեր գումարտակը Աղդամից հարավ դիրքեր գրավելով` անցավ պաշտպանության: Օգոստոսի 8-ի վաղ առավոտից հակառակորդն սկսեց հրետակոծել մեր դիրքերը: Արկերը թափվում էին տեղատարափ անձրևի պես: Մեր խրամատներն ու հաղորդակցության ուղիները քանդվել էին: Հակառակորդն անցավ հարձակման, և հրետակոծությունը դադարեց: Մենք` 26 հոգի, դիրքավորվեցինք` դիմագրավելու հետևակի և տանկերի հարձակումը: Կողքիս Սոսն էր: Հավանաբար թշնամին կարծում էր, թե հրետակոծումից հետո մեզնից ոչինչ չի մնացել, և ինքնավստահորեն առաջանում էր: Մենք սկսեցինք նրան անխնա ոչնչացնել: Սոսը, արագորեն մի դիրքից մյուսը տեղափոխվելով ու ոգևորելով տղաներին, կրակում էր մե´կ գնդացրից, մե´կ նռնականետից: Հակառակորդը մեծ կորուստներով հետ շպրտվեց. մենք հրճվում էինք և ինչ-որ պահ կորցրինք զգոնությունը:

Թուրքերը կրկին սկսեցին հրետակոծել: Ուշքի եկա արդեն «շտապ օգնության» մեքենայում` Ստեփանակերտ տանող ճանապարհին: Ինձ հետ մեքենայում էին նաև Սոսը և էլի վեց հոգի մեր տղաներից: Բոլորը կոնտուզիա էին ստացել:

Դեռ լրիվ չապաքինված` Սոսը շարք վերադարձավ և գումարտակի հետ մասնակցեց Ղուբաթլուի, Ֆիզուլիի, Հորադիզի լարված մարտերին: Դեկտեմբերի վերջերին թշնամին կատաղի հարձակումներ էր սկսել բոլոր ուղղություններով: Գումարտակը տեղաբաշխվել էր Աղդամի շրջանում: Մարտերի երեք-չորս օրում մենք ոչ միայն վերականգնեցինք կորցրած տարածքները, այլև շարունակեցինք հարձակումը:

Վարդան ԳԵՎՈՐԳՅԱՆ.

- Որոշ ժամանակ Սոսն անընդատ կողքիս էր, չէի հասցնում մի նռնակը կրակել, երկրորդն արդեն պատրաստ էր լինում, իսկ այդ ժամանակ գիշեր- ցերեկ լարված մարտեր էին մղվում: Հուլիսի 4-ին հրաման ստացանք ազատագրել Նախիջևանիկ գյուղը: Մարտի թեժ պահին Սոսը վիրավորվեց աջ ուսից, բայց վիրակապված ձեռքով էլ դիրքը չլքեց` մինչև մարտը չդադարեց: Մինչ այդ նա կռվել էր ուրիշ զորամասում և վիրավորվելուց հետո դարձել էր 2-րդ կարգի զինհաշմանդամ (այդ մասին մենք իմացանք արդեն նրա մահից հետո): Երբ վերադարձավ գումարտակ, մարտական ընկերները նրան ջերմորեն ընդունեցին: Այդ ժամանակ արդեն մարտեր էին մղվում Աղդամի ուղղությամբ:

Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ.

- ...Ծառայությունն սկսելով 2-րդ վաշտում` Սոս Հովսեփյանը առաջին իսկ մարտերում իրեն դրսևորեց որպես համարձակ, խիզախ մարտիկ` բարդ իրավիճակներում չկորցնելով սառնասրտությունն ու կշռադատված, ճիշտ որոշումներ կայացնելու ունակությունը: Քյաթուկի ուղղությամբ արյունալի մարտեր էին մղվում: Երբ հակառակորդի գրոհը հետ էր մղվում, թշնամու հրետանին չէր լռում` կրակի տակ պահելով մեր դիրքերը: Սոսն այդ ժամանակ գնդի նռնականետորդ Վարդան Գևորգյանի օգնականն էր:

1994թ. հունվարի 1-ի առավոտյան սկսեցինք գրոհը: Խնդիր էր դրված գրավել ջրատարը, ամրանալ մյուս ափին և շարունակել հարձակումը: Ծանր մարտերով առաջանում էինք և արդեն հասցրել էինք դիրքավորվել իշխող փոքր բարձունքի վրա, որ Սոսը գլխից մահացու վիրավորվեց...:

Մենք` նրա մարտական ընկերները, խորին հարգանքով ենք հիշում Սոս Հովսեփյանին, նրա բանաստեղծությունները, որոնցում Հայաստանի, հայ ժողովրդի, գեղեցիկի հանդեպ անսահման սեր կա: Հիշում ենք նրա երգերը, որ մարտից առաջ, դժվարին պահերին ոգևորում, օգնում էին մեզ: Սոսը համարձակ ու խիզախ մարտիկ էր, բարեսիրտ ու հավատարիմ ընկեր:

Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ