ՆՈՐՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ 10 ՊԱՏՎԻՐԱՆ


Չսպասել, ինքնակազմակերպվել ու չգողանալ

Մինչ Արևմուտքն ու Ռուսաստանը հարաբերություններ են պարզում, իսկ նրանց գործընկերները փորձում են չսխալվել` վերաբերմունք արտահայտելով, վերանկախա ցած Ուկրաինայում քննարկվում են տասը նոր պատվիրանները: Այդ դեկալոգը տարածված է նաև սոցցանցերում և, ինչպես տեղի ԶԼՄ-ներն են գրում` դա դուր է եկել նույնիսկ ռուսաստանցիներին:

Իրականում պատվիրաններում ոչինչ նոր չէ այնպես, ինչպես այս արևի տակ ոչինչ նոր չէ: Պարզապես մարդիկ իրենց տառապանքի փորձով հասկացել են, թե ինչն է խանգարել նորմալ ապրելուն և թե ինչի գայթակղությանն են տրվել նախկին իշխանավորները: Ահավասիկ.

Նախևառաջ ուկրաինացիներին առաջարկվում է հրաժարվել կաշառք տալուց և վերցնելուց:

- Ձուկը գլխից է հոտում, իսկ մեր պարագայում երկիրն է հոտել` սկսած մեզանից յուրաքանչյուրից,- որպես պարզաբանում ասվում է թիվ 1 պատվիրանից հետո:

Բացի այդ, նոր Ուկրաինայի բնակիչներից պահանջվում է չգողանալ, հարգել ուրիշներին, օգնել և նպաստել մաքրությանը: «Ինքնակազմակերպվել» պատվիրանին էլ որպես պարզաբանում, նշվում է.

- «Ինձ չի վերաբերում» (мя хата с краю) ասվածը ժամանակավրեպ է` հին Ուկրաինայի կարգախոսը: Հիմա, Մայդանի օրինակով, հարկավոր է պայմանավորվել հարևանների ու գործընկերների հետ և պաշտպանել ձեր իրավունքները:

Ուկրաինացիներին առաջարկվում է պատասխանատվություն ստանձնել քաղաքի մաքրության, ընտրված պատգամավորների, անձնական կյանքի և անձնական հաջողությունների համար: Այսինքն, չվախենալ` սեփական իրավունքները պաշտպանելու, գողերին բռնելու և կարծիք արտահայտելու: Եվ չսպասել, մինչև «պետությունը` հանձին պաշտոնյաների կամ իշխանությունների, ձեզ աշխատանք կտա և կլուծի խնդիրները»:

Վերջին պատվիրանը մարդկանց հորդորում է ընդլայնել մտահորիզոնը` դուրս գալով «կարծրատիպերի քարանձավներից» և ինքնուրույնության աշխարհը բացահայտել:

Պատվիրաններն, ասում են` ոգևորությամբ են ընդունվել ժողովրդի կողմից: Ինչպես տեղեկացրել է TSN-ը` նույնիսկ ոմանք հրաժարվել են ճանապարհային տեսուչներին կաշառք տալ: Ձևակերպումներն, իսկապես ոգևորող են, բայց դրանց կիրառման ուղիները փշոտ են լինելու: Վերջին հաշվով հո մարդիկ չե՞ն փոխվել...