ԸՆԴՄԻՇՏ ՎԵՐԱԴԱՐՁ


Արդեն մեկ տարի է` չենք լսում նրա կենդանի խոսքը, համով-հոտով զրույցները, որոնք ունկնդրին տեղափոխում էին ճշմարիտ արվեստաստեղծ ժամանակներ: Նրա ամեն խոսքից լավատեսություն էր ծորում, իր ամեն խորհրդով գոտեպնդում էր, մղում առաջ նայել ու որոնել:

- Անհնար ոչինչ չկա. պարզապես երբեմն սխալ տեղում ենք որոնում մեր ուզածը, կամ որոշ բաներ դժվարությամբ են տրվում,- ասում էր հաճախ:

Քանի˜-քանի սկսնակ արվեստագետների ճանապարհին է կանաչ լույս վառել նա` իրեն ճանաչող բոլորի սիրելի Գեորգի Գարեգինովիչը` արվեստի վաստակաշատ գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Գեորգի (Ժորժ) ԱՍԱՏՈՒՐՅԱՆԸ: Քանի˜-քանիսին է ճանապարհել մեծ արվեստ` հարազատի սրդողածությամբ ոգևորելով յուրաքանչ յուրին ու ինքն էլ ոգևորվելով նրանց մեծ ու փոքր հաջողություններով...

 2014-ին անհամբերությամբ էինք սպասում` հայրական իր ջերմությունից ամենքիս բաժին հանող Գեորգի Ասատուրյանի ծննդյան 90-ամյակը շուքով նշելու: Բայց առաջին անգամ նրա ծով-համբերությունը չբավարարեց: Ճիշտ մեկ տարի ու մեկ շաբաթ «շտապեց»` հավերժին ձուլվելու... Վատառողջ էր. գիտեինք: Ինքն էլ գիտեր, որ այդ չար ցավն անողոք է: Բայց երբ հարցնում էինք «Ինչպե՞ս եք», փորձում էր ձայնին առույգություն հաղորդել.

- Էսօր մի քիչ ավելի լավ եմ, վաղը լրիվ առողջ կլինեմ:

Պերճաշուք կեցվածքը բնավորություն էր նրա համար և մինչև վերջին պահը չլքեց նրան: Վերջին օրերին դժվարանում էր անկողնուց ելնել, բայց իրեն մշտական այցելողներիս անգամ անկողնում չէր դիմավորում: Ի´նքն էր մեզ քաջալերում, ու ոչ մի անգամ չխոսեց տկարության, ցավի, մահվան մասին: Իր ապրած անհանգիստ ու հագեցած ամբողջ կյանքում որևէ մեկին այսքան ցավ չէր պատճառել, ինչպես այս անգամ: Պատրաստվում էինք 89-ամյակը շնորհավորել, բայց այդ օրը նրա թարմ շիրիմին այցելեցինք...

 Խաղաղ նիրհի´ր, թանկագին Գեորգի Գարեգինի Ասատուրյան: Քո ապրած կյանքը, Քո բարեկամը լինելու վայելքը ճաշակածներիս հոգում Դու ապրելու ես միշտ` Քո ջերմ ժպիտով, Քո բարի խորհուրդներով, վարակիչ լավատեսությամբ և կա-րեկից Քո հոգով:

Երկնային կյանքում, ասում են` ամեն ինչ գիտեն Երկրի մասին: Ուրեմն տեղյակ ես սիրելի Մարդ, որ վաստակդ ևս մեկ անգամ գնահատվեց ապրողների կողմից. Երևանի ավագանու որոշամբ Քո սիրելի Խանջյան փողոցի բնակելի շենքի պատին փակցվեց հուշատախտակդ: Դա ոչ միայն որդիներիդ ու հարազատներիդ, այլև Քո օջախում իրենց հոգսերը թոթափած տասնյակ մտերիմներիդ համար մեծ ուրախություն էր, երախտիքի խոսք: Հիմա արդեն այդ հուշաքարին ենք այցելելու` վերջին 1 տարում քեզ չասված խոսքերն այնտեղ մրմնջալու:

Հուշաքարիդ բացման արարողությունը նույնքան մարդաշատ էր, որպիսին լինելու էր` եթե բախտ վիճակվեր ծննդյանդ 90-ամյա հոբելյանը տոնել: Դա Քեզ կուրախաց ներ, բայց չէր զարմացնի. այդ բոլոր մարդիկ քո հյուրընկալ օջախի մշտական այցելուներն էին ու նաև Քեզանից էին սերտել հարգանքի տուրք մատուցելու մե˜ծ դասը: Հուզիչ էր հատկապես թանկագին քրոջդ` Սեդա Ասատուրյան-Մանուշակյանի խոսքը: Արտասվաթոր աչքերը Քո վերադարձի խորհրդանիշ հուշատախտակից չկտրելով, նա ասաց.

- Ես հպարտ եմ, որ նա իմ եղբայրն է: Գեորգին յուրահատուկ մարդ էր. յուրահատուկ են և նրա կատարած գործերը: Օժտված էր մարդկային բոլոր առաքինություն ներով` մարդասեր, ընտանեսեր, հայրենասեր, ընկերասեր, հյուրասեր... Չեմ պատմի այն ազգանպաստ, հայ մշակույթի զարգացմանն ուղղված նրա գործերի մասին. դա բոլորը գիտեն: Բայց ուզում եմ մեջբերել մեկ այլ երախտավորի` արժանահիշատակ Վանուշ Խանամիրյանի մի կարծիքը եղբորս մասին. «Նա հսկա է ոչ միայն արտաքնապես, այլ նաև իր կատարած ազգանվեր գործերով: Նա հետաքրքիր, շատ հաճելի անձնավորություն է, ում ավանդը շատ մեծ է հայ ժողովրդի կյանքում: Նրան սիրում ու հարգում են ամենքը և ամենուր»:

Սիրելի Գեորգի Գարեգինովիչ, մի փոքրիկ հատված էլ «Ավանգարդի» 2011 թ. հրապարակումից հիշենք.

- Տարիքի բերումով չաշխատել ասվածն էլ խիստ հարաբերական է նրա պարագայում: Իր իսկ հավաքած հարուստ արխիվին ծանոթանալիս` թվում է քեզ ծանոթ ու առինքնող այն աշխարհում ես հայտնվել, ուր հաղթանակների տոն է, մշակութային հրավառություն: Սակայն միայն հուշերը թերթելով չի բավարարում վաստակաշատ գործիչը: Մեկ տասնյակից ավելի գրքերի հեղինակ է նա: Գրքեր, որոնցում հայ մշակույթի ու սպորտի ծաղկման տարիներից անչափ կարևոր ու հետաքրքիր մանրամասներից բացի, նաև Գեորգի Ասատուրյանի չափածո և արձակ ստեղծագործություններն են:

Դեռ այնքա˜ն դասեր կային նրանից առնելու... Ու ամենից առաջ` մեծահոգի, բարի, մարդկանց սիրելու և անտաբերության թմբիրից միշտ զերծ մնալու դասեր: Առաքինությա´ն դասեր:

«ԱՎԱՆԳԱՐԴ»