Նոր խնդիրներ` նոր աշխարհակարգի ձևավորման շեմին


Արդեն բոլորի համար է հասկանալի, որ Ուկրաինայում իրական պայքարը Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև է: Ավելի ճիշտ` գործ ունենք հին աշխարհակարգի փլուզման և նորի ձևավորման հետ:

Բոլոր երկրները հասկանում են` նոր աշխարհակարգի ձևավորման փուլում են, երբ պետք է որոշվի նոր աշխարհում յուրաքանչյուրի տեղն ու դիրքը, նաև` այլոց գործողությունների հարցում որոշիչ ձայն ունենալ-չունենալը: Եվ այս սպասողական դրության մեջ տեղեկություն է ստացվում, որ մայիսին հայ-իրանական միջկառավարական խորհրդակցության ժամանակ կարող է Իրանը Հայաստանին դարձյալ գազի նոր գին առաջարկել: Այսինքն` թարմացվի մատակարարվող ռուսական գազի դիմաց իանական ավելի էժան գազի մասին պատմությունը: Շատերը կհիշեն, որ գազի գնի վերաբերյալ Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարություններն այն ժամանակ ՀՀ վարչապետն անվանեց դիվանագիտական վրիպակ: Ի՞նչ կարող է տեղի ունենալ մայիսին. Իրանը կկրկնի՞ արդյոք իր «դիվանագիտական վրիպակը», և ինչպե՞ս կարձագանքի դրան Հայաստանը:

Ակներև է` Թեհրանը ակտիվացնում է տարածաշրջանային քաղաքականությունը` ունենալով Արևմուտքի օժանդակությունը: Ի հաշիվ Թուրքիայի և Ադրբեջանի Իրանի ակտիվացումը բխում է Հայաստանի շահերից: Բայց մյուս կողմից էլ կա Ռուսաստանի հետ գազային պայմանագիրը, ինչը լրջագույն խոչընդոտ կարող է հանդիսանալ հայ-իրանական հարաբերությունների զարգացման ճանապարհին: Այս պահին հարցերի հարցն է մնում, թե մայիսին Ռուսաստանը հայ-իրանական հիշյալ զարգացումներով զբաղվելու հնարավորություն կունենա՞, կամ` ի՞նչն ավելի լավ կլինի` Ռուսաստանի հնարավորություն ունենալը, թե՞ չունենալը...

Ա. Դ.