Սայլի փոխարեն սայլվո՞րն է ճռռում


Տարիներ առաջ, երբ այսպես կոչված ավտոապահովագրության պայմանագիրը հայկական կենցաղ մտավ, բոլոր հաշվարկները խոսում էին այն փաստի օգտին, որ օդից փող քամելու լավագույն բիզնեսներից մեկն է հորինվել: Պարզ է, որ եթե մեկ տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարի կողմ դառնալու հավանականությունը մոտ տասը տոկոս է, ապա դժվար չէ հաշվարկել, որ ամեն տարի վճարվող մի քանի տասնյակ հազար դրամը այդպես էլ դուրս չի գա ապահովագրական ընկերության գրպանից:

Ժամանակը լիարժեքորեն հաստատեց այս իրողությունը, իսկ վարորդներն էլ հարմարվեցին ի սկզբանե անհեթեթ այս իրավիճակին:

Այն, որ ամբողջ աշխարհում ապահովագրության ցանկացած տեսակ (լինի անշարժ գույք, թե ավտոմեքենա) կամավոր է` վաղուց ու բոլորին է հայտնի: Բայց արի ու տես, որ դժգոհելու հերթը հիմա էլ ապահովագրողներին է հասնել: Նախորդ տարվա ընթացքում նրանք ամեն առիթով դժգոհեցին, թե իրենց բիզնեսն այնքան էլ շահութաբեր չէ, և սակագները վերանայելու անհրաժեշտություն է առաջացել: Գործադիրի կողմից այս առաջարկն առանձնապես ուշադրության չարժանացավ. սակագների վերանայումն արդարացված չէ: Բացի այդ, այն հերթական սոցիալական բողոքի ալիքը կարող էր բարձրացնել, ինչից գաղտնիք չէ, որ ցանկացած իշխանություն ամեն գնով խուսափում է:

Եվ ահա, ապահովագրողները որոշելով վարորդներին հանգիստ թողնել (հավանաբար` ժամանակավորապես), հիմա էլ որոշել են գործադիրի «հախից գալ»: Նրանք աներևակայելի վնասներ են հայտարարագրել նախորդ տարվա իրենց գործունեության ընթացքում… Այս բիզնեսում ներգրավված 6-7 ընկերություններից և ոչ մեկը ապահովագրական շուկան թողնելու մասին նույնիսկ չի էլ մտածում, ու հենց այդ պատճառով էլ կառավարության ուղղությամբ տակառ գլորելու հարցում նրանք միասնական համերաշխություն են դրսևորել: Մի քանի հարյուր միլիոն դրամը, իհարկե, փոքր գումար չես համարի: Այս ընկերությունները (որոնք, առանց բացառության, ոչ պատահական մարդկանց են պատկանում) չափազանց խնայող են նաև պարտաճանաչ վարորդների համար զեղչեր կիրառելու հարցում: Նրանք ժամանակին խոստացել էին բարեխիղճ և վթարներից խուսափած մեքենատերերի համար արտոնություններ սահմանել: Եվ ահա վերջին ամիսներին այդ զեղչերը կիրառվում են, բայց 2-3 հարյուր դրամի չափով: Ոչինչ չփոխող և ծիծաղելի գումար` 30-40 հազար դրամ պարտադիր վճարի պայմաններում:

Պնդել, որ ապահովագրական ընկերությունները ժամանակին ստում էին ու հիմա էլ ուղղակիորեն խաբում են մարդկանց, անշուշտ սխալ չի լինի: Ինչպես ժողովուրդն է ասում, սուտը պոզ ու պոչով չի լինում: Ավելի ազնիվ կլիներ ոչ խոստանալ, ոչ էլ նման զավեշտալի զեղչեր կիրառել: Պակաս կարևոր չէ նաև հարյուրավոր միլիոնների վնասների իրողությունը: Այս դեպքում թերևս պատկան մարմինների անտարբերությունը աններելի կլինի: Որևէ մեկը չէր խնդրում ապահովագրություն կոչվածը պարտադիր սարքել, ու եթե բանը հասել է նրան, որ հիմա արդեն ապահովագրողներն էլ են դժգոհ, ուրեմն ճիշտ կլինի հենց այս ընկերությունները հրաժարվեն իրենց մի քանի տարի առաջվա առաջարկից` հանգիստ թողնելով վարորդներին և հրաժարվելով միլիոնների «վնասներ» կրելուց:

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ