«Ալ-Քաիդա»-ն լիազորված է հայտարարել... Համբերությունը հատել է


Թիվ 1 ահաբեկիչ Բեն Լադենն այս անգամ առաջարկում է ամերիկյան իմպերիալիզմի դեմ «մետաղյա կրակով» պայքարել Պաղեստինի ազատության համար: Անցյալ հինգշաբթի երեկոյան «Ալ-Ջազիրա»-ի Կատարի ռադիոեթերով «Ալ-Քաիդա»-ի անորսալի առաջնորդը պաղեստինցիներին կոչ է արել օգտագործել «երկաթ և կրակ»` Գազայի հատվածի շրջափակմանը վերջ տալու համար: Ուսամայի խոսքերով` իր ռադիոուղերձը նվիրված է «Գազայի պաշարմանը, նրա և Պաղեստինի մյուս ազգաբնակչությանը սինոիստ-թշնամիներից ազատագրմանը: - Մեր թշնամիները Պաղեստինը գրավել են կրակով և երկաթով: Այն վերադարձնելու համար մենք պետք է գործենք այնպես, ինչպես նրանք,- բեն Լադենի խոսքից մեջբերում է կատարել Reuters-ը: - Հանուն Պաղեստինի` ամենամոտիկ մարտադաշտը Իրաքն է: Աջակցելով Իրաքում սուրբ պատերազմ մղող մոջահեդներին` մուսուլմաններն օգնում են պաղեստինցի եղբայրներին` նրանց պայքարում,- վստահ է եղել ակաբեկիչը: - Օրհնյալ երկրի ժողովուրդը պետք է զգա աստվածային երանությունը և կատարի այն, ինչը պարտավոր է անել` Իրաքում իրենց մոջահեդ-եղբայրներին սատարելու համար,- ասված է նրա դիմումում, որով, ի դեպ, հերքվում են Մերձավոր Արևելքում հաշտություն կնքելու փորձերը: Իմիջիայլոց, անցյալ շաբաթ սա թիվ 1 ահաբեկչի երկրորդ ուղերձն էր: Լույս չորեքշաբթի գիշերը իսլամական կայքերից մեկում զետեղված է եղել նրա կոչը ներկայացնող ձայներիզ, որով Ուսաման Եվրոպային հատուցում է խոստանում` Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման համար: Կենտրոնական հետախուզական վարչության փորձագետներն համոզված են, որ մարտի 19-ին ձայներիզից իսկապես հնչել է «Ալ-Քաիդա»-ի ղեկավարի ձայնը: Կարծիք կա, թե բեն Լադենը թաքնվում է Պաղեստինի և Աֆղանստանի սահմանամերձ դժվարամատչելի լեռնային շրջանում: Նրա գլխի համար Սպիտակ տունը պատրաստ է վճարել 27 միլիոն դոլար: Բի-բի-սի-ի տեղեկատվությամբ` մի շարք երկրների հատուկ ծառայությունները շարունակում են նրան դասել վտանգավոր հակառակորդների շարքում: * * * Անցյալ շաբաթ Ուսամա բեն Լադենի կատարած հայտարարությունից հետո նախաձեռնությունն անմիջապես ստանձնեց «Ալ-Քաիդա»-ի ղեկավարության երկրորդ դեմքը համարվող Այման ալ-Զավահիրին: Սատարելով իր ղեկավարին` նա ևս հանդես է եկել 5 րոպեանոց ռադիոդիմումով` կոչ անելով պայքարել հանուն Պաղեստինի` ամերիկացիների և իսրայելցիների դեմ ահաբեկչության մեթոդով: