ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼԻԱԶՈՐԱԶԵՐԾՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԱՄՆ-ԻՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ` ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ


ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայության խնդրանքով ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Սարգսի ՔՈԹԱՆՋՅԱՆԸ գնահատում է Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի ընդունումից հետո ձևավորվող իրավիճակը: - Ի՞նչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարի հայտարարությունն այն մասին, թե «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակը չէ և չի կարող Հայաստանի հետ քննարկումների առարկա լինել»: - Բաքվի իշխանությունները ձեռնամուխ են եղել մի խնդրի լուծմանը, որն ակնհայտորեն դուրս է բացառապես իրենց իրավասության սահմաններից: Ադրբեջանի իշխանություններն իրենց գործողություններով փորձում են համոզել միջազգային հանրությանը, որ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ որպես համապիտանի նորմ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների հարգման սկզբունքի կիրառումը Ղարաբաղի հայերի նկատմամբ բացառապես Ադրբեջանի ներքին գործն է: Նրանց նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբի լիազորազերծումն (դեզավուացում) է և նրա կազմից Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հեռացումը` կապված Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ժամանակ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կիրառման նկատմամբ այդ պետությունների ցուցաբերած համակարգային մոտեցման հետ: - Վերադառնանք հիմնախնդրի իրավական կողմին: Ադրբեջանի օրինակով` ինչպիսի՞ն են պետությունների պարտավորությունները ազգային իրավունքի համակարգում միջազգային նորմերի և ստանդարտների պահպանման գծով: - Ադրբեջանի պաշտոնատար անձինք հայտարարում են, թե «Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է լուծվել միայն Ադրբեջանի ներքին օրենսդրության հիման վրա», և կարգավիճակի վերաբերյալ հակամարտող կողմերի հետ Մինսկի խմբի խորհրդատվությունները իբր ներխուժում են Ադրբեջանի ներքին գործերի ոլորտ: - Հատկանշական է Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության անհամապատասխանությունը ՄԱԿ-ի Կանոնադրությամբ և 1966 թ. Մարդու իրավունքների մասին միջազգային համաձայնագրերով ձևակերպված լիակատար ազատության պայմաններում ազատ կամաարտահայտման միջոցով սեփական ճակատագիրը ինքնուրույնաբար տնօրինելու ժողովուրդների իրավունքի և սկզբունքի միջազգային-իրավական նորմի էությանը: Ինչպես հայտնի է, միջազգային հարաբերությունների համակարգում այդ փաստաթղթերը այն պայմանագրերն են, որոնք ամրագրում են Միջազգային իրավունքի ճանաչված հիմնական սկզբունքներն ու նորմերը պահպանելու և հարգելու պետությունների պարտավորությունները, և առաջին հերթին` մարդու իրավունքներն ու ազատությունները: Խոսքը վերաբերում է միջազգային իրավունքի այն սկզբունքներին, որոնք կազմում են նրա առավել կայուն միջուկը և համապիտանի չափանիշ են պետությունների գործելակերպի միջազգային օրինականության գնահատման համար: - Կիրառելով միջազգային հանրության կողմից ճանաչված օրինականության չափանիշները` Դուք ինչպե՞ս կգնահատեիք Ղարաբաղյան կարգավորման նկատմամբ Ադրբեջանի գործելակերպի համապատասխանությունը իր միջազգային պարտավորություններին: - «Ադրբեջանի ամբողջ բնակչության շրջանում հանրաքվեի միջոցով տարածքի փոփոխման մասին» Ադրբեջանի Սահմանադրության նորմը հակասում է այդ փաստաթղթի մեկ այլ նորմի, որը ձևակերպված է «Պետության գերագույն նպատակը» հոդվածում: Ըստ այդ ձևակերպման` «սույն Սահմանադրության մեջ թվարկված մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները կիրառվում են համապատասխան այն միջազգային պայմանագրերին, որոնց կողմն է Ադրբեջանի Հանրապետությունը»: Տվյալ դեպքում խոսքը պետք է վերաբերի վերը հիշատակված միջազգային պայմանագրերին: - Այսպիսով` Ադրբեջանի իշխանությունների այն պնդումները, թե իրենք Ղարաբաղյան հակամարտության լուծման գործում հավատարիմ են միջազգային իրավունքին, չեն համապատաս խանում իրականությանը: Սահմանադրության մեջ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ստացած սկզբունքների և նորմերի ամբողջովին արտացոլման տեսանկյունից, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պրակտիկայում Ադրբեջանի գործելակերպը չի համապատասխանում միջազգային օրինականության չափանիշին: - Ի՞նչ կարծիքի եք Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում առաջ քաշված Ղարաբաղյան բանաձևի դեմ Մինսկի խմբի անդամների քվեարկության մասին: - Դատելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պաշտոնական հայտարարություններից, որոնք արվել են Գլխավոր ասամբլեայից առաջ և հետո, կարող ենք եզրակացնել, որ նրանք դեմ են քվեարկել այն պատճառով, որ Ադրբեջանի նախագիծը հակասում էր, նախ, միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունքներին ու նորմերին, ինչպես նաև դրանց կիրառման միջազգային օրինականության չափանիշին: Երկրորդ. Ադրբեջանի գործելակերպը չի համապատասխանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և լուծման գործում միջազգային իրավունքի սկզբունքների համակարգի կիրառման նկատմամբ Մինսկի խմբի հավասարակշռված մոտեցմանը: ՄԱԿ-ի հարյուր ձեռնպահ անդամները փաստորեն ըմբռնողականություն դրսևորեցին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կշռադատված դիրքորոշման նկատմամբ: - Ինչպե՞ս Դուք կբացատրեք ՄԱԿ-ի այն 39 անդամների շարժառիթավորումը, որոնք քվեարկեցին հօգուտ բանաձևի: - Այդ պետությունները, որոնք հիմնականում ներկայացնում են Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը և ՎՈՒԱՄ-ը, հանդես եկան հօգուտ Ադրբեջանի այն դիրքերից, որոնք ավելի բնորոշ են սառը պատերազմի ժամանակներին, այն է` բլոկային համերաշխության սկզբունքով: - Ադրբեջանը քվեարկության արդյունքներով սպառնում է վերանայել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նկատմամբ իր վարած քաղաքականությունը: Ինչպե՞ս կարելի է բացատրել Ադրբեջանի անհարգալից վերաբերմունքը խաղաղ կարգավորման գործընթացում Մինսկի խմբի ունեցած ներդրմանը և Բաքվի ագրեսիվությունը Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նկատմամբ: - Ադրբեջանը եվրոպական էներգետիկական քաղաքականության մեջ իրեն նախանշանակված դերն ընկալում է որպես Ռուսաստանի հետ աշխարհատնտեսական և աշխարհառազմավա րական մրցակցության «պատմական» առաքելություն: Շահարկելով ԵՄ-ի և ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի ռազմավարական շահերը` Ադրբեջանը փորձում է առավելագույնս բարձրացնել իր խաղադրույքներն այնպես, որ կարողանա այդ ռեսուրսն օգտագործել Ղարաբաղյան կարգավորման գործում իր շահերի ուժային հակաիրավական առաջմղման համար: Այդ նպատակով Ադրբեջանն արդեն իսկ իրեն իրավունք է վերապահում շանտաժի ենթարկելու և° Ռուսաստանին, և° ԱՄՆ-ին, և° Ֆրանսիային, և° Մինսկի խմբին ամբողջովին: Մի շարք միջազգային փորձագետների կարծիքով` Ադրբեջանը կորցնում է իրականության զգացումը: