Օդային մարտերի հմուտ վարպետը (Նելսոն Գևորգի Ստեփանյանի ծննդյան 95 ամյակին)


1941-45 թթ. Հայրենական մեծ պատերազմի տարիների հայ ազգի փառապանծ 106 հերոսների շարքում Նելսոն Ստեփանյանը Խորհրդային Միության եզակի կրկնակի հերոսն է (մարշալ Բաղրամյանը կրկնակի ԽՄ հերոսի կոչումը ստացել է 1977-ին): Ն. Գ. Ստեփանյանը ծնվել է 1913 թ. մարտի 28-ին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում: Մեկ ու կես տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվել է Երևան: Սովորել է Գորկու անվան դպրոցում, ապա` 71-ում, որն ավարտել է գերազանց, և դպրոցն այժմ կրում է նրա անունը: 1931-ին ավարտելով Անդրկովկասյան ռազմաավիացիոն դպրոցը` ուսումը շարունակել է Քարայսկի քաղօդաչուների դպրոցում, որը նույնպես ավարտել է (1935 թ.) գերազանց և այնտեղ էլ աշխատել է որպես օդաչու-հրահանգիչ: Այստեղից նա 1938 թ. գործուղվել է սովորելու ռազմաօդային դպրոցում: 1941 թ. հունիսի 23-ին Նելսոնը կամավոր մեկնում է ռազմաճակատ, և նրա մարտական ուղին շարունակվում է Հարավ-Արևմտյան, Լենինգրադի, Մերձբալթյան, Սևծովյան ճակատամար տերում: Օդային մարտերում ահավոր թշնամին տարբեր կողմերից խաչաձև կրակի մեջ էր առնում Խորհրդային օդային ուժերը: Այդ պայմաններում Նելսոն Ստեփանյանը իր ԻԼ-2 կործանիչով վարպետորեն ճեղքում էր հակառակորդի զենիթային կրակը, կայծակի արագությամբ իջնում մինչև 15 մետր ու կտրուկ վեր սլանում` հարվածներ հասցնելով հակառակորդին` օդում, ծովում, ցամաքում: Նրա էսկադրիլիայի օդաչուները, իրենց հրամանատարի օրինակով, վայրասլաց դիպուկ կրակով ոչնչացնում էին դեպի Օդեսա, Լենինգրադ, Պոլտավա, Կախովկա և այլ քաղաքներ շարժվող թշնամու զորքերը: Ն. Ստեփանյանն իր ընկերների հետ հանգիստ չէր թողնում ֆիննական ծոցում ծառայություն կատարող ֆաշիստական նավերին և շրջափակման պայմաններում դեպի Լենինգրադ շարժվող էշելոններին: Այդ մարտերից մեկում, 1942 թ. մայիսին, Նելսոնի թափած ռումբերի պայթյունից թշնամու նավերից մեկը սուզվեց ջրի տակ: Մերձբալթյան ռազմաճակատի թերթերը, համարձակ և անվախ թռիչքների համար, նրան անվանեցին խիզախ մրրկահավ: Նրա օրինակը ոգևորում էր ենթականերին, սարսափ տարածում թշնամու զորքերում: Օդային բազմաթիվ անօրինակ խիզախության համար Ն. Ստեփանյանն արժանացավ Կարմիր դրոշի, պարգևատրվեց Լենինի շքանշաններով: Իսկ 1942 թ. հոկտեմբերի 23-ին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանագրով, Ն. Գ. Ստեփանյանին շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում: 1944-ին թշնամին իր կրակի ամբողջ հարվածը կենտրոնացրել էր Նելսոնի օդանավերի վրա, որոնք 24.000 տոննա ջրատարողությամբ վեց նավեր շուտով ջրասույզ արին, իսկ մինչ այդ օդում խփվել էր 21 ֆաշիստական ինքնաթիռ: Դեկտեմբերի 14-ին, շրջապատված թշնամու կործանիչներով, Նելսոն Ստեփանյանը չէր ուզում նահանջել ու ևս մեկ թշնամու կործանիչ կործանել: Բայց… զգաց իր ինքնաթիռի ուժեղ ցնցումը… Պայթել էր բենզինի բաքը: Բոցավառված ինքնաթիռով նա ուղղվեց դեպի թշնամու նավերը` պատճառելով նրանց մեծ կորուստներ: Մարշալ Հովհ. Բաղրամյանը իր հիշողություն ներում գրում է. «Ես անձամբ գիտեի այդ քաջարի մարդուն, ուստի և առանձնապես ցավալի էր լսել նրա զոհվելու լուրը»: Այդպես զոհվեց 47-րդ ավիագնդի հրամանատար Նելսոն Ստեփանյանը: Գունդ, որը պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով և որը մինչև 1944 թ. օգոստոս ամիսը կատարել էր 239 մարտական թռիչք, իսկ հետո ևս 20-ը: ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության 1945 թ. մարտի 6-ի հրամանագրով Նելսոն Գևորգի Ստեփանյանին շնորհվել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում` հետմահու: Երևանում, Շուշիում կանգնեցված են նրա բրոնզե կիսանդրիները: Իսկ Երևանի ՀՄՊ և Հայկական ավիացիայի թանգարաններում (Էրեբունի օդանավակայան), Մոսկվայի Ռազմածովային ավիացիայի թանգարաններում նրան նվիրված ցուցապաստառների ֆոնի վրա նրա կիսանդրին է: Գնդապետ Ռուբեն ԲԱԽՇՅԱՆ