ՔԱՌԱԿՈՂՄ ՄԻԱՎՈՐՈՒՄ` ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ


Չորս քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ նախորդ շաբաթ կառավարությունում ստորագրված «Քաղաքական կոալիցիայի համաձայնագրի» միջոցով հնարավոր կդառնա դեռևս Նախագահի ընտրությունների քարոզարշավի շրջանում նախանշող նոր միավորման ծրագրերին գործնական բնույթ հաղորդել: Առաջին հայացքից որևէ արտառոց բան այս ամենում չկա, քանի որ նոր ձևաչափով կայացած համագործակցության կողմերը վաղուց էին հայտնի, իսկ համաձայնագրում ներկայացված մոտեցումներն էլ, ընդհանուր առմամբ, կանխատեսելի էին: Ավելին, նոր կոալիցիայի ծրագրերը մեծամասամբ բխում են դրանում ընդգրկված քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերից, միտված` դրանք ամբողջացնելու միջոցով ընդհանուր սկզբունքներով գործելու հնարավորությանը: Այստեղ էլ կարելի է ընդգծել, որ քառակողմ համագործակցությունը կայացավ: Եվ, անկախ ամեն ինչից` ակնհայտ է, որ կողմերը չեն պատրաստվում ժամանակը հենց այնպես վատնել: Համենայն դեպս, Սերժ Սարգսյանի մինչ այդ հայտնի հրապարակային թե ծրագրային բոլոր ելույթներում ընդգծվել էր, որ նոր ձևավորվող իշխանությունը անդուլ աշխատանքի է պատրաստվում լծվել: ՀՀԿ խորհրդի նախագահը, համաձայնագրի կնքման ընթացքում վերահաստատելով իր այդ դիրքորոշումը, հայտնեց նաև, որ իշխանությունն ակնկալում է հանրության աջակցութ յունը ևս: Փոխարենը համաձայնագրում խոստացվում է անել հնարավորը` հանրության գերակշիռ մասի վստահությունը վայելող և արդյունավետ գործող իշխանություն ձևավորելու ուղղութ յամբ: Իսկ մինչ այդ դժվար չէ նկատել, որ նոր ձևաչափում ընդգրկված ուժերն ընտրություններում արդեն իսկ արժանացել են նշված «գերակշիռ մասի» քաղաքական վստահությանը: Որքան էլ ընդգծվի, թե ներկայացված չորս կուսակցություններից երեքը Նախագահի ընտրություններում առանձին թեկնածուներով են հանդես եկել, և միայն ԲՀԿ-ն է փետրարի 19-ի քվեարկությանը Սերժ Սարգսյանին աջակցել, ակնհայտ է, որ ուժերի մեկտեղման միտումը նկատելի էր եթե ոչ քարոզչության շրջանում, ապա գոնե հետընտրական դիրքորոշումներում: Քվեարկությունն արձանագրել է հանրության շրջանում նրանց ունեցած վստահությունը: Ընդ որում, այդ վստահությունը վերահաստատատվել էր նաև փետրվարի 19-ի քվեարկությունից ընդամենը մի քանի ամիս առաջ` խորհրդարանական ընտրություններում նշված կուսացությունների քառյակի գրանցած ակնհայտ հաջողություններով: Ուժերի համատեղումը, Նախագահի ընտրություններում հաջողության հասած թեկնածուի շուրջ համախմբումը, նրա ստացած քվեների ամբողջացումը հատկապես ներկայում կարևորվող մի խնդրի շուտափույթ լուծմանը կարող է նպաստել. քաղաքական կոալիցիայի համաձայնագրի գոյության փաստն արդեն իսկ ամբողջացնում է ներքին կայունության շուտափույթ ու վերջնական վերահաստատման, ինչպես և հասարակական առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի վերականգնման գործընթացը: Կարելի է ասել, որ դրա մեկնարկն արդեն տրված է, և ներքաղաքական խառնաշփոթը, ինչին վերջին ամիսներին ակամայից մասնակից էր դարձել նաև ժողովուրդը, արդեն հետևում է մնացել… Ինչ խոսք, կգտնվեն նաև հակադրվողներ, ովքեր կպնդեն, թե կոալիցիոն քառյակում ընդգրկված կողմերից մեկը` ՕԵԿ-ը, արդեն մեկ անգամ հասցրել է յուրօրինակ անակնկալ մատուցել նախորդ կոալիցիային, իսկ ՀՅԴ-ն բոլոր ընտրութ յուններից առաջ դժվարանում է պահպանել իշխանության մաս լինելու, իշխանությունից մաս ունենալու` իր կուսակցական կարգավիճակը. Կամ, պարզապես, փորձում է վճռորոխ պահերին «թոթափել» պատասխանատվության բեռը: ԱԺ փոխխոսնակի ներկայացուցչական պաշտոնից ՀՅԴ հրաժարումն ու նախարարական պորտֆելները պահպանելու փաստն ինքնին հուշում է, որ ոչ թե իշխանությունից, այլ հենց պատասխանատվությունից է խուսափում ավանդական կուսակցությունը: Ու տվյալ դեպքում նրանց հավասարաչափ ներգրավվածությունը օրինաչափորեն կարող է խոչընդոտներ, եթե չասենք նոր «սյուրպրիզներ» մատուցել մյուս երկու քաղաքական ուժերին` ԲՀԿ-ին ու ՀՀԿ-ին, որոնք ի սկզբանե միավորվել էին ճշգրտված սկզբունքներով` դրանցից չշեղվելով ոչ միայն քարոզարշավի ընթացքում, այլև հետընտրական փորձությունների ժամանակ: Ասվածն իհարկե տեսականորեն չպետք է բացառել, սակայն նախորդ կոալիցիայի օրինակով կարելի է վերհիշել ու համոզվել, որ ՕԵԿ հեռացումն առանձնապես չփոխեց իրերի դրությունը, և ինչպես նորերս կնքված համաձայնագրում է նշված, բոլոր ջանքերը գործադրվելու են` նախընթաց տարիների ձեռքբերումների կայուն և շարունակական զարգացման, ինչպես նաև մեր քաղաքացիների կյանքի որակի էական բարելավման, համարձակ և իրատեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ: Մնում է հուսալ, որ ինչպես քառյակում ընդգրկված կուսակցություններն են պարտավորվել, չեն ձեռնարկվի այնպիսի քայլեր, որոնք անուղղակիորեն կամ ուղղակիորեն կվտանգեն հուշագրում ամրագրված կոալիցիոն նպատակների իրագործումը: