Ներողություն` 67 տարի անց


Ամերիկյան Ալաբամա նահանգի իշխանությունները պաշտոնապես ներողություն են խնդրել տարեց մի սևամորթ ամերիկուհուց, ում 1944 թ. խմբակային բռնաբարութ յան են ենթարկել սպիտակամորթ տղամարդիկ: Այս մասին հաղորդել է «Ասոշիեյթեդ Պրես»¬ը` մեջբերում կատարելով նահանգային սենատի ընդունած բանաձևից: Ռեսի Թեյլորը հիմա արդեն 91 տարեկան է: Շուրջ 7 տասնամյակ առաջ, եկեղեցուց տուն գնալու ճանապարհին, նրան բռնաբարել են մի խումբ տղամարդիկ: Այն ժամանակ երդվյալ ատենակալների 2 նիստերը, որոնք վարել են սպիտակամորթ տղամարդիկ, կասկածյալներին մեղավոր չեն ճանաչել: Արդարությունը նիրհել է այդպիսով, սակայն կնոջ արժանապատվությունը հատուցում է պահանջել: Անցյալ տարի Թեյլորը հայտարարել է, թե իր կարծիքով` հանցագործները պետք է որ վաղուց արդեն մեռած լինեն, բայց ինքը գոնե ներողություն է պահանջում նահանգի կառավարության կողմից: Նույն այն նահանգի, որտեղ կատարվել է հարձակումն իր վրա: Եվ օրեր առաջ Ալաբամայի սենատը վերջնական հավանության արժանացրեց Դեքստեր Գրիմսլիի բանաձևը, որով տուժող Թեյլորին «խորին կարեկցանք» է հայտնվում և «խորին ներողություն» հայցվում: Իսկ այն փաստը, որ սևամորթ կնոջ հանդեպ բռնություն կիրառած հանցագործներն այդպես էլ չեն պատժվել` բանաձևում որակվել է «նողկալի և վանող` բարոյական տեսանկյունից»: