«Մեր զինվորը խելացի է»


Փառահեղ մարտական ուղի է անցել գնդապետ Սմբատ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հրամանատարությամբ գործող Մայրաքաղաքային գունդը, որը պարգևատրվել է բարձրագույն` «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով: Իսկ նրան հանձնված 89¬րդ և «Թամանյան» դիվիզիայի, Հատուկ գնդի և ներկայիս զորամասի մարտական դրոշները կրկնապատկում են զինծառայողների պատասխանատվությունն ու հպարտությունը: - Ես` որպես հրամանատար, պարտավորված եմ գնդի հարուստ ավանդույթները պահպանել և փոխանցել` թե´ առօրյայում, թե´ մարտական պատրաստության ցուցանիշ ներով, կարգապահությամբ, բարոյական չափանիշներով: Նույն ոգով պետք է շարունակի նաև հաջորդ հրամանատարը,¬ հավաստիացնում է գնդապետը: -Կանոնադրական ո՞ր պարտականություններն են, որ դժվարանում են կատարել զինվորները: - Կանոնադրական պահանջների կատարումը նախևառաջ կախված է հրամանատարի աշխատաոճից: Ո՞վ է նա, ի՞նչ պահանջներ է առաջադրում ենթականերին: Այստեղ կարևորվում է խստապահանջության գործակիցը: Այսինքն` որքան խիստ և արդար են հրամանատարի պահանջները, այնքան ավելի պատրաստակամ է ենթական: Հատկապես, երբ հարցը վերաբերում է տույժերին և խրախուսանքին. դրանք պետք է լինեն կանոնադրության տառ ու բառին համապատասխան` արդարացի և չվիրավորեն ենթակայի ինքնասիրությունը: Առավել դժվար կատարելի են հիմնականում վերակարգերի հետ կապված պարտականությունները, որոնք վերաբերում են ճաշարանում, զորանոցում կարգուկանոնի, մաքրության պահպանման, տարածքների բարեկարգման, հաճախ նաև անձնական հիգիենայի խնդիրներին: Անընդհատ, ամենօրյա ցուցում ների անհրաժեշտություն կա. պետք է արտաքին տեսքը պատշաճ լինի, մազերը` կոկիկ, պարանոցը` մաքուր, կամ վերակարգում գտնվելիս` պետք է հասցնել արագ կատարել այս կամ այն գործողությունը: Երբեմն դժվարություններ են առաջանում ուսուցման խնդիրներում: Եթե զինվորն ունի ցածր կրթական մակարդակ, դժվարությամբ է կարողանում ընկալել և մտապահել հանձնարարությունը: - Ինչո՞վ են կարևորվում փոխադարձ հարգանքի, վստահության վրա հիմնված ղեկավար¬ենթակա փոխհարաբերությունները: - Հաղթող բանակի համար պարտադիր պահանջ է ենթակա¬պետ փոխհարաբերությունների ճիշտ կառուցումը` թե´ մարդկային գործակցով, թե´ կանոնադրական պահանջներով: Եթե ձևավորվում են ընկերական, սերտ անձնական հարաբերություններ, որոնք չեն բխում կանոնադրությունից, կարող է ծառայության շահը երկրորդական դառնալ: Նախարարի ուղերձում հստակ նշվում է, որ պետի և ենթակայի միջև պետք է հաստատվեն փոխադարձ հարգանքի, մեկը մյուսի անձի գնահատման, մարդկային բարոյական չափանիշների հիման վրա ստեղծված հարաբերություններ: Լարվածության և անվստահության մթնոլորտը մարտի դաշտում միանգամից իրեն զգացնել է տալիս, և դժվար ու շատ հաճախ էլ անհնար է լինում խնդիրն իրականացնել: Պատերազմը, դաշտային պայմաններն ինքնըստինքյան փոփոխություններ են բերում ղեկավար¬ենթակա փոխհարաբերություններում: Բայց այդ ամենին պետք է նախապատրաստվել այսօր: Պետք է հիմքեր դնել: Չափազանց կարևոր է, որ ենթական վստահի և հավատա իր ղեկավարին: Դա կախված է նախևառաջ հրամանատարից: Նա միշտ պետք է իր խոսքի տերը լինի, հակառակ դեպքում` նրա նկատմամբ անվստահություն կձևավորվի, և ամպագոռգոռ արտահայտություններն ու ճոխ ճառերը գրոշի արժեք չեն ունենա: - Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի սպան` որպես օրինակ զինվորի համար: - Ես կարծում եմ` հայկական սպայական խավի ձևավորումը դեռ կայացման գործընթացում է: Դեռ այն պահից, երբ երիտասարդն ընդունվում է ռազմական ուսումնա կան հաստատություն, պետք է անպայման հաշվի առնել այնպիսի կարևոր հատկանիշներ, ինչպիսիք են` գրագիտությունը, զսպվածությունը, համեստությունը և պատշաճ արտաքինը: Այս որակների առկայության դեպքում միայն երիտասարդը պիտի ընդունվի ուսումնական հաստատություն` որպես ապագա սպա: Կուզենայի, որ սպան սոցիալապես ապահովված լինի: Դա զինվորական ծառայությանն ամբողջովին նվիրվելու շատ կարևոր նախապայման է: Սխալ կլինի կարծել, թե սոցիալական խնդիրներով ծանրաբեռնված, կենցաղում չկայացած անձը կտրամադրվի ծառայության: Եվ ամենակարևորը` սպան օրինակ է զինվորի համար: Կայացած ու սկզբունքային սպայակազմ ունենալու դեպքում կունենանք մի քանի անգամ ավելի ուժեղ բանակ: Ի վերջո, զինվորական կազմը փոփոխական է: Նա սպայի աշխատանքի արդյունքն է, և նրա ջանքերով է դառնում ավելի կազմակերպված ու պատրաստված: Մեր աշխատանքում պահանջվում են մանկավարժական հնարքներ, ունակություններ, համակողմանի գիտելիքներ, լայն մտահորիզոն և հետևողականություն` գիշերուզօր: Քանի որ երիտասարդներ են` սխալվելու ունակ: Հատկապես, քաղաքային զորամասում գայթակղությունները շատ են, ինչը բազմաթիվ խախտումների պատճառ է դառնում: - Ինչպիսի՞ն է հայ զինվորի նկարագիրը: - Մեր զինվորը խելացի է: Ո՞րն է նրա առանձնահատկությունը: Ունենք կարգազանց զինվորներ, որ կարող են ամեն րոպե որևէ խախտում թույլ տալ: Բայց երբ գալիս է պահը, օրինակ` զորավարժությունների ժամանակ, մարտական հերթապահություն իրականացնելիս` միանգամից դառնում են բռունցք: Միջավայրը նրանց փոխում է: Նա կարող է նույնիսկ անտարբեր լինել, իրեն դրսևորել զինվորական կանոնադրությանը ոչ համապատասխան, նկատողությունների առիթ տալ, որ վատ է քայլում, հագուստը մաքուր չէ և այլն: Բայց երբ գալիս է սկզբունքային լինելու պահը, մարտականին մոտ իրադրություններում կարողանում են սթափվել, լրջանալ և ջանքեր գործադրել հաջողության կամ հաղթանակի հասնելու ուղղությամբ: Վերջերս` գիշերային զորավարժության ժամանակ, մեր զինվորները կազմակերպված գործողությունների շնորհիվ գերազանց արդյունք ցուցաբերեցին: Ռուսաստանում սովորելու տարիներին ճանաչել եմ նաև ռուս զինվորին: Եթե համեմատենք, վստահաբար կարող եմ ասել, որ մեր զինվորն ավելի խելացի է, տրամաբանող, ունի մտածելու ունակություն և առօրյայից մարտական իրադրության անցնելու դեպքում` ճիշտ արձագանքելու, վերափոխվելու կարողություն: