ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ, ՈՐՏԵՂ` ՈՆՑ


Քաղաքակրթության այբուբենից մեկումեջ գլուխ հանող Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը վերացրել է խորհրդարանական ընտրություններին քուրդ թեկնածուների մասնակցության արգելանքը («աչքալուսել» է տեղական Today's Zaman¬ը): Համաձայն ԸՀ¬ի նոր թխված որոշման, 7 քուրդ թեկնածուներից ընտրություններին մասնակցելու թույլտվություն կստանան 6¬ը, որոնք նախկինում մերժվել էին: Պարզվում է, որ հավանություն ստացած թեկնածուների շարքում է ամենաճանաչված քուրդ քաղաքական գործիչներից մեկը` Լեյլա Զանան: Խորհրդանական ընտրություններին 12 քաղգործիչների մասնակցությունն արգելվել էր ապրիլի 18¬ին: Նման որոշումը հիմնավորվում էր այդ թեկնածուների անցյալով. նրանք դատվածություն են ունեցել, ինչը ինքնաբերաբար զրկում է թեկնածու լինելու իրավունքից: Ավելին, ընդգծվել է, որ որոշումը բողոքարկման ենթակա չէ: Ի պատասխան` քրդերը երկրով մեկ օրեր շարունակ բողոքի ցույցեր էին կազմակերպել: Տեղեկացվել է, որ դրանց արդյունքում բազմաթիվ վիրավորներ և առնվազն 1 զոհ է եղել: Ապրիլի 20¬ին նախագահ Գյուլը հաշտության առաջարկով է հանդես եկել` կողմերին փոխզիջումների կոչելով: Ինչպես գրել է լրատվամիջոցը, չնայած Բարձրագույն ընտրահանձնաժողովի հայտարարությանը, որ որոշումը վերջնական է, բոլոր 12 մերժվածներն են բողոքարկել: Մասնավորապես, պարզ է դարձել, որ նրանք չէին ներկայացրել դատարանի վճիռը, ըստ որի` նախկին դատվածությունը չի սահմանափակում ընտրություններին մասնակցելու իրավունքը: Այդպիսով, հունիսի 12¬ին Թուրքիայում կայանալիք ընտրություններին «Հանուն խաղաղության և ժողովրդավարության» քրդամետ կուսակցությունը 20 թեկնածու է ներկայացրել: Իսկ ընդհանուր առմամբ, ազգությամբ քուրդ 61 թեկնածու է գրանցված: