ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ


Ռոբերտ Քոչարյանը հեռացել է հանրապետությունից: Իր գտնվելու տեղի և մասնավոր կամ պաշտոնական այցի մասին նա որևէ տեղեկություն չի տարածել, իսկ հետաքրքրվողներին ավելի ուշ հաղորդվել է, թե երկրորդ Նախագահն արտասահմանում է: Թե ե՞րբ կվերադառնա պարբերաբար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվող նախկին պաշտոնյան, դժվար է ասել: Հայտնի է, որ վերջինս ամենատարբեր ծրագրերով հաճախ է հանրապետությունից բացակայում: Այլ հարց է, որ նրա հերթական ու այս անգամ անաղմուկ շրջագայությունը կապվում է մարտի 1¬ի դեպքերը նոր թափով հետաքննելու` Սերժ Սարգսյանի հրահանգի հետ: Ասում են` օրեր առաջ Հանրապետության նախագահի հայտնի ելույթից հետո Ռ. Քոչարյանն անմիջապես որոշել է ժամանակավորապես անհետանալ քաղաքական շրջանակների տեսադաշտից: Ժամանակին, երբ ընդդիմությունն էր վերջինիս մեղադրում հայտնի իրադարձությունների կազմակերպման և ղեկավարման համար, երկրորդ Նախագահն անթաքույց արհամարհանքով էր վերաբերվում նման պնդումներին: Ասում են նաև, թե քաղաքական ակտիվություն դրսևորելու ավելի հարմար թիրախ չգտնելով` նա հատուկ նպատակով է որոշ լրատվամիջոցների դատի տվել: Ռ. Քոչարյանին իր շրջապատում հուշել են, որ արդեն քանի տարի նրա անունն առավելապես մարտի 1¬ի իրադարձությունների հետ է ասոցացվում: Իսկ լրատվամիջոցների հետ կռիվ տալու ծրագիրը միտված է եղել քաղաքականության մեջ այլևս կորցնելու ոչինչ չունեցող գործչի անձն ու հետագա ճակատագիրը միայն ողբերգական իրադարձությունների հետ չկապելուն: