Նախընտրական մի երեկո


 

ՀԳՄ անդամ դառնալուց հետո Մխիթար Ապետյանի տեսքը, կեցվածքը, նայվածքն ու քայլվածքը միանգամից փոխվեցին: Սկսեց ամեն օր սափրվել, փողկապ-գալստուկ կապել: Գրողների միության անդամ դառնալուց հետո միջոցառումների հրավերները շատացան: Դահլիճներում առակներ լսողների թիվը զարմանալիորեն եռապատկվեց: Մեջտեղը փող չկար, բայց Մխիթարը մխիթարվում էր միայն կարդալով ու ծափերի տարափով: Շնչակտուր հասնելով տուն, մահճակալին էր ընկնում, առանց հանվելու, նույն հագ ու կապով քնում:

Տիկին Վերգուշը, ում Մխիթարը կատակով թե լուրջ Էրգուշ էր անվանում, հաճախ զգուշացնում էր.

- Մխո, գալստուկդ մոռացել ես հանել, այլ ծույլ:

- Է, Էրգուշ, ո՞վ է ծույլ, ես ծույլերի, խոզերի մասին եմ գրում, առակագիր եմ, արագ-արագ, առատ-առատ առակներ եմ գրում անառակների մասին: Այ կնիկ, առավոտ էդ զահրումարը չպիտի կապե՞մ:

Երբ ես ու Հորիզոնը ներս մտանք` ամուսիններն անմեղացան. իբրև թե չեն վիճել:

- Էրգուշ, ընկերներս եկան` ՀԳՄ վկայականս թրջելու...

Հորիզոնը ավագ ընկերոջ իրավունքով հանդիմանեց.

- Գոնե գրողների միության անդամ դառնալուց հետո մեր հարս Վերգուշին Վերգուշ ասա:

- Էդ ջահել վախտն է եղել, հիմա Էրգուշ է դառել: Վ-ն էլ իմ կամքով սղվել է: Անունը դեռ ահագին տառեր ունի, նրան ինչ պիտի պատահի, որ Վ-ն հնացել է:

- Տեսեք, ծուլությունն այստեղ էլ է երևում, իմ վ-ն կերել է,- բողոքեց տուժող կողմը:

- Էրգուշ, դու որ իմ կյանքն ես կերել, ձայն չեմ հանում: Դրա ժամանակը չի, սեղանը գցիր:

- Թագավո՞ր ես, ի՞նչ ես, որ հրամայում ես:

Ես միջամտեցի նրանց երկխոսությանը.

- Վերգուշ, դու տեղյակ չես, որ Գովենցն է ամուսնուդ երաշխավորել որպես առակագիրների թագավոր:

- Գուրգեն, Էրգուշը չգիտի կամ գլխի չի, որ թագուհի է,- ասաց թագավորը:- Մեջդ շատ մի ուռի, սեղանը գցիր...

- Ես գլխի եմ, որ թագուհի եմ, իսկ քո մտքով երբևիցե կանցնե՞ր, որ մի օր թագուհու կողքին կպառկես:

- Բեր, բեր, թագուհի, հերիք խոսես:

- Ի՞նչ է, մատուցո՞ղ եմ քեզ համար, էս բեր, էն բեր, աշխատիր: Բա ես ե՞րբ հանգստանամ. իբր թագուհի ես պահում:

Իր կենացի վրա Վերգուշն ավելի աշխուժացավ, սկսեց ամուսնյակին գովել, արագ-արագ մի կարճ առակ արտասանեց կրիայի մասին:

Մխիթարը ծանրականջ Հորիզոնի ականջին ասաց.

- էդ մեկից ավել չգիտի:

Առակախոսն ուզում էր Հորիզոնի ականջին մի բան էլ ասի, բայց քանի որ թագուհի Վերգուշի կենացն էր, կենացատերը սաստեց.

- Անշնորհք, լսիր, տես ինչ է ասում, մեր սիրելի Հորիզոնը հո ըխտվորի էշ չի՞: Քո համար է ասում, այ դեբիլ...

Այդ պահին դռան զանգը հնչեց.

- Օ˜ֆ, Մխիթարը քիչ էր, հիմա էլ` սրանք,- քրթմնջալով` Վերգուշը դուռը բացեց:

Հորիզոնն իր ենթադրությունն ուզեց հաստատել.

- Հավանաբար եհովականներ են:

- Չէ հա, սրանք էլ ուրիշ աղանդ են:

Ենթադրողը բառերը կիսատ-պռատ էր լսում, ու հարց տվեց.

- Ի՞նչ, ընտրական աղա՞նձ են բաժանում:

Հորիզոնի հարցը անպատասխան մնաց, որովհետև դուռ-թակիչները ներսում էին:

- Բարև բոլորիդ: Հո չե՞ք մոռացել, նորից հիշեցնենք` ձեր ձայնը տալիս եք պատգամավորության թեկնածու պատգամավոր Երջանիկ Ջանյանին, հին գինի է, փորձված է...

Խոսք վերցրեց առակագիրը.

- Գիտեմ, ես տնական լավ օղի եմ քաշում, երբ խմիչքի բերանը բաց թողնեն` կթթվի, քացախ կդառնա:

- Վա˜յ, ինչ եք ասում, դուք տեսե՞լ եք, որ նա գոնե մի անգամ ԱԺ-ում կամ մի տեղ բերանը բացի, որ թթվի էլ: Էսպիսի մնայուն գանձը պիտի պահպանել, վերընտրել:

- Վա´յ, խոսքով ընկանք, մոռացանք ձեզ հրավիրել սեղանի շուրջ, համեցեք, ամուսնուս` Մխիթարի գրողների միության տոմսը թրջենք: Մենք մեր պատգամավորին կընտրենք, միայն թե ինքն էլ մեր առակագրին խոստանա գիրքը հովանավորել:

- Հա, շատ հարգելի բնակիչներ, անպայման կօգնի, ո՞նց չէ: Էդ հարցը լուծված համարեք:

Տեսա Մխիթարը ուրախությունից պապանձվել է, ես հարցրի.

- Ի՞նչ եք իմանում` կհովանավորի:

- Հիմա կակռազ պատգամավորության թեկնածուների խոստումների սեզոնն է, մենք ձեր խնդրանքը տեղ կհասցնենք: Չեք հավատո՞ւմ, ըհը, սա էլ իր նախընտրական ծրագիրը, կարդացեք, տեսեք մեջն ինչքա՞ն լավ բաներ կան, այնքան լավ, որ Երջոն չընկավ սար ու ձոր, այլ իր չորս տարվա նախընտրական ծրագիրը վերատպեց նոր կազմով, արդեն փորձառու պատգամավորի ծիծաղկուն դեմքով:

Թեկնածուի լուսանկարը երևի Հորիզոնին զարմացրեց.

- Իհարկե, կծիծաղի, էդ մարդու ա՞ղն է պակաս, թե՞ մաղը: Գործի անո՞ւնն ինչ է, որ չծիծաղի, ոչ հմմում է, ոչ` գմմում...: Իհարկե կծիծաղի, մեր պես ընտրողներ ունի: Երջանիկը, որ բեղեր ունենար, իսկ և իսկ քաջ Նազարն է...

Նկատելով, որ դուռ-թակիչները շտապում են, ես աշխատեցի մեղմել ընտրազրույցը:

- Է˜, իբր բան ասիր Հորիզոն, հիմիկվա բոլոր քաջ նազարները բեղերը սափրել են, որ նոր սերունդը չճանաչի...

Վերգուշը թեև ուշ, բայց բոլորիս նորից հրավիրեց սեղանի մոտ:

- Շնորհակալություն հյուրասիրության համար, հիշեցնենք թեկնածու Երջանիկ Ջանյանի անունը, քվեաթերթիկի վրա սկսվում է նրա անունով, հայրանունով, վերջանում ազգանունով: Ուրիշ անուններ չկան, որ համ ձեզ շփոթեցնի, որ համ էլ նրանց չընտրվելիս` վատ զգաք: Միայն նրա անունն է միակը:

- Սպասեք, սպասեք,- խնդրեց Հորիզոնը,- միակի վերաբերյալ անցյալ դարում մի անեկդոտ էր թափառում: Մի ոմն պատգամավոր կրծքանշանը կրծքին, շուկայից նոր տարվա օրվա սեղանին խոզ էր ուզում գնել:

«- Ախպերացու, խոզդ ի՞նչ արժե: Բայց ախր խոզդ շատ նիհար է, շատ:

- Նիհար է, դուք էլ լավն ընտրեք:

- Հիմար, հիմար մի խոսեք, մի խոզ ես դրել մեջտեղ, ասում ես ընտրե՞ք»:

- Հիմա մենք ինչպե՞ս ընտրենք, երբ քվեաթերթիկում մի ազգանուն է դրված:

Թեև անեկդոտը դուռ-թակիչներին բավարարեց միայն թեթևակի ժպիտով, բայց Մխիթարն առաջարկեց տնական օղիով խմել պատգամավոր-պատգամավորության թեկնածուի ընտրահաղթանակի կենացը:

Հյուրերի ցնծությանը չափ չկար...

***

Կեսգիշերին մոտ, երբ ելանք ոտքի, Հորիզոնը հարցրեց.

- Մխիթար, ի հիշատակ այս օրվա` ի՞նչ առակ մտահղացար:

- Տղաներ, ես էլ ձեզ նման գրելիքս վերցնում եմ կյանքից, իսկ այսօրվա առակը դուք էլ ձեր աչքերով տեսաք, ականջով լսեցիք:

Պարզ չէ՞« թե առակս զինչ կցուցանե...

ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆ,    ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ