Ոչ մի լավ արարք անպատիժ չի մնում


 

Ամերիկայում սկսված աղմկահարույց դատաքննությունը ոմանք զայրացնում է, ոմանց զարմացնում: Ոմնաք էլ իրենց հիասթափություններն են հիշում` երբ լավ արարքի դիմաց վիրավորանք են ստացել: Հենց այդ վիճակում է հայցվորուհին, ով ղեկավարին նվիրել է սեփական երիկամը: Դարձել է փոխպատվաստման դոնոր և այնպիսի˜ անակնկալ շնորհակալություն ստացել... Նրան ազատել են աշխատանքից:

Բժշկական և իրավաբանական պրակտիկայում հիրավի եզակի դեպք է: Երկու երեխաների ամուսնալուծված մայր« 47 տարեկան Դեբի Սթիվենսն իր ղեկավար Ջեկի Բրասիայի կյանքը փրկելու համար զոհաբերել է ներքին օրգանը: Ու վիրահատությունից հետո դեռ չապաքինված` իր փրկյալի հրամանով հեռացվել է աշխատանքից:

- Ինձ ուղղակի օգտագործել են,- վիրավորված` ասել է բարեգործուհին:

Այդ երկու կանայք աշխատել են Նյու Յորքի մերձակա մի մեքենասրահում: Նրանց գործընկերները նույնիսկ զարմանում են, թե շեֆուհին ինչպես է Դեբիին համոզել և կորզել նրա երիկամը: Վերջինս միայն ասում է, որ խարդախության զոհ է դարձել: Հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո Ջեկին սկսել է նրան նախատել, թե վատ է աշխատում:

- Վիրահատությունից մեկ-երկու շաբաթ հետո ես խոսեցի Ջեկիի հետ: Զրույցից հետո ինձ մեղավոր էի զգում, որ արագ չեմ ապաքինվում,- պատմել է Դեբին:

Բայց մեղավորության այդ զգացումը խաբված մարդու վիրավորանքի է փոխվել, երբ ստացել է աշխատազուրկ դառնալու լուրը: Ու հիմա ետ է պահանջում իր երիկամը: Պարզվում է, սակայն, որ նրա երիկամը փոխպատվաստել են սենթլուիսցի մեկ այլ կնոջ, իսկ Ջեկիի համար ուրիշ երիկամ են վերցրել ներքին օրգանների բանկից:

Փաստորեն` կինը նվիրել է երիկամը և սպանիչ հարված ստացել սրտին: Հիմա Դեբին ընդամենը 1 երիկամ ունի ու չունի աշխատանք, բուժապահովագրություն: Ավելին, վիրահատության ու բուժման ծախսերն էլ արդեն որպես պարտք` կուտակվում են: