Լրագրողի խոհեր


 

Սուտը նման է յուղի. այն սահում է ճշմարտության վրայով:

Սենկևիչ

Ինչո՞ւ ենք ստում

Ստելը շատ վատ բան է. այս արտահայտությունը միշտ կրկնում ենք մեր երեխաների, աշակերտների համար: Սակայն գրեթե ամեն օր փոքր կամ մեծ ստեր ենք հորինում:

Ինչո՞ւ…

Իհարկե, երբեմն ճշմարտությունը չասելով` մենք ցույց ենք տալիս մեր հարգանքը դիմացինի հանդեպ: Հանդիպելով գործընկերոջը, վաղեմի ծանոթի հարցնում ենք` թե նա ինչպե՞ս է: Եթե նա ասեր ողջ ճշմարտությունը, դա մեզանից ժամանակ, նյարդեր և հույզեր կխլեր: Նա սովորաբար ստում է` ասելով« որ ամեն ինչ լավ է: Գրեթե բոլորս ենք այդպես վարվում: Ճիշտ շփվել, անշուշտ, նաև նշանակում է հաշվի առնել« թե դիմացինն ինչ հետա-քրքրություն ունի և ինչ է պատրաստ լսել մեզանից: Ծայրահեղորեն հակառակ կարծիքի է ամերիկացի հոգեբան Բրեդ Բլանտոնը: Նա գտնում է, որ եթե մարդը բարձրաձայներ այն« ինչ կատարվում է իր գլխում, ապա դա կօգներ լավ հասկանալ թե´ սեփական անձը, թե´ դիմացինին…

Խորհենք և փորձենք հասկանալ մեր ստելու իրական պատճառները: Նախևառաջ` յուրաքանչյուր անձ ունի իր ճիշտը: Իրականության ընկալումը սուբյեկտիվ է` կախված մեր հայացքներից, համոզմունքներից ու պարտականություններից:

Ամեն դեպքում ստի ոտքերը կարճ են« և դա ինքնահաստատման ու արժևորման արդարացված ուղի չէ:

Ուզում եմ մի քիչ դրական երանգներ տեսնել այն դեպքում, երբ ստում ենք մեր անձից վերացած` փորձելով պաշտպանել նրան, ում սիրում ենք: Դիցուք, բարեկամի ու հարազատի ընտանիքի մասին գիտենք նրան ցավ պատճառող ճշմարտություն: Եթե բարձրաձայնենք` ցավ ենք պատճառելու ու սովորաբար լռում ենք: Լռելն այստեղ ոսկի է, բայց հաճախ ստիպված ենք խոսել ու այդ դեպքում էլ ստում ենք` չեմ տեսել, չեմ լսել, չգիտեմ:

Սո՞ւտ է: Սո´ւտ է:

… Ե՞րբ ենք մենք սովորում ստել: Մանկավարժ-հոգեբանների կարծիքով` երբ երեխան գտնում է, որ ծնողներն իր մասին գիտեն ոչ ամեն ինչ, սկսում է ստել: Դա սովորաբար լինում է 4- 5 տարեկանից: Դրանից մեկ-երկու տարի հետո էլ երեխան հասկանում է, որ պետք է գաղտնիքներ ունենալ, ու պետք չէ դրանք բարձրաձայնել: Այդ պահանջը հաճախ լսում է նաև ծնողներից, ավագ ընկերներից: Սկսում է լռել: Հետո արդեն ձևավորվում է ամենօրյա սուտը: Դպրոցականը կարող է անբավարար գնահատական ստանալ, բայց տանն ասել, որ իրեն դաս չեն հարցրել կամ դաս չեն արել: Հասուն տարիքում էլ մեկ ուրիշը կարող է խաղատանը անցկացրած ժամանակը կամ որևէ այլ վատ արարքը ներկայացնի որպես ընկերոջն օգնելու, ծանոթ մեկին այցելելու, արտաժամյա աշխատանքի վրա ծախսված ժամանակ, որի արդյունքում չի կարողացել լուծել ընտանիքին անհրաժեշտ որևէ խնդիր:

Եթե մենք փորձենք հետևել ճշմարտությանը, ապա հնարավոր է դադարենք ստել: Հոգեբանները այնուամենայնիվ փաստում են, որ այդպես չէ, որ մարդը չի կարող չստել: Իհարկե երբեմն սուտը գիտակցված է լինում, այսինքն մարդը դիտավորյալ աղճատում է իրականությունը: Իրականում սուտը բնազդային և պաշտպանական ռեակցիա է:

Ստացվում է, որ մենք ստել ենք ստում ենք, ու ստելու ենք: Ուրեմն մեզ մնում է գոնե ամեն կոնկրետ դեպքի համար ունենալ «ինչո՞ւ ենք ստում» հարցի պատասխանը: Այդ դեպքում սուտը չի դառնա ապրելակերպ և ամենափրկիչ ուժ ու մենք հաստատ չենք հաշվառվի «մասնագետ» ստախոսների շարքերում:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ