«Բրոքերի որոգայթում»


 

Մի քանի տասնամյակ է անցել, սակայն ավագ և միջին սերնդի մարդկանց հիշողություններում, համոզված ենք, այսօր էլ թարմ է «ծաղկուն սոցիալիզմի» տարիներին Հայաստանում համատարած բնույթ կրող այն մրցակցությունը, որը այլ խոսքով կոչվում էր կահույքամոլություն: Այն ժամանակներում հանրապետության խանութներում արտասահմանյան կահույք ընդհանրապես չէիր գտնի: Եվ մարդիկ գնում-հասնում էին ռումինական-բուլղարական-հարավսլավական «կահույքների կենտրոն», որն այն տարիներին ԽՍՀՄ անծայրածիր երկրի մայրաքաղաք Մոսկվան էր:

Այն ժամանակներում, իհարկե, հրապարակայնություն և բացախոսություն չկար և զանազան հանցագործությունների մասին մարդիկ, որպես կանոն, տեղեկանում էին միմյանցից: Եվ ահա այդ տարիներին շատ էին խոսում մոսկովյան հանցախմբերի մասին, որոնց հիմնական զբաղմունքը կահույքի միջնորդությունն էր` «դալալությունը»: Իսկ ավելի ստույգ` «դալալության» անվան տակ ոչ տեղացիներին «քցելն» ու կովկասցիներին մինչև վերջին կոպեկը թալանելը: Խարդախության մեխանիզմը հետևյալն էր. մոտենում էին մոսկովյան կահույքի խանութները պաշարած և ժամեր շարունակ մեծ հերթերում հուսահատ կանգնած մեր հայրենակիցներին և առաջարկում իրենց ծառայությունները` ոչ այնքան մեծ «մաղարիչի» դիմաց: Եվ վայը եկել էր այն դյուրահավատին, ով հավատ էր ընծայում խարդախ «դալալներին»: Համաձայնության գալուց հետո կահույք ցանկացողը «գործ դասավորողին» էր հանձնում ամբողջ գումարը, որը սովորաբար խեղճ մարդու երկար ու ձիգ տարիների տքնանքի արդյունքն էր լինում, և, որը, ցավոք, խարդախության բաժին պետք է դառնար հաշվված վայրկյաններում: «Դալալն» իրեն վստահած գնորդին կանգնեցնում էր որևէ միջանցիկ շքամուտքի առջև, մտնում ներս, դուրս գալիս դիմացի դռնից և... անհետանում ամբոխի մեջ:

Քանի-քանի խաբված հայեր այդպես ձեռնունայն վերադարձան իրենց տները, քանի-քանի հանցագործության դեպք այդպես էլ մնաց չբացահայտված, որովհետև ճռճռան լոզունգների այդ ժամանակներում մարդիկ համոզված էին, որ բողոքելն ու պայքարելն անիմաստ զբաղմունք է:

Այս բավականին ընդարձակ նախաբանը միայն մեկ նպատակ է հետապնդում` հասարակությանը իրազեկել, որ թեև, բարեբախտաբար, բոլորովին այլ ժամանակներում ենք ապրում, սակայն ամենևին էլ չեն փոխվել հանցագործության մեխանիզմներն ու խարդախների լարած որոգայթները: Մեր օրերում էլ մարդիկ խաբվում են ու մի քանի րոպեում զրկվում երկար տարիների իրենց խնայողություններից:

Վերջերս ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում ստացվեց, որ 38-ամյա Գագիկ Գ.-ն Դավիթ Մալյան փողոցի թիվ 1/1 շենքի մոտ, Ավանի Դանիել Վարուժան թաղամասի 4 շենքի թիվ 13 բնակարանը գնելու նպատակով, ոմն Սերգեյի տվել է 14.000.000 դրամ և 4.000 ԱՄՆ դոլար:

Պարզվում է սակայն, որ որպես «բրոքեր» ներկայացած Սերգեյ կոչեցյալը չարաշահել է գնորդի վստահությունը: Իրեն պահ տրված գումարով մտել էր Դ. Մալյան փողոցի թիվ 1/1 շենքի մուտքն ու հաջորդ պահին մոսկովյան «դալալների» պես դուրս գալով դիմացի դռնով` հեռացել անհայտ ուղղությամբ:

Ոստիկանները ներկայումս միջոցառումներ են ձեռնարկում Սերգեյի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: