ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵ՞Լ ԵՆ ԱՐԴՅՈՔ


 

Մեկ անգամ ևս հարցումների միջոցով փորձեցինք պարզել մեր քաղաքացիների տրամադրվածությունը առաջիկա ընտրությունների նկատմամբ: Կողմնորոշվե՞լ են արդյոք և պատրա՞ստ են բարձրաձայնել այն քաղուժի կամ թեկնածուի անունը, ում օգտին կքվեարկեն:

Մարի ԹԱՐՅԱՆ. լրագրող, 21 տ.

- Ինձ թվում է, որ այս ընտրությունները ոչնչով չեն տարբերվելու նախորդից: Ինչ-որ առանձնահատուկ տարբերություններ չեն լինելու: Նույն սցենարով են ընթանալու: Ճիշտն ասած` ես մտածում էի« որ ձայնս կտամ «Ժառանգություն» կուսակցությանը, որովհետև սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված քայլեր ու մարդկանց հետ անմիջական շփումներ կարծես թե ավելի շատ այս կուսակցությունն էր նախատեսում: Շատ ակտիվ էին ու միշտ մարդկանց կողքին էին, բայց «Ազատ դեմոկրատների» հետ համագործակցությունից հետո մի տեսակ հիասթափություն ապրեցի: Իհարկե, կան անհատներ, որոնց համակրում եմ, բայց ընդհանուր առմամբ հիասթափված եմ: Դեռ չեմ տեսնում որևէ քաղաքական ուժ, որին կցանկանայի իմ ձայնը տալ: Ընտրություններին կմասնակցեմ, քանի որ դա իմ քաղաքացիական պարտքն է:

Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել, եթե ուզում է ժողովրդավարություն ստեղծել իր երկրում և մասնակից դառնալ երկրի կառավարմանը: Չնայած ինչ-որ առումով դրանք խոսքեր են, ինչ-որ տեղ` նույնիսկ առասպել: Հետևել եմ նախընտրական ծրագրերին ու հատկապես ժողովրդին ամենաշատը հուզող` սոցիալական խնդիրներին: Նույն ճոխ խոստումներն են, որոնք 2007-ին էին: Առանձնապես ոչինչ չի փոխվել այս տարիների ընթացքում: Դրանք կարծես թե թղթի վրա են մնացել: Հիմա էլ ավելի ճոխացված են այդ խոստումներն, ու ամեն դեպքում հավատը չկա, որ ինչ-որ բան ակնկալես:

Մարինե ԳԵՂԱՄՅԱՆ. 49 տ.

- Ես արդեն կողմնորոշվել եմ, թե ում պետք է ձայնս տամ և պատրաստ եմ բարձրաձայնել: Համակրում եմ Հանրապետական կուսակցությանը` թեև ինքս ԲՀԿ անդամ եմ: Նախորդ ընտրություններին ևս ամբողջ ընտանիքով ՀՀԿ-ի օգտին ենք քվեարկել: Մի պարզ պատճառով` որոշ խոստումներ նրանց կողմից իրականացվել են: Ծրագրերին ու ամբողջ ընթացքին հետևում եմ: Դեռ վատ բան չեմ տեսնում: Քարոզարշավը բնական հունով է ընթանում, և լինում է այն, ինչ պետք է լիներ: Նոր ձևավորվելիք խորհրդարանից ակնկալիքներ ունեմ: Խոստանում են բոլորը, բայց թե ո՞վ և ի՞նչ չափով կիրականացնեն այդ խոստումները` ոչ ոք չգիտի: Հատկապես կցանկանայի, որ առաջնահերթ լինեին անապահով ընտանիքների խնդիրները: Ես ինքս անապահով եմ: Հիվանդ ամուսին ու անչափահաս երեխա ունեմ: Չնայած դժվարություններին` այնուամենայնիվ հույսս չեմ կորցնում: Հուսանք` ինչ-որ բան կփոխվի:

ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ՉՑԱՆԿԱՑՈՂ

- Մայիսի 6-ը կգա, կտեսնենք« թե ինչ կլինի: Դեռ ոչինչ չեմ կարող ասել: Անպայման մասնակցելու եմ ընտրություններին, սակայն չգիտեմ` ում եմ ձայն տալու: Դժվարանում եմ կողմնորոշվել: Դեռ չգիտեմ, քարոզարշավը շարունակվում է, ընթացքում կկողմնորոշվեմ: Եվ մի բան` եթե շռայլվող խոստումների գոնե կեսն իրականացվեր, բարեկեցիկ երկրում կապրեինք: Կցանկանայի, որ խորհրդարանում քաղաքային տրանսպորտի հարցը բարձրացվեր, նաև` կրթությունը շատերին հասանելի դառնար:

Կարին ԳՐԻԳՈՐՅԱՆ. լուսանկարիչ, 29 տ.

- Թեկնածու չունեմ: Բայց պարտադիր կմասնակցեմ ընտրություններին: Քվեարկելու եմ ամենաքիչ հնարավորություններ ունեցող կուսակցությանը` ի նշան այն բանի, որ չեմ տեսնում իմ ձայնը Ազգային ժողովում: Կցանկանայի մի բան հավելել` ընտրական պաստառները խիստ անորակ են արված, բացառությամբ ՀՀԿ-ի, որտեղ հավանաբար մասնագետներ են աշխատել:

Արթուր ՄՈՒՐԱԴՅԱՆ. 55 տ.

- Դեռ պատրաստ չեմ: Բայց միանշանակորեն ընդդիմադիր դաշտից եմ ընտրելու: Քարոզարշավն իր բնական հունով է ընթանում, իսկ արդյունքների մասին դժվարանում եմ ենթադրություններ անել: Նոր խորհրդարանն առաջին հերթին պիտի ուշադրություն դարձնի սոցիալական, արտագաղթի դադարեցման խնդիրներին: Սակայն ակնկալիքներ գրեթե չունեմ: Դա կախված է նրանից, թե ով մեծամասնություն կստանա:

ՊԱՊՅԱՆ. «Կարիճ» ջոկատի հրամանատար

- Ես սոցիալիզմի օրոք եմ դաստիարակվել: Նույն սոցիալիզմի տարիներին աշխատել եմ «Ավանգարդ» թերթում: Նախկին լրագրող եմ: Ցանկությունս մեծ է, որ սոցիալիստական ուժերը տեղ ունենան խորհրդարանում: Իսկ այդպիսիք այսօր գրեթե չկան: Ինչ- որ տեղ կարելի է այդպիսին համարել Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, ՀՅԴ-ն և Կոմունիստական կուսակցությունը: Կոմունիստները փոշիացան, գնացին: Չեմ կարծում, որ նրանք խորհրդարան մտնելու համար բավարար ձայներ կստանան: Իսկ ՀԴԿ-ն և ՀՅԴ-ն ճիշտ է` իշխանություն չեն ձևավորի, բայց երկրի կյանքում կարող են դերակատարություն ունենալ: Դրանում համոզված եմ:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ