Բեն Լադենի թիրախը տնտեսությունն էր


 

«Ալ-Քաիդայի» հանգուցյալ առաջնորդի զինակիցն ու գաղափարակիցը ամերիկյան դատարաններից մեկում լսումների ժամանակ հայտարարել է, որ Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ-աշտարակների պայթյունն ավելի շուտ ուղղված էր` խոցելու և կաթվածահար անելու ԱՄՆ-ի տնտեսությունը (հաղորդում է BBC-ն):

Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սահաջիդ Բադատը նաև հայտնել է, որ նախկին թիվ 1 ահաբեկիչը ԱՄՆ-ի տնտեսությունը համեմատում էր շղթայի հետ: Եվ համոզված էր, որ ամբողջ տնտեսությունը կաթվածահար անելու համար բավական է խոցել մեկ օղակը միայն: Իսկ այդ օղակը բեն Լադենը ավիափոխադրումների շուկան է համարել: Այդ իսկ պատճառով սեպտեմբերի 11-ի իրադարձությունից հետո «Ալ-Քաիդան» ծրագրել էր մի շարք ահաբեկչական գործողություններ, մասնավորապես` օդանավերի պայթյուններ, որոնցից մեկն էլ պիտի իրականացներ Բադատը: Նա ձերբակալվել է 2003-ին, 2 տարի անց` դատապարտվել 13 տարի ազատազրկման: Ի դեպ` չկայացած այս ահաբեկիչը նաև խոստովանել է, որ պայթուցիկ սարքը կոշիկի մեջ թաքցրած` փորձել է ինքնաթիռ մուտք գործել և իրականացնել իր առաքելությունը, սակայն վերջին վայրկյանին հապաղել է: Միևնույն ժամանակահատվածում Բադատը մտմտացել է մեկ այլ ահաբեկչության մասին` այս անգամ բրիտանացի Ռիչարդ Ռեյնի հետ համատեղ: Վերջինս, սակայն, ձերբակալվել է 2001-ին` Մայամի ուղևորվող ինքնաթիռի մեջ պայթուցիկ սարք տեղադրելու ձախողված փորձից հետո: