Դիետիկ գառնուկ. այն էլ` կենսապատճենված


 

Կենսապատճենման (կլոնավորում) իմաստն այդպես էլ անընկալելի կմնա` քանի դեռ բնական ճանապարհով բազմացման ունակությունը վերջնականապես չի լքել կենդանի արարածներին: Իսկ մինչ այդ` գիտնականները կիսաարհեստական ճանապարհով կենդանիներ են «թխում»: Չինացիներն էլ վերջերս գենետիկորեն ձևափոխված գառ են ստացել, որի գենի դոնորը դարձել է կլոր որդի մի տեսակը:

Անդրածին գառնուկը, որին կնքել են Պեն Պեն մականվամբ (կլոնավորումը կատարած գիտնականների անունների հապավումով), ծնվել է մեկ ամիս առաջ: Հեղինակները պնդում են, որ նա առողջ է և նորմալ զարգանում է: Բջջանյութի դոնոր է դարձել չինական մերինոս ցեղախմբի ոչխարը, որի գենին խաչասերել են վերոնշյալ կլոր որդի ճարպաթթուներ: Ձվաբջիջը պատվաստել են փոխարինող (սուռոգատ) մայր ոչխարին, որն էլ իր որովայնում է կրել Պեն Պենին:

Թե քանի փորձից է հաջողվել այս «ցուցանմուշը» ստանալ` չի ասվում, բայց հայտնի է, որ ծրագրի վրա աշխատում են երկու տարուց ավելի: Բնականաբար չի էլ ասվելու, թե չորքոտանիների սերումն ինչո՞ւ են արհեստականացնում: Արդյո՞ք սրանց գլխին էլ ոչ ավանդական սեռական կողմնորոշումների վտանգ չի կախվելու:

Հա, կլոնավորման հեղինակներն ընդգծել են, թե հագեցած ճարպաթթուները շատ օգտակար են մարդկանց սննդի համար: Դրանք պարունակվում են բուսայուղերում, ընկույզի, ծովային մթերքների և ձկան յուղի մեջ: Ու չինացի գիտնականները հույս ունեն, որ հանձին իրենց Պեն Պենի ու նրա հաջորդների` այսուհետ ոչխարի կաթն ու միսը կարող են օգտակար այդ նյութերի աղբյուր դառնալ: