Սահակաշվիլին բողոքում է ռուսներից


Այս անգամ էլ` իտալական թերթերից մեկին տված հարցազրույցում վրաց դեռևս դիմակայող առաջնորդը հայտարարել է, թե Ռուսաստանը նոր պատերազմ է նախապատրաստում Վրաստանի դեմ: Մ. Սահակաշվիլին պնդել է, որ ռուսական կողմն, այսպես կոչված, «սառը պատերազմ» է վարում և ձգտում է Վրաստանից վերջնականապես անջատել նրա երկու հանրապետությունները: Եվ այդ գործընթացին Մոսկվան ներգրավում է նաև Եվրոպան ու Արևմուտքը: Corriere della Sera թերթի թղթակցի հետ զրույցում Վրաստանի նախագահը հայտարարել է, որ Վրաստանը բռնազավթված է, ինչի ապացույցը վրացական Աբխազիա և Հարավային Օսեթիա գավառների ռազմականացումն է Ռուսաստանի կողմից: - Նրանք ընդարձակում են հենակետերը, զինվորներ են ուղարկում` խախտելով միջազգային պայմանագրերը: Հազարավոր վրացիներ արտաքսվել են Աբխազիայից, իսկ Օսեթիայում արդեն այնքան բնակիչ կա, որքան` զինվոր: Նրանք ցանկանում են նոր Բեռլինյան պատ կանգնեցնել, որը մեզ կբաժանի Սուխումիից ու Ցխինվալից,- ասել է Սահակաշվիլին: