ՄԱԿ-ը ճանաչել է


Անվտանգության խորհրդին ներկայացված` Անդրկովկասում տիրող իրավիճակի մասին իր զեկույցում Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ոչ մի անգամ չի մատնանշել, որ Աբխազիան Վրաստանի մաս է: Ռուսական մամուլը դա համարել է Սուխումիի հաղթանակը: Մինչ այդ զեկույցը Աբխազիան հրաժարվել էր մասնակցել Ժնևում անցկացվող` Կովկասի հարցերով խորհրդակցությունների 5-րդ փուլին: Հիմա արդեն, ինչպես նշել է Աբխազիայի ԱԳ նախարար Սերգեյ Շամբան, իրենց մասնակցության համար խոչընդոտներ չկան: - Գլխավոր քարտուղարի զեկույցում հաշվի են առնված մեր բոլոր առարկությունները` որոշ ձևակերպումների հանդեպ: Միաժամանակ, վերացել են այնպիսի արտահայտություններ, ինչպես օրինակ` «Աբխազիայի դե-ֆակտո իշխանություններ» և այլն: Փոխվել է նաև փաստաթղթի հնչերանգը,- ասել է Շամբան: Անկախ պետության կարգավիճակով Աբխազիան, որպես առաջին պաշտոնատար հյուր, կընդունի Վլ. Պուտինին: - Դա օրինաչափ է: ՌԴ վարչապետի այցին, հուսով ենք, կհաջորդի ՌԴ նախագահի այցը,- նշել է Ս. Շամբան:- Լուծում պահանջող հարցերը շատ են: ՌԴ և Աբխազիայի միջև բարեկամության ու համագործակցության պայմանագիր ստորագրելուն կհաջորդի նաև ռազմական ու տնտեսական ոլորտներում կնքվելիք պայմանագրերի համաձայնեցումը: Սպասվում է ռազմական պայմանագրի կնքում, որը կարող է ստորագրվել Աբխազիայում ռուսաստանյան ռազմաբազաների կարգավիճակը որոշակիացնող համաձայնագրի հետ համատեղ: Հավանաբար հենց Պուտինի առաջիկա այցի ընթացքում էլ կվավերացվի ռազմական պայմանագիրը: Վաղուց է որոշված, թե հատկապես որտեղ են տեղակայվելու հենակետերը. ցամաքայինը` Գուդաուդայում, ռազմածովայինը` Օչամչիրում: