Կրթօջախի հոբելյանին ընդառաջ


Իրենց ինքնատիպ աշխատանքների հերթական ցուցադրությամբ սկսեցին ընթացիկ շաբաթը Երևանի թեթև արդյունաբերական պետական քոլեջի (տնօրեն` Սերգեյ Քոչարյան) ուսանողները: «Մեծ հոբելյանին ընդառաջ» միջոցառումների շրջանակում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիաի թատրոնում նրանք կազմակերպել էին մոդելյորների աշխատանքների ցուցահանդես -մրցույթ: Այս տարի լրանում է քոլեջի հիմնադրման 80-ամյակը, և քոլեջում կազմակերպվող` ուսումնամեթոդական, գիտամանկավարժական, մասնագիտական, գեղարվեստական ինքնագործունեության բոլոր միջոցառումները նվիրվում են հրազատ կրթօջախի հոբելյանին: Այդօր ուսանողներն ընդհանուր առմամբ ցուցադրեցին տարբեր անվանակարգերի շուրջ 150 նոր նմուշներ: Ուշագրավ էին հատկապես բարձր նորաձևության, կամ ավանգարդ ոճի նմուշները: Երեկոյան անվանակարգում` տարբեր չափահասակների համար նախատեսված հագուստներ: Այս աշխատանքներն ապագա մոդելագործները կատարում են ուսուցմանը զուգահեռ` ամբողջ տարվա ընթացքում` փորձառու դասախոսներ Դ. Մխիկյանի, Զ. Գրիգորյանի, Ք. Գուրգենյանի, Ա. Նաջարյանի, Է. Դանիելյանի հսկողության տակ: Ուրախալի է, որ սովորողը, դեռևս ուսանողական նստարանին կարողանում է սեփական մտահղացման գծագրված նախօրինակը` էսքիզը, ինքնուրույն հանձնել թղթին, այնուհետև նախագծել, կարել նմուշը և ինքն էլ ցուցադրել իր աշխատանքը: Քոլեջում արդեն ավանդական դարձած այս մեթոդը նպաստում է ապագա մասնագետների կայացմանը: Քոլեջի բնորոշ մի առանձնահատկություն ևս արժանի է ուշադրության. այսօր այստեղ մասնագիտական գիտելիքներ ու փորձ են ձեռք բերում նաև ապագա տեխնոլոգներ, հաշվապահներ, սպասարկման բնագավառի մենեջերներ և այլն: Եվ նրանք բոլորն էլ մասնակցում են ցուցադրման աշխատանքներին, ինչը նպաստում է ընտրած մասնագիտության հանդեպ պատասխանատվության բարձրացմանը: