Բուշին շարունակում են մեղադրել


Նահանգների նախորդ նախագահին վերստին մեղադրում են` որ նա անտեսել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին հետախուզության նախազգուշացումը: Ինչպես հաղորդել է ՀըԽ-ն` Բուշի հասցեին քննադատության հերթական ալիքը հրահրել է «9/11 հանձնաժողովի» անդամ Ռիչարդ Բեն-Վենիստեի հեղինակած գիրքը: Բեն-Վենիստեն արձանագրել է, որ ահաբեկչությունից շուրջ 1 ամիս առաջ Կենտրոնական հետախուզական վարչության փորձագետները Բուշին նախազգուշացրել են Ուսամա բեն Լադենի` Ամերիկային հարված հասցնելու վճռականության մասին: Ի դեպ` ամերիկյան հասարակությունը հակված է այլ վարկածների ևս: Ամենաարմատականները, օրինակ, պնդում են, որ Համաշխարհային առևտրի կենտրոնի «երկվորյակ աշտարակների» վրա գրոհի հեղինակները կարող էին լինել հենց ամերիկյան կառավարության որոշակի ուժեր: Միջազգային հանրությանը նույնպես չի համոզում պաշտոնական վարկածը, ըստ որի` այդ ահաբեկչության կազմակերպիչն «Ալ-Քաիդա»-ն է: Այդ առնչությամբ անցկացված հարցումների արդյունքներով, Գերմանիայում, օրինակ 23 %-ը, գտնում է, որ Սպիտակ տունն անմասն չէ այդ գրոհից: Ռուսների 15 %-ը, իտալացիների 7 %-ը և եգիպտացիների 47 %-ը կասկածում են Իսրայելին: Կասկածները խորանում են հետաքննության արդյունքները գաղտնի պահելու պատճառով. 7 տարվա ընթացքում ընդամենը 1 դատավարություն է եղել, և ձերբակալված ահաբեկիչների ցուցմունքներն այդպես էլ չեն հրապարակվել: Ավելին, «ԺվՌ.Րց» կայքը գրել է, որ 2001 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում փլվել է ոչ թե 2, այլ 3 շենք: «Երկվորյակ աշտարակների» վրա գրոհից 8 ժամ հետո, փլվել է հարևան 47 հարկանի երկնաքերը, որտեղ տեղավորված էին ԿՀՎ (ՃՀձ) բաժանմունքը, ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը, հարկային ծառայությունը, բորսաների և արժեթղթերի հանձնաժողովը, ինչպես նաև Նյու Յորքի քաղաքապետարանի արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնն ու բունկերը: Այդ կառույցի փլուզման պատճառը մինչ օրս հայտնի չէ: Ըստ պաշտոնական վարկածի` «Ալ-Քարիդա»-ի մահապարտները գրավել են մարդատար 4 ինքնաթիռ. դրանցից երկուսով գրոհել են Համաշխարհային առևտրակենտրոնի աշտարակների վրա, իսկ երկուսն ուղղորդել են դեպի Պենտագոն ու Սպիտակ տուն: Աննախադեպ այս հարձակման արդյունքում զոհվել է շուրջ 3 հազար մարդ: ԱՄՆ-ն` փոքրամասնությունների երկիր Միացյալ Նահանգների վիճակագրության բյուրոյի հրապարակած զեկույցի համաձայն` երկրի տարածքում մեծ արագությամբ ավելանում են էթնիկ փոքրամասնությունները: Մինչև 5 տարեկանների կեսը ազգային փոքրամասնությունների երեխաներ են: Առանձնակի արագությամբ է բազմանում իսպանալեզու համայնքը: 2008 թ. Ամերիկայի 104,6 միլիոն քաղաքացիներ` երկրի ազգաբնակչության 34 %-ը, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ էին. այդ թիվը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 2,9-3 %-ով: Իսպանախոսների շրջանում ակնհայտ է նաև երիտասարդացումը. եթե «լատինոսների» միջին տարիքը 27,7 է, ապա սպիտակամորթներինը` 40,1: Իսկ ընդհանուր առմամբ` ԱՄՆ-ում ապրում է 46,9 մլն իսպանալեզու քաղաքացի: Ասիական համայնքները` 15,5 միլիոն բնակչությամբ ազգային փոքրամասնությունների շարքում զբաղեցնում են 2-րդ տեղը: Դժբախտ պատահար, թե՞ ինքնասպանություն Հարավային Կորեայի նախկին ղեկավար Նո Մու Հենը շաբաթ օրը վաղ առավոտյան թռել է ժայռից: Իր օգնականի հետ նա զբոսնել է լեռնային կածանով, հետ բարձրացել սարի գագաթ և… Նրան հիվանդանոց են հասցրել ժամը 8.13-ին, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել, ու ներգանգային վնասվածքների արդյունքում 9.30-ին վրա է հասել մահը: Ինքնասպանության վարկածի համար կան լուրջ պատճառներ. 62-ամյա Նո Մու Հենը ներքաշված է եղել խոշոր կաշառակերության մի խայտառակ աղմկարարության մեջ: Երկրի նախկին նախագահին ու նրա ընտանիքի մի քանի անդամների մեղադրել են` մի գործարարից ավելի քան 6 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ: Հարավկորեական նախագահների պաշտոնական «Չխոնվադէ» («Երկնագույն տուն») նստավայրից ցավակցություն են հայտնել Հենի մահվան կապակցությամբ, սակայն նախագահի ներկայացուցիչը նաև նշել է. - Մենք պաշտոնական հայտարարությամբ հանդես կգանք միայն այն բանից հետո, երբ կստանանք կատարվածի ճիշտ պատկերը: Նո Մու Հենի անձնական փաստաբան Մուն Չէ Ինը ոստիկանությանն է հանձնել հանգուցյալի` մահից առաջ թողած գրությունը: Կրկին` Կուրիլյան թնջուկը Ճապոնիայի վարչապետ Տարո Ասոն Խորհրդարանի վերին պալատում բյուջետային քննարկումների ընթացքում հայտարարել է, որ` - …շարունակվում է Ռուսաստանի կողմից Հարավային Կուրիլյան կղզիների ապօրինի բռնազավթումը: Նա ասել է նաև, որ ՌԴ-ից պարզաբանում է սպասում` այդ հիմնախնդրի լուծման առնչությամբ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոյի պատասխանն էլ չի ուշացել. - Դատելով պարոն Ասոյի հայտարարությունից` ճապոնական կողմը ոչ թե տրամադրված է երկու կողմերի համար ձեռնտու որոշում գտնել, այլ` իրենց ոչ օրինաչափ նկրտումները բավարարել: …Ինչպես հայտնի է` Կունաշիր, Իտուրուպ կղզիները և Փոքր Կուրիլյան շղթան, որոնք վերադարձնել է պահանջում Ճապոնիան, համարվում են Ռուսաստանի Դաշնության տարածք` Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում: