ԱՆՑՅԱԼԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ Է


Ազգն ապրեցնելու, թերությունները շտկելու համար բռունցքվելու մեծ կամք ու քաջություն է պետք: Կյանքի շարունակական հունի մեջ խաղաղվում ու փոթորկվում է ժամանակը, իսկ հարարթուն խաղի մեջ իրականությունը ձերբազատված չէ թերություններից: Բացահայտում ենթադրող ու պահանջող ժամանակն ակնկալում է դժվարությունները հաղթահարելու մեծ կամք ունեցող անհատներ, ովքեր կարող են և պարտավոր են ճշմարտությունը բացահայտորեն արձանագրելու հպարտությունն ունենալ: Իրեն վստահված գործի կարևորության գիտակցումը հպարտություն ներշնչելով, նաև մեծապես պարտավորեցնում է կապի գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Աշոտ ՆԱՋԱՐՅԱՆԻՆ: - Հրամանատարական կազմի գլխավոր նպատակը եղած թերությունները շտկելն է: Ի՞նչ առանցքային խնդիրներ կան ձեր զորամասում: - Այսօր կարևոր է սոցիալ-կենցաղային մակարդակի բարելավումը: Զորամասում դեռ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն զորամասի հրամանատարության կողմից: Հրամանատարությունն աշխատանք է տանում զինծառայողների բարոյահոգեբանական մակարդակի բարձրացման նպատակով: Գնալով խորանում է զորամաս-հասարակություն-դպրոց կապը: Հասարակական կազմակեր պությունների, մշակութային օջախների հետ համագործակցությունն ավելի է բարձրացնում զինվորի բարոյահոգեբանական մակարդակը: Անշուշտ, զինծառայողների կրթական մակարդակի առումով որոշակի խնդիրներ կան. տարվում են համապատասխան աշխատանքներ` համաձայն դասընթացների պլանի: Այսօր զորանոցում կահավորված են լսարանները: Քանի որ զորանոցը նոր է վերանորոգվել, գրադարանի շենքային խնդիրը դեռ լուծված չէ, հրամանատարությունն այս ուղությամբ աշխատանք է տանում: Թաղապետարանի մշակույթի բաժնի և զորամասի հրամանատարության միջև համաձայնություն կա, որ մեզ անհրաժեշտ գրականություն կտրամադրի: Ասեմ` պլանով արդեն նախատեսվել է, որ շուտով կունենանք նոր ակումբ: Այսօր մեր բուժանձնակազմը լավ պատրաստված է: Նրանց ուշադրությունը սևեռված է զինծառայողների առողջության կայունացմանը: Սակայն բուժկետում դեռ պակաս կա, ինչը լուծելի խնդիր է: - Իսկ այսօր զինծառայողն իրեն պաշտպանված զգո՞ւմ է` որպես իր երկրի քաղաքացի: - Ակնհայտ տեղաշարժ կա, հրամանատարությունը պատասխանատու է զինծառայողի համար: Համաձայն աշխատանքային պլանի` չկա պարապության մատնված զինվոր: Երկու տարի շարունակ հրամանատարությունը պատասխանատու է զինվորի արածի ու չարածի համար. ամեն ինչ արվում է, որպեսզի զինծառայողն իրեն պաշտպանված զգա` համապատասխան ներքին ծառայության ու կանոնագրքի: Նրանց ծառայողական առօրյան բավականին հագեցած է: Այնպես է կանոնակարգված, որ զինծառայողն անգործության չմատնվի: Ավելի հետաքրքրասերներն զբաղվում են ընթերցանությամբ: Լինում են մշակութային միջոցառումներ, հասարակական կազմակերպությունների հետ կապը ապահովել ենք: Կազմակերպվող միջոցառումները, հանդիպումները տարբեր բնագավառների գործիչների հետ նրանց առօրյան դարձնում է ավելի հետաքրքիր ու հագեցած: Մի խոսքով, և' ֆիզիկապես, և' բարոյահոգեբանորեն զինվորը կոփվում է: Փորձում ենք անել հնարավորը` առողջ մթնոլորտ ստեղծելու համար: - Ֆիզիկական որոշակի թերություններ ունեցող երիտասարդներ հայտնվո՞ւմ են զորամասերում: - Կարող եմ ասել, որ այսօր ֆիզիկական թերություններ ունեցող զինվորներ գրեթե չկան զորամասերում: Բոլոր զինակոչիկները կենտրոնական հավաքակայանում ստուգում են անցնում համապատասխան բուժանձնակազմի կողմից: Ապա զորամասում բուժանձնակազմն է ստուգում անցկացնում: Եթե կան թերություններ, ապա ուղարկվում են կենտրոնական հոսպիտալ` հետազոտվելու համար: Վստահաբար կարող եմ ասել, որ չկան ֆիզիկական թերություններ ունեցող զինծառայողներ: Այս խնդրին լուրջ ուշադրություն ենք դարձնում. հարցը շատ խիստ է դրված: Նախարարի կողմից հստակորեն շեշտադրվել է, որ ստուգումները լինեն լիարժեք: Նաև ուզում եմ նշել, որ այսօր արդեն զինծառայությունից խուսափողների թիվը կտրուկ նվազել է, որովհետև կա ազգային գիտակցություն: Հայրենիքը հզոր է, երբ միասնական ենք: Երկրի պաշտպանությունը բոլորիս է վերաբերում: Զորամասում այդ խնդիրը լուծված կարելի է համարել, իսկ եթե լինում են դեպքեր, ապա բարոյահոգեբանական ճիշտ աշխատանքից հետո արդյունքն ակնհայտ է դառնում: Անշուշտ, գաղտնիք չէ, որ քաղաքացիական կյանքում զինծառայությունից խուսափողներ լինում են, բայց զորակոչվելուց հետո տեսնելով զորամասի առօրյան` կարճ ժամանակահատվածում ադապտացվում են: Ահա այստեղ է, որ պետք է շեշտադրենք ընտանիքի ու դպրոցի դերը: Առողջ հասարակություն ունենալու համար պետք է ամուր ընտանիք ունենալ: Այս դեպքում արդեն սպաների գործը չափազանց հեշտանում է: Վերջերս հանդիպում եղավ թիվ 129 դպրոցի աշակերտների հետ: Ինձ հիացրեց դպրոցի տնօրենի, պատմության ու ռազմագիտության ուսուցիչների հոգեբանական ճիշտ մոտեցումը զինվորական դաստիարակությանը: Կարող եմ ասել, որ այդ դպրոցից կայացած զինվորներ են դուրս գալու: Նման հոգեբանություն պետք է լինի բոլոր դպրոցներում: Երիտասարդը գալիս է ծառայության` երբեմն իր երկրի պատմությունը չիմանալով. սա ողբերգություն է: Զորամասում հատուկ ուշադրություն ենք դարձնում այս խնդրին: Անցյալը պարտավորեցնող է, չենք կարող անտարբերության, մոռացության մատնել այն: Երբ անցյալ ենք շրջվում, ապագան ենք տեսնում: - Զորամասը հասարակության համար մնում է հետաքրքիր գոտի. ցանկացած բացասական երևույթ ուռճացած է հասնում հասցեատիրոջը: Գուցե հենց այնպես ոչինչ չի՞ ասվում: Ինչպե՞ս ձեռք բերել հասարակության վստահությունը: - Կարելի է ասել, որ այսօր զորամաս-հասարակություն կապն ստեղծվել է: Վստահություն ձեռք բերելու համար մեծ աշխատանք է տարվել (կարծում եմ` միշտ շարունակվելու է): Դա արդեն զորամասի հրամանատարության, ինչու չէ, նաև հասարակության խնդիրն է: Որպեսզի նույն այդ հասարակությունը չտեսնի ուղղակի զինվորի, այլ հայրենիքի պաշտպանի, այդ դեպքում արդեն ամեն ոք պահանջատիրոջ հարթակից կտեղափոխվի, կմոտենա պատասխանատվության շեմին: Հասարակական տարբեր կազմակերպությունների հետ տարվում են աշխատանքներ. լինում են զրույցներ զինծառայողների հետ: Հաճախակի կազմակերպում ենք հանդիպումներ ազատամարտիկների հետ, որպեսզի զրույցների, շփումների միջոցով զինվորի համար ճիշտ մթնոլորտ ստեղծենք: Ի վերջո, կհասնենք նրան, որ կվերանա անջրպետը:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ