Վերջին զանգ


Ինչպես հանրապետության հանրակրթական բոլոր դպրոցներում, այնպես էլ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ազդարարվեց 2008-2009թթ. ուսումնական տարվա ավարտը: Վարժարանի շրջանավարտներին շնորհավորելու և նրանց վերջին զանգի արարողությանը մասնակցելու նպատակով կրթօջախ էր այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ շնորհավորելով շրջանավարտներին և մաղթելով բարի երթ` Ս. Օհանյանը նշեց, որ վարժարանում ձեռք բերած գիտելիքներն ու փորձառությունը կօգնեն արժանապատվորեն հաղթահարելու կյանքի ամեն մի դժվարություն: Նախարարը նաև հույս հայտնեց, որ նրանցից շատերը հետագայում կհամալրեն ազգային բանակի սպայական կազմը: Միջոցառման ընթացքում հնչեցին նաև այլ ելույթներ, շնորհավորանքի ու երախտագիտության խոսքեր` ուղղված մանկավարժական կազմին: Ուրախալի է, որ վարժարանի 63 շրջանավարտներից 59-ը ցանկություն են հայտնել շարունակելու իրենց ուսումը Հայաստանի և արտերկրի ռազմաուսումնական հաստատություններում: Ընդ որում շրջանավարտ-սաների` լեռնային պատրաստությունից ու մարտավարությունից ցուցադրած ելույթները փաստում են, որ մոնթեականներն արդեն որոշակիորեն տիրապետում են ռազմական գործին: Վերջին զանգի արարողությանը նախապատրաստվելու ժամանակ` վարժանքներից մեկի ընթացքում, ստեղծված արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվելու և ընկերոջ կյանքը փրկելու համար վարժարանի սան Մեսրոպ Մկրտչյանին Սեյրան Օհանյանը պարգևատրեց «Անդրանիկ Օզանյանե հուշամեդալով: Սեյրան Օհանյանը այցելեց նաև Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղ: Մինչ գյուղի հարազատ դպրոցի շրջանավարտներին շնորհավորելը, պաշտպանության նախարարը ծաղիկներ դրեց Հայրենական մեծ պատերազմում և արցախյան գոյամարտում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին: Շնորհավորելով և կանաչ ճանապարհ մաղթելով դպրոցի հերթական շրջանավարտներին, նախարարը կարևորեց բանակ-դպրոց կապն ու ռազմահայրենասիրական դաստիարակությունը` նշելով, որ ամեն ինչ սկսվում է դպրոցից: Հուշակոթող` նվիրված արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեց մայրաքաղաքի Վահան Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցի բակում արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակի համար կանգնեցված հուշակոթող-ցայտաղբյուրի բացման արարողությանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին Սեյրան Օհանյանը նշեց, որ յուրաքանչյուր այսպիսի միջոցառում ռազմահայրենասիրական դաստիարակության յուրահատուկ դաս է` որը մատաղ սերնդի շրջանում ամրապնդում է սերն առ հայրենիք, ինչպես նաև նպաստում է նահատակ ազատամարտիկների սխրանքն ու խիզախումը վառ պահելու գործին: Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները ասմունքեցին ու երգեցին: Նրանց անկեղծ կատարումները դրական լիցքեր ու բարձր տրամադրություն հաղորդեցին ներկաներին: Այնուհետև` հուշակոթող-ցայտաղբյուրի բացման արարողությունից հետո, դպրոցի սրահում բացվեց փառքի անկյունը, որտեղ ցուցապաստառների վրա փակցված լուսանկարներն ու գրառումները հիմնականում վերաբերում էին արցախյան հերոսամարտի տարեգրությանը: Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Ալվարդ Առաքելյանը պաշտպանության նախարարին հանձնեց խորհրդանշական հուշանվեր: