Ընթանում է գարնանային զորակոչը


Զորակոչի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով` այսօր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն այցելեց հանրապետական կենտրոնական հավաքակայան: Նախքան հավաքակայանում ընթացող աշխատանքներին ծանոթանալը, նա հանդիպեց բանակ զորակոչվող երիտասարդների ծնողների հետ: Նրանց վստահեցնելով, որ զինակոչիկների ծառայության վայրը որոշվում է արդարության սկզբունքով, Յուրի Խաչատուրովը պատասխանեց ծնողներին հուզող հարցերին: Հավաքակայանում գլխավոր շտաբի պետը զրուցեց նաև զինակոչիների հետ, հետաքրքվեց նրանց ծառայության մեկնելու պատրաստակամությամբ: Այցի շրջանակում գեներալ-գնդապետը եղավ բուժսենյակներում: Բժշկական հանձնաժողովի մասնագետները ներկայացրեցին բուժզննման արդյունքները զինակոչիկների առողջական վիճակի մասին: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Յուրի Խաչատուրովը նշեց, որ զորակոչն ընթանում է առանց խոչընդոտների, թե զինկոմիսարիատները, թե հանրապետական հավաքակայանի անձնակազմը և թե զորակոչով զբաղվող մյուս կառույցները բարեխղճորեն են կատարում իրենց առջև դրված խնդիրները, ինչի արդյունքում ազգային բանակն արդեն համալրվել է 30 տոկոսով: Անդրադառնալով տարածված ստահոդ լուրերին այն մասին, որ իբրև թե զինակոչիկները մինչ բանակ մեկնելը իմանում են իրենց ծառայության վայրը` գլխավոր շտաբի պետը նշեց, որ դա որոշվում է միայն հանրապետական հավաքակայանում գործող հանձնաժողովի կողմից: Զորակոչի շրջանակներում օրենքը խախտողները կպատժվեն ամենայն խստությամբ: Հիշեցնենք նաև, որ գլխավոր շտաբում գործում է զորակոչի հարցերով թեժ գիծ և քաղաքացիներն իրենց մտահոգող հարցերի, նկատված թերությունների, բացթողումների և խախտումների մասին կարող են անմիջապես զանգահարել 661700 հեռախոսահամարով: