Բո¬լոր թի¬մե¬րում պար¬կեշտ, հայ¬րե¬նա¬սեր մար¬դիկ կան


- Շնորհավորում ենք Ձեզ, խմբակցության քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ունե՞ք կոնկրետ ծրագրեր, թե՞ շարունակելու եք կուսակցության որդեգրած սկզբունք ները: - Հանրապետականը ավանդական կուսակցություն է, և այդ դիրքորոշմամբ է գործունեություն ծավալում նաև խորհրդարանում: Այսուհետ ևս մեր աշխատանքներն ընթանալու են թիմային տրամաբանությամբ, և, բնականաբար, ինքս էլ այդ սկզբունքներով շարունակելու եմ դրական ավանդույթները և, իհարկե, փորձելու եմ հնարավորություններիս շրջանակներում ավելի թարմ շունչ հաղորդել օրենսդրական գործունեությանը: Արդեն 8 տարի ՀՀԿ անդամ եմ, միշտ հպարտությամբ եմ նշում, որ եղել եմ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի կողքին և նրան համարում եմ իմ ուսուցիչը: Վստահ եմ, որ այսուհետ ևս, խմբակցության ղեկավարի հետ շարունակելու ենք զարգացնել այն սկզբունքները, որոնք որդեգրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: - Ձեր տպավորությունը քարոզարշավից` մասնակիցների և առաջ քաշվող հարցերի առումով: - Երևանի ավագանու ընտրություններն իրենց տեսակով նորամուծություն են մեր հանրապետությունում. առաջին անգամ անցկացվում է 100 տոկոսանոց համամասնական ընտրություն: ՀՀԿ-ն ևս նախընտրել է բակային հանդիպումների մարտավարությունը, որը կարծում եմ ավելի արդարացված է, որովհետև ի տարբերություն համապետական ընտրությունների, ժողովրդի հետ ուղղակի շփումներն այս պարագայում առավել արդյունավետ են: Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ կոռեկտ. չկա հայհոյանք, չկան թշնամանք և մերժողականություն: Իհարկե, նկատվեցին որոշակի մանր-մունր բախումներ, որոնք սադրանք էին, ընդհանուր բնութագրմամբ` արջի ծառայություններ: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, նա բախումներ հրահրելու և ընտրակեղծիքներ կատարելու ոչ ցանկություն ունի, ոչ էլ նպատակ: Մեր գլխավոր խնդիրը մայիսի 31-ին օրինական ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելն է: Իսկ քարոզչության ընթացքում մենք ներկայացնում ենք տարիների ընթացքում կատարած մեր աշխատանքը: Գագիկ Բեգլարյանը և Տարոն Մարգարյանը բավական լայնածավալ ծրագրեր են կենսակոչել, և համոզված եմ, որ նրանց կատարած գործերը երաշխիք կհանդիսանան, որպեսզի ՀՀԿ-ն ստանա ժողովրդի քվեի նշանակալի մասը: Ընդհանուր առմամբ` պետք է նշեմ, որ մրցակից կուսակցությունների միջև չկան լուրջ տարաձայնություններ: Պարզապես ընտրությունների ժամանակ որոշակի ակտիվություն է զգացվում, և կենցաղային վեճը երբեմն մատուցվում է իբրև քաղաքական լուրջ բախում: Երբեմն էլ լրատվամիջոցներն են ցանկանում սենսացիաներ առաջացնել` գիտենալով, որ դա դուր է գալիս հասարակության որոշ հատվածին: Կրկնում եմ` մենք առհասարակ որևէ լուրջ հակասություն չունենք որևէ քաղաքական ուժի հետ: Մենք համարում ենք, որ Հայաստանի քաղաքական դաշտի հարստությունը հենց նրա բազմազանությունն է: Անկախ քաղաքական հայացքներից` ընդդիմադիր, թե իշխանական, ներկայացված բոլոր քաղաքական թիմերում պարկեշտ, հայրենասեր մարդիկ կան: Եվ, ի վերջո, ամեն ինչի գնահատականը տալիս է ժողովուրդը, այս պարագայում` ընտրությունների արդյունքները: - Ընտրություններում հաջողության պարագայում, ինչպե՞ս եք տեսնում համագործակցությունն այսօրվա մրցակիցների հետ: - Նախ նշեմ, որ համագործակցությունը և միասնականությունը ձեռք է բերվում ոչ թե ինքնանպատակ, նախնական որոշումներով, այլ` ծրագրերի, գաղափարների շուրջ: Հանրապետական կուսակցությունն իր գոյության 19 տարիների ընթացքում ապացուցել է, որ պետականամետ և ազգային քաղաքական ուժ է, որի համար առաջնային են ոչ թե կուսակցական, այլ` ազգային ու պետական նպատակները: Մենք կուսակցությունը դիտարկում ենք ոչ թե որպես նպատակ, այլ` միջոց` ազգին ու պետությանը ծառայելու համար: Սրանք սոսկ խոսքեր չեն. այդպիսին է մեր կենսագրությունը: ՀՀԿ-ն կուսակցամոլությամբ չի տառապում: Եթե կլինեն առաջարկներ, մենք պատրաստ ենք ցանկացած քաղաքական ուժի հետ քննարկել այն ծրագրերը, որոնք միտված են մայրաքաղաքի զարգացմանը: Կոալիցիաների կամ կոնկրետ համագործակցության մասին խոսել կարելի է միայն հետընտրական գործընթացի ժամանակ: Այս պահին գտնում ենք, որ ՀՀԿ-ն ունի շատ լուրջ շանսեր` առաջին տեղը զբաղեցնելու համար: Դրա համար կան շարժառիթներ. կատարած գործը, կուռ գաղափարական բանակը, հասարակության արձագանքը, և մեր թիմի պրոֆեսիո նալիզմը: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանը, Տարոն Մարգարյանն ու մեր մյուս թեկնածուները մարդկանց հետ անմիջական շփումների միջոցով ծանոթանում են նրանց հուզող հարցերին, որոնք անպայման հաշվի կառնվեն` գործունեության իրենց ծրագրերը կազմելիս: Ի դեպ, իբրև իշխող կուսակցություն, մեզ համար շատ ավելի դժվար է, քանի որ թղթի վրա գրելը մի բան է, իսկ կյանքում իրագործելը` մի այլ բան: Ընդհանրապես մեծ-մեծ խոստումներ տալիս են նրանք, ովքեր չգիտեն, թե ի՞նչ է մենեջմենթը, կառավարումը, չգիտեն` ինչպիսի դժվարություններ կան դրանք իրականացնելու ճանապարհին: Մենք ժողովրդի հետ խոսում ենք անկեղծորեն և ներկայացնում ենք իրական փաստերը: Խնդիրների լուծումը տեսնում ենք կարճաժամկետ և երկարաժամկետ ձևաչափերով: - Ձեր իրատեսությունից օգտվելով, ցանկանում ենք անպայման իմանալ Ձեր կարծիքը այսօրվա Երևանի մասին, և` ինչպիսի՞ երևանցի է ուզում տեսնել Հանրապետականը այս և այսուհետ իրականացվող բարեշրջումների արդյունքում: - Ինքս լոռեցի եմ, սակայն կյանքիս լավագույն տարիներն անցել են մայրաքաղաքում: Երևանը տաքուկ ու ջերմ մի քաղաք է, որին կարոտում ես` եթե հեռվում ես: Անգամ պատերազմական ցուրտ ու խավար տարիներին, մեր սիրելի քաղաքամայրը չէր կորցրել իր հմայքն ու ջերմությունը: Ես ուզում եմ Երևանը տեսնել ավանդույթներ պահպանող, ավելի լուսավոր ու բարեկարգ, ավելի կանաչապատ ու մաքուր: Մենք այս տարիների ընթացքում մայրաքաղաքում բազմաթիվ կապիտալ շինարարության խնդիրներ ենք լուծել: Նաև ապացուցել ենք, որ կարող ենք շատ լավ կառավարել: Ավան համայնքի օրինակով պարզվեց, որ ճիշտ կառավարման դեպքում, համայնքը կարող է լուծել իր խնդիրները: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ Ավան համայնքի թաղապետը 2-րդն է մեր համամասնական ցուցակում: Նույնը կարելի է ասել նաև Կենտրոն համայնքի մասին: Կարծում եմ, որ նման օրինակելի փորձը մենք կարող ենք և պետք է ներդնենք նաև մյուս համայնքներում: Տարոն Մարգարյանն ու Գագիկ Բեգլարյանը պատրաստակամ են` լսելու մտավորականության կարծիքը: Եվ պատահական չէ, որ մեր համամասնական ցուցակում բազմաթիվ մտավորականներ են ընդգրկվել, ովքեր համ ու հոտ են տալիս մեր մայրաքաղաքին` ամբողջացնելով նրա դիմագիծը: - Չափազանցրած չե՞նք լինի, եթե ասենք, որ Ավան համայնքի օրինակով հաստատվեց, որ ոչ թե պետությունն է քիչ հատկացումներ կատարում, և համայքների բյուջեն է սուղ, այլ նպատակային չեն օգտագործվում հատկացումները: - Այո, մենք կարող ենք փաստել, որ աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է ճիշտ կառավարմամբ: Կարող ենք բազմաթիվ օրինակներով հիմնավորել, որ տվյալ անհատի կազմակերպչական ունակությունների և հետևողական աշխատանքի շնորհիվ է ձեռնարկումները հաջողությամբ պսակվում…

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ