Պատահականություններ չեն լինում


Հարավային Կովկասում գործընթացները դիտարկելիս դժվար չէ նկատել, որ պատմական գրեթե բոլոր ժամանակահատվածներում այստեղ առկա խնդիրների կենտրոնում եղել են Ռուսաստանի և Թուրքիայի շահերը: Իսկ տարածաշրջանի մյուս երկրներին առնչվող զարգացումները գլոբալ առումով այս երկուսի` հաճախ իրարամերժ նպատակների ածանցյալներն են: Մոսկվան ու Անկարան համընդհանուր ուշադրության կենտրոնում են հայտնվել հատկապես աշխարհաքաղաքական գործընթացների, տարածաշրջանն ազդեցության գոտիների բաժանման ընթացքում: Պատահական չէ, որ Կովկասում համագործակցության և խաղաղության պլատֆորմ ստեղծելու մասին Թուրքիայի նախաձեռնությունը և ռուս-վրացական հնգօրյա պատերազմը ժամանակային առումով համընկան: Մի փոքր ավելի լայն ժամանակահատվածով զարգացումները դիտարկելու պարագայում կհայտնաբերենք առաջին հայացքից միմյանց հետ կապ չունեցող ևս մեկ զուգադիպություն: Սակայն, արդյո՞ք զուգադիպություն էին Եվրամիության արևելյան գործընկերության գագաթաժողովն ու դրանից երկու տարի առաջ Իրան-Հայաստան գազատարի կառուցումը, Հայաստան-Թուրքիա սկսված երկխոսությունը, որտեղ այս կամ այն կերպ, այնուամենայնիվ նկատվում է Ռուսաստանի գործոնը… Կովկասյան պլատֆորմ ստեղծելու Թուրքիայի նախաձեռնությանը Ռուսաստանի դրական արձագանքը և հայ-թուրքական երկխոսության համընկնումը բոլորովին պատահական չէր: Այդ երկխոսության շրջանակներում բազմիցս բարձրաձայնվեց Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման կարևորությունը Հայաստանի և Թուրքիայի տնտեսությունների զարգացման համար: Բայց այս երկաթգծի հարցում Ռուսաստանը ևս ունի իր շահագրգռությունը: Խնդիրն այն է, որ Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկման պարագայում Թուրքիայի համար տնտեսական առումով իմաստազրկվում է Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք` Վրաստանը Թուրքիայի հետ կապող երկաթգիծը: Իսկ դրա ձախողումը տվյալ ժամանակահատվածում բխում է Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի շահերից: Բոլորովին վերջերս իրանական գազը սկսեց մուտք գործել Հայաստան: Գազատարը շահագործման պատրաստ էր դեռ երկու տարի առաջ, բայց սկսեց աշխատել միայն այս ամսին: Ըստ էության, այս հարցում դարձյալ գործ ունենք, այսպես կոչված, աշխարհաքաղաքական զուգադիպության հետ: Դարձյալ ժամանակի մեջ մի փոքր հետ գնանք: Եվրամիության արևելյան գործընկերության գագաթաժողովում ստորագրվեց «Նաբուկո» գազատարի կառուցման մասին փաստաթուղթը: Չնայած ադրբեջանական գազը գնելու ուղղությամբ Ռուսաստանի գործադրած ջանքերին, այսօր արդեն խոսվում է այն մասին, թե Անկարան և Բաքուն համաձայնության են եկել ադրբեջանական գազի գնի շուրջ: Եվ ահա, գործարկելով Իրան-Հայաստան գազամուղը, Ռուսաստանը կարծես ակնարկում է Եվրամիությանը, թե արևելյան էներգակիրները Եվրոպա հասցնելու շատ ավելի էժան տարբերակ կա: Իհարկե, Հայաստանով անցնող գազամուղի տարողունակությունը մեծացնելը տնտեսապես շատ ավելի շահավետ է, քան «Նաբուկո» նոր գազատարի կառուցումը: Միևնույն ժամանակ, սա բխում է նաև Մոսկվայի շահերից. Իրանից Հայաստանի տարածքով Եվրոպա գազի հոսքը վերահսկելը հեշտ է, քան Թուրքիայով ադրբեջանական գազինը: Եթե հաջողվի համոզել Եվրամիությանը նախապատվությունը տալ Հայաստանի տարածքով գազատար անցկացնելու տարբերակին, դրանից կշահեն և° Ռուսաստանը, և° Հայաստանը: Ինչևէ. այսպես թե այնպես, համոզվում ենք, որ մեծ քաղաքականության մեջ պատահական զուգադիպություններ չեն լինում: Այս ամենից հաստատվում է նաև մեկ այլ իրողություն, այն է` Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների կենտրոնում միշտ առկա են այստեղ խաղացող երկու հզորների` Ռուսաստանի և Թուրքիայի շահերը, որոնք հաճախ չեն համընկնում: Իսկ թե որքանո՞վ է այս ամենին առնչվում Ղարաբաղյան հիմնահարցը: Որքան էլ պնդենք, թե հայ-թուրքական հարաբերությունների նորամալացումը պետք է կայանա առանց նախապայման ների, այնուամենայնիվ, մեզանից շատերի ընկալմամբ թուրքերն ու ադրբեջանցիները նույնն են: Ղարաբաղյան հակամարտության սկզբից Թուրքիան իրեն հայտարարեց Ադրբեջանի ավագ եղբայր և իրականացրեց Հայաստանի շրջափակումը: Նաև այս պատճառով է, որ ոչ փոքր թվով հայեր, թեկուզ ներքուստ, հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղի հարցը դիտում են որպես մեկ ընդհանուր խնդիր` իհարկե, համաձայնելով Հայաստանի իշխանությունների հետ, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության հարցում հանդես գա որպես միջնորդ: Այսօր Ստեփանակերտից լուրեր են հասնում, թե Ղարաբաղի քաղաքական և հասարակական շրջանակներում շարժում է սկսվում` նպատակ ունենալով հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում վերականգնելու ԵԱՀԿ` բուդապեշտյան համաժողովի սահմանած ձևաչափը, որում որպես կողմ ընդգրկված է նաև Ղարաբաղը: Ակնհայտ է, որ իրանական գազը Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա հասնելու դեպքում միջազգային քաղաքական թատերաբեմում կմեծանա մեր երկրի դերն ու նշանակությունը` բնականաբար, մեծացնելով Ղարաբաղյան հակամարտության արդարացի` հայանպաստ լուծման հնարավորությունը:

Ա. ԴՈԽՈԼՅԱՆ