Հա՞ որ...


«ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ» Արշակյան քույրերի տասներորդ տեղն զբաղեցնելուց հետո չնայած արդեն տասն օր է անցել, սակայն խորը հիասթափությունից առաջ եկած խոսակցություններն ու քննարկումները դեռևս շարունակվում են: Մի բան պարզ է. եթե համանման ֆուտբոլային մրցաշար կազմակերպվեր, ապա նույնիսկ տասներորդ տեղն զբաղեցնելու հավանականությունն անչափ փոքր կլիներ: Այլ հարց է, որ նախորդ տարիներին «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնողներին հաջողվել է շատ ավելի առաջատար դիրքեր զբաղեցնել, ինչն էլ հատկապես նախնական հավաստիացումներից հետո հանդիսատեսին հիմք էր տալիս կարծելու, թե ինքն այս անգամ էլ է հաղթական բերկրանքը վայելելու երջանիկ պահի ականատեսը լինելու: Սովորաբար ցանկացած անհաջողությունից հետո դրա պատճառը հանդիսացած թերություններն ավելի հեշտ են նկատվում: Եվ հիմա, ինչպես բոլոր նման դեպքերում, ժամանակն է արձանագրելու, որ առավելապես ժամանակակից երգարվեստը ներկայացնելուն կոչված մրցույթում, չգիտես ինչու, Արշակյան քույրերը ոչ թե նախորդ դարի, այլ շատ ավելի հին ժամանակներ հիշեցնող հանդերձանքով, ինչպես նաև արտասովոր ու անհասկանալի դիմահարդարանքով էին բեմ ելել: Սա, թերևս, ամենաճչացող ու անբացատրելի թերությունն էր… Իսկ ինչ վերաբերում է քվեարկութ յուններին, ապա գուցեև չարժե մեղավորներ փնտրել հայաշատ (և ոչ այնքան) համայնքներում, քանի որ նախ կատարմամբ պետք է փայլեինք, կամ առնվազն քվեարկողներ ապահովեինք, հետո նոր միայն ոգևորող գնահատականների սպասեինք: ԻՐԵՆՑ քարոզարշավներին ներկա գտնվողների քանակով հաճախ կարծես չեն մտահոգվում նաև Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը: Այստեղ էլ են կարծում, թե կարևորը տպավորությունն է, և, ասենք, «Օրինաց երկիրն» օրերս նախընտրական հերթական միջոցառմանը (այս անգամ հրավիրված «Մոսկվա» կինոթատրոնում) հայտարարեց, թե շուրջ 1.000 քաղաքացի է անդամագրվել իրենց կուսակցությանը: Նաև անդամատոմսեր հանձնվեցին նորընծա ղեկավարներին: Հենց սկզբից պարզ էր, որ այստեղ ինչ-որ բան այն չէ. նշված կինոթատրոնի ամենամեծ դահլիճն ընդամենը 490 մարդու կարող է տեղավորել… Մնում է ենթադրել, որ կամ քարոզարշավի թեժ պահին նորագիրների կեսից ավելին երդմնակալության արարողութ յանը չի մասնակցել, կամ էլ քաղաքական ուժերն էլ են սկսել սոցիոլոգների պես վարվել և աչքաչափով ցանկալի թվեր են հրապարակում: Իրականացել է Արշակ Սադոյանի «բիլակավորներով» ընտրատեղամասերը շուրջկալելու և այդ կերպ ընտրությունների արդարությունը վերահսկելու (՞) երազանքը: Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարել է, թե առաջիկա կիրակի յուրաքանչյուր ընտրատեղամասի շրջակայքում շուրջ 100-150 համակրի շուրջօրյա հերթապահություն է նշանակել… Թե ինչ կլինի անվերահսկելիությանը շատ մոտ նման իրավիճակում, դժվար չէ ենթադրել: Ավելի հավանական է, որ ՀԱԿ-ի ցանկություններն ու հնարավորություններն այս պարագայում նույնպես չհամընկնեն: Ախր Կոնգրեսն իսկի մատենադարանյան հավաքներում չի կարողանում 50 հազար մարդ հավաքել: Էլ ուր մնաց, թե տեղամասերի մոտ հերթապահելու պատրաստ այդքան «բիլակավորի» կարողանա հավաքել…