ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՓԱՍՏՈՒՄ Է…


Ոմանց «հաշվարկներով»` մայիսի 28-ը կարող էր էլ ավելի տոնական դառնալ հատկապես մարտի 1-ից հետո անազատության մեջ հայտնվածների, նրանց մերձավորների ու միգուցե նաև Հայ Ազգային Կոնգրեսի համար: Իսկ թե ինչ նպատակ էր հետապնդում համաներման մասին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, սատանան անգամ գլուխ չի հանի: Մի բան պարզ էր. նման անպատասխանատու պնդմանը, որքան էլ այն խորհրդարանի լրատվականի «հակընդդեմ» հայտարարությամբ երկրորդվեր` հավաստիացումներով, թե ԱԺ նախագահն ընդամենն իր բարի ցանկությունն է արտահայտել, տարատեսակ մեկնաբանությունների տարափն էր հաջորդելու: ԱԺ նախագահն ըստ երևույթին չգիտեր, որ խորհրդարանը համաներում կարող է շնորհել միայն ՀՀ նախագահի առաջարկությամբ, բայց նման առաջարկ Հ. Աբրահամյանը փաստորեն չէր ստացել: Կարճ ասած, էլ ինչ ընտրություն առանց ավելորդ ու անպատասխանատու հայտարարությունների, բազմաթիվ անհայտներով անլուծելի հավասարումների: Նույն «տրամաբանության» շրջանակներում էլ «Ժառանգությունը» հաջորդիվ որոշեց ու կանխատեսեց, թե գործող կառավարության հրաժարականին շատ քիչ ժամանակ է մնացել… Դե եթե մի բան կարելի է մեկին, ապա մյուսը, երրորդը, չորրորդը, հաջորդը ինչո՞վ են նրանից պակաս: Իսկ ընդհանուր առմամբ այս օրերին, երբ ընտրություններին արդեն հաշվելի ժամեր են մնացել, դժվար չէ կանխատեսել, որ «գործից հեռու» քաղաքական ուժերն ու գործիչներն այդչափ ակտիվ չէին լինի, մինչև անգամ ժամանակավորապես չէին էլ նկատվի, եթե ընտրարշավն իր մեղմիկ ընթացքից չշեղվելով, վերջնագծին հասնելիս չլիներ: Ինչ վերաբերում է ձերբակալվածներին, ապա` արդյո՞ք վերջիններս շահագրգռված են համաներմամբ: Չէ՞ որ նրանցից շատերն են տարբեր առիթներով հայտարարել, թե իրենք հանցանք չեն գործել, որ հիմա էլ համաներման արժանանան… Զարմանալի է, բայց մայիսի 31-ի վերաբերյալ նույնքան անհասկանալի վերաբերմունք էլ Կոնգրեսն ունի. դրսում գտնվող արմատականներն էլ հավատացած են, թե քվեների 60-70 տոկոսն արդեն իրենց գրպանում է: Մինչդեռ գոնե ՀԱԿ-ի պարագայում հետևյալ իրողությունն ակնհայտ է. այստեղ ամեն ինչ շարունակում է խարսխված մնալ Նախագահի ընտրությունների տրամադրությունների վրա: Համենայն դեպս, ավարտվող ամսվա կտրվածքով կարելի է արձանագրել, որ եթե նույն Նախագահի ընտրություններում Երևանում արձանագրված 25-30 % ցուցանիշը պահպանվի, ուրեմն պետք է փառք տալ ֆիզիկայի նման հզոր գիտության իներցիա կոչվող երևույթին` ավելի քան մեկ տարի անց քվեների նույն խմբաքանակը նույնությամբ Կոնգրեսին ընծայելու համար: Հակառակ ջախջախիչ հաղթանակ տանելու մասին մերթընդմերթ հնչող հավաստիացումներին, ամենայն հավանականությամբ` կիրակնօրյա քվեարկության ամփոփմամբ կարձանագրվի, որ ՀԱԿ-ն ընդամենը առաջատարների եռյակն է եզրափակում: Մինչդեռ գոնե քարոզարշավի մեկնարկին թվում էր, թե ընդդիմադիր ճամբարը համախմբած պահող այս միավորն, առանց լուրջ դժվարության ու մի քանի անգամ ավելի շատ տոկոսներ «վաստակելով»` հեշտությամբ վազանցելու է «Բարգավաճ Հայաստանին»: Սակայն ԲՀԿ ակտիվ և լավ կազմակերպված քարոզարշավը վիճելի դարձրեց նախնական հաշվարկները, ու հիմա ճակատագիրն ու բախտը չափից շատ պետք է ՀԱԿ-ին ժպտան, որպեսզի ինչպես Նախագահի ընտրություններում, այս անգամ նույնպես երկրորդ պատվավոր տեղը կարողանա պահպանել: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա նրա հաղթանակը սկզբից ևեթ անվիճելի է եղել, իսկ քարոզարշավն էլ իր հերթին է ամրագրել հանրապետականների հաղթանակի անխուսափելիությունը: Քվեաթերթիկում ընդգրկված քաղուժերի մեծ մասը հնարավորություն ունեցել է իր խոստումները գործի վերածել, և ընտրողն հիմա պետք է միայն նրանց կատարածով կողմնորոշվի: ՏԻՄ կառույց ներում բազմամյա աշխատանքային փորձ ունեցող ՀՀԿ-ն շահեկան վիճակում է. հանրապետականի պարագայում խոստումները գործնական հիմքերի վրա են: Հետևաբար` այս քաղաքական ուժի կողմնակիցներն իրենց քվեարկությամբ պետք է միայն վերահաստատեն ներկայում նոր թափ հավաքած բարեփոխումների հանդեպ իրենց դրական վերաբերմունքը: Քաղաքական դաշտում վերջերս իր տեղը «բարեփոխած» դաշնակցությունն է բավական անհարմար իրավիճակում հայտնվել: ՀՅԴ-ն միակ կուսակցությունն է, որ այս քվեարկության ընտրական յոթ տոկոսանոց արգելապատնեշը հաղթահարելուն մոտ է, բայցև դժվար է կանխատեսել, թե ի վերջո Դաշնակցությունը հաջողակների՞, թե՞ անհաջողակների շարքը կհամալրի: Համենայն դեպս, համապետական վերջին ընտրություններում այս քաղաքական ուժը մայրաքաղաքում քվեների շուրջ 5 տոկոսին էր արժանացել, իսկ անցնող 15 ամիսներին ժամանակը հաստատ ՀՅԴ-ի օգտին չի աշխատել… Եթե չասենք` հակառակը: Այս առումով Նախագահի ընտրություններին հաջորդած շրջանն ավելի վատ է անդրադարձել հատկապես «Օրինաց երկրի» վարկանիշի վրա, ու երբեմնի խոստումնալից և ցանկացած ընտրական արգելապատնեշ մշտապես հաղթահարող ՕԵԿ-ն այսօր գերազանցապես հավատավոր կուսակցականների հույսին է մնացել: Թեպետ, եթե հաշվի առնենք, որ ՕԵԿ կառույցների քայքայումը շատ ավելի վաղ էր սկսվել, ուրեմն այս քաղաքական ուժի հաջողության հարցում գոնե այս պահին որևէ լավատեսական կանխատեսում հնարավոր չէ անել: Ճիշտ այնպես, ինչպես Տիգրան Կարապետյանի պարագայում. այն տարբերությամբ, որ նրա գլխավորած Ժողովրդական կուսակցությանը երբևէ չի հաջողվել 1-2 տոկոսից ավելի քվեներ շահել: Ուստիև այս օրերին լիովին կարելի է հասկանալ Տ. Կարապետիչին, ով իրեն տրվելիք մեկ ձայնը մյուսների հազար քվեին համարժեք է համարում` համոզված, թե իրեն հասանելիքը տոնական, այլընտրանքային ու անկաշառ քվեներ են լինելու: Դե, իսկ ընտրությունների ամենահամեստ դերակատարը` ՀԱՍԿ-ը, ինչպես քարոզարշավի մեկնարկին, այնպես էլ քվեարկության նախօրեին միայն իր խորհրդանշական ներկայությամբ է սահմանափակվում: ՀԱՍԿ-ը նախ հայտարարել է, թե քարոզչության երկրորդ հատվածում է նախատեսում ակտիվանալ, սակայն թե այն ժամանակ, թե հիմա դիտորդի կարգավիճակից այդպես էլ դուրս չեկավ: Այնպես որ, կարելի է արձանագրել` մայրաքաղաքային ընտրություններին անուղղակիորեն մասնակցող առանձին շրջանակներ շատ ավելի ակտիվ են, քան ընտրության որոշ մասնակիցներ: