ՆԱԽՈՐԴՆԵՐԻՆ ՓՆՈՎԵԼՈՎ


Մեր ժամանակներն այնքան հոգսաշատ են, որ հասարակական ցասումը երբևէ չի ամբողջանա և չի դրսևորվի, ու, ասենք, Ոստիկանության շենքի մոտ անգամ մի քանի հարյուր մարդ չի հավաքվի` կառույցի անգործությունից դժգոհություն արտահայտելու և ոլորտի ղեկավարների հրաժարականը պահանջելու: Մեզանում մարդիկ սովորաբար այնքան են հանդուրժում, քանի դեռ տուժող լինելու հերթն իրենց չի հասել… Դե իսկ եթե ոստիկանության վերնախավին հարցնենք, ապա ինչ-որ առումով հանրությունը դեռ պետք է շնորհակալ լինի իրենց` նման դժվարին ժամանակներում լավ թե վատ աշխատելու և հնարավորության, (ա¯խ, որքա¯ն առաձգական է այս` հնարավորություն ասվածը…) սահմաններում հանցագործությունների դեմ պայքարելու համար: Եվ ինչպես նախկինում, այս համակարգում հիմա էլ են ոլորտի առողջացման ուղղությամբ իրականացվող լրջագույն ու ծանրակշիռ (՞) քայլերի մասին բավական հաճախ խոսում: Իհարկե, բոլոր նախկին ոստիկանապետերն էլ նման քարոզչության` ճոխ խոստումներ շռայլելու և ուշագրավ ծրագրեր առաջադրելու առաջամարտիկներ են եղել: Բայց նրանցից յուրաքանչյուրը, նշանակումից շատ չանցած, իր ծրագրի հրատապության մասին բարձրաձայնելով` փաստորեն ուղղակիորեն մրոտել է իր նախորդի պաշտոնավարման շրջանը: Շատ հաճախ ու մեծամասամբ պատահել է նաև այնպես, որ նոր ոստիկանապետը նախկինի պաշտոնավարման շրջանում հենց նրա տեղակալն է եղել և կամ բարձր պաշտոն է զբաղեցրել համակարգում… Իրենց ժառանգած փտած-նեխած համակարգի մասին արտահայտվելուց չեն խորշում նաև ներկայիս պաշտոնյաները` այդպես էլ չցանկանալով, ասենք, հանցագործությունները զանգվածաբար կոծկելու համար քրեական գործեր հարուցել` ներկայում էլ նույն համակարգում աշխատող ու նույն համակարգը խայտառակող պաշտոնյաների դեմ: Ասել է թե, եթե ինքնամաքրման մասին միայն ճառեր են հնչում, ուրեմն միանգամայն «տրամաբանական» է, որ բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ (այդ թվում և` սպանություններ) նիրհում են «չբացահայտվածների» գզրոցներում: Նույնիսկ` համակարգի ղեկավարների` դրանք բացահայտելու ինքնավստահ խոստումներից հետո: Վերջերս մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկում սպանված գործարարի հանդեպ ավելի շռայլ ու մեծահոգի վերաբերմունք դրսևորվեց. տարածքը ժապավենապատվեց, երթևեկութ յունը մի քանի ժամով կաթվածահար եղավ, իսկ վերջնարդյունքի` հանցագործության բացահայտման մասին ադպես էլ ոչինչ չասվեց: Եվ ինչպես բոլոր նախորդ դեպքերում, գրեթե վստահաբար կարելի է ասել, որ ոչինչ էլ չի ասվելու: Ամիսներ առաջ «գրեթե ոչինչ չասելու» շրջանակներում եզրափակվեց նաև արտաշատյան խայտառակությունը: Եվ ահա օրեր առաջ սցենարը նույնությամբ կրկնվեց. տրվելիք «գնահատա կանից» ոստիկանությունն այն ժամանակ էլ էր խուսափել: Կարելի՞ է տեղի ունեցածն «արդարացնել»` փաստարկելով, թե ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը հայրենի Արտաշատում եղած-չեղածն իր վերահսկողության տակ է միայն պատկերացնում, հակառակորդ կողմն էլ` «Հայռուսգազարդի» տեղի մասնաճյուղի տնօրենն էլ արդեն հեռացել է պաշտոնից… Սակայն ժամանակն է վերհիշելու, որ սեփական պրոֆեսիոնալիզմով հպարտացող ոստիկանությունը կողմերի առաջին բախումից հետո մի քանի պայմանական մեղավորի ձերբակալելով` չխոչընդոտեց ոմանց` Ֆրանսիայում հայտնվելու: Իսկ պայքարը շարունակելու, վրեժ լուծելու` կողմերի խոստումներից հետո, ոստիկանությունը, թերևս, միայն հաջորդ ընդհարման ստույգ ամսաթիվը պետք է դժվարանար մատնանշել: Ու որքան էլ մեծահոգաբար ներողամիտ լինենք` բավարարվելով, թե զոհեր չեն եղել, միևնույնն է` սրանք այն դեպքերը չեն, երբ հանգիստ խղճով կարելի է «Անցած լինի» ասել… Հ. Գ. Պատկերացնել կարելի է, թե հայրենի միլիցիայի համար որքան անցանկալի օր է մայիսի 31-ը: Բայց, քանի որ մայրաքաղաքային ընտրություններն այնուամենայնիվ պետք է կայանան, ուրեմն մնում է ապավինել քաղաքական ուժերի ողջամտությանը` հույսով, թե քվեարկության օրը նրանք զերծ կմնան անցանկալի բախումներից: