Նորահայտ արքայադուստրը


 

Հին զվարճախոսություն կար, որը խորիմաստ խորհուրդ էր հայրերին. նույնիսկ անծանոթ երեխա տեսնելիս` շոյիր նրան ու քաղցրավենիք հյուրասիրիր. ի˜նչ իմանաս, նա գուցե հենց քո զավակն է:

Շաբաթ օրը նմանատիպ մի սենսացիա են հրապարակել իսպանացի լրատվամիջոցները. երկրի թագավոր Խուան Կառլոս Առաջինը հավանաբար ապօրինածին դուստր ունի Բելգիայում: Ապօրինածին երեխաներ, իհարկե, չեն լինում, բայց արտաամուսնական կապից ծնվող ժառանգներն էլ անակնկալ չպետք է լինեն հայրերի համար: Մանավանդ` որ նույն հայրը տարբեր մայրերից զավակներ կարող է ունենալ. իսկ մոլորակը շա˜տ կլոր է...

Իսպանիո արքան անտեղյակ է եղել: Ու ոչ միայն բելգիուհի մորից ծնված Ինգրիդի պարագայում:

Ինչպես հավաստիացրել են ամենատես լրատվամիջոցները` Ինգրիդի մայրն ու Խուան Կառլոսը սիրային կապ են ունեցել սերերի երկիր Ֆրանսիայում, ուր կինը նշանավոր մի ընտանիքի տնային դաստիարակչուհի է եղել (տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն):

- Տասնամյակներ հետո հեռուստացույցով տեսնելով Իսպանիայի թագավորին, Ինգրիդի մայրը բացականչել է` «Այս մարդը քո հա´յրն է»:

Այս պատմության արտառոցությունն այն է, որ ճակատագիրն Ինգրիդ Սարտյոյին կապել է բարսելոնացի Ալբերտ Սոլայի հետ, ով ևս համոզված է, որ Խուան Կառլոսի ապօրինի որդին է: (Նման դեպքերում երևի ճիշտ է ասել, որ հայրն է ապօրինի): Ալբերտի այդ համոզմունքը 91 %-ով հաստատվել է լաբորատոր անալիզի արդյունքում:

Ալբերտ Սոլան հիմա մտադիր է թագավոր հորից պահանջել «հայրությունը հաստատող թեստ անցկացնել»:

Թե ինչպես կվարվի Ինգրիդը հոր և հոր որդու հետ` առայժմ հայտնի չէ: Բայց Իսպանիայի թագավորը վաղուց ի վեր ճանաչված է իր սիրային արկածներով: Պաշտոնապես Խուան Կառլոսն ու թագուհի Սոֆյան 3 երեխա ունեն` արքայադուստրեր Ելենան ու Քրիստինան, արքայազն Ֆելիպեն: