Բացահայտում` հուղարկավորությունից հետո


 

Հերթական դաժան դեպքը վերջերս արձանագրվել է Հանրապետության խաղաղ անկյուններից մեկում` Ջերմուկ քաղաքում: Նախաքննությունը դեռ կպարզի այս սահմռկեցուցիչ պատմության մանրամասները: Իրավապահներն առավել քան համոզված են, որ մոտ առաջիկայում կհայտնաբերվի և իր արժանի պատիժը կստանա նաև ծանր հանցագործությունը հեղինակողը, ով, ամենայն հավանականությամբ, տան անցուդարձին լավատեղյակ մեկն է եղել, կամ էլ գործել է տեղյակ մարդու ուղղորդմամբ: Իսկ մինչ այդ...

Ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իր բնակարանում հանկարծամահ է եղել 76-ամյա Արփիկ Ե.-ն և արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Կնոջը հուղարկավորել էին: Եվ նրա երկրային կյանքի պատմությունն այդպես էլ անաղմուկ կանցներ պատմության գիրկը, եթե հուղարկավորությունից մի քանի օր անց որդին քայլերը չուղղեր ոստիկանություն. մոր տնից, ընդհանուր հաշվով, անհետացել էին 15 միլիոն դրամի արժեքներ` 1.000 եվրո, 15.000 ՌԴ ռուբլի, 500 գրամ ոսկյա զարդեր, «Նոկիա» և «Սամսունգ» բջջային հեռախոսներ և բնակարանի ու երկաթյա պահարանի բանալիները:

Անհայտ անձի կողմից կնոջը ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու և նրա բնակարանից առանձնապես խոշոր չափերի հասնող նյութական արժեքների հափշտակություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: